ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՅԱԿԸ

Բաքվի խանութների ցուցասրահներում կարելի է գտնել հայկական արտադրության ապրանքներ:

Ադրբեջանական «Day.az» ինտերնետային լրատվական հանգույցի տեղեկությամբ` Բավքի շուկաներում կրկին հայտնվել են հայկական արտադրության ապրանքներ: Ցանցային լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Բաքվում «ազատ կարելի է գնել «Արարատ» կոնյակ, «Ջերմուկ» հանքային ջուր, «Սիգարոն» հայկական ծխախոտներ եւ այլ ապրանքներ»: Աղբյուրը նշում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ պաշտոնական առեւտրային հարաբերությունները երբեք էլ չեն դադարել»: Միաժամանակ շեշտում է, որ պետական կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն հայկական ապրանքի ներմուծումը:
PanARMENIAN.Net - «Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքների հակառակորդների տրամաբանությունը հետեւյալն է. տվյալ ապրանքի գնորդը նպաստում է Հայաստանի բյուջեի մեծացմանը, որից էլ ֆինանսավորվում է բանակը, ում հետ գուցեեւ ստիպված լինեն պատերազմել: Սակայան Ադրբեջանի գործարար աշխարհին նման փաստարկները չեն անհանգստացնում: Հանրապետություն ներմուծվող հայկական ապրանքների հոսքը շարունակում է աճել: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով ստվերային ապրանքաշրջանառությունը հասնում է 40 միլիոն դոլարի: Բացի նշված ապրանքներից Բաքվի խանութներում կարելի է գտնել նաեւ Սեւանի ապխտած սիգ, Վարդենիսի կարտոֆիլ, երեւանյան կոշիկ, վանաձորյան քիմիկատներ: Ժամանակին մեծ տարածում ունեին «Գրանդ Սան» հայկական ընկերության արտադրած էլեկտրական լուսատուները: Չխոսենք այն մասին, որ Բաքվում հազվադեպ են այն հարսանիքները, որտեղ չհնչեն նախկին Բաքվաբնակ հայ Բոկայի երաժշտությունը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ Բաքու է ուղարկում սեփական ձայնագրությունների աուդիո եւ կոմպակտ սկավառակները:

Ադրբեջանում առավել պահանջարկ ունեն հայկական ոսկերչական ապրանքները: «Էխո» թերթի տվյալներով, Բաքվի բոլոր տոնավաճառներում եւ մասնագիտացված խանութներում ազատ վաճառվում է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը: Այդ մասին է վկայում արտադրանքի վրա դաջված «ԵՈ7» կոդը: Վերջերս տեղի ներմուծողները հանդես եկան սենսացիոն հայտարարությամբ: Նրանց կարծիքով Բաքվում այդ կոդով վաճառվող ոչ բոլոր ապրանքներն են արտադրված Երեւանում: Մասնավորապես, Բաքվում հայտնի ներմուծող-գնահատող Էմին ֆատուլլաեւը կարծում է, որ իրականում դրանց մի մասը ներքին կարգով արտադրված է Ադրբեջանում, իսկ հայկական պիտակը դրվում է ապրանքի առավել լավ վաճառքի համար: Ստացվում է, Ադրբեջանում հայկական ապրանքի որակին ավելի շատ են վստահում, քան սեփականին:

Քիչ չեն նաեւ ադրբեջանական ապրանքները հայկական շուկայում: Վրաստանից եւ Իրանից Երեւան են ներմուծվում հարեւան երկրում արտադրված նավթապարանք, թեյ, օդափոխիչներ, կարմիր ձուկ, սեւ եւ կարմիր ձկնկիթ, մրգեր եւ չրեր: Անցայլ տարի, երբ Հայաստանում բարձրացան հացահատիկի գները, տեղի շուկայում հայտնվեցին ալյուրի 50 կիլոգրամանոց պարկեր, որոնք արտադրվել էին Գյանջայի եւ Շամխորի ալրաղացներում: Ժամանակին Երեւանում կարելի էր գտնել «Ազերի կիզի» (ադրբեջանցի աղջնակ) կոնֆետները: Սակայն ամենազարմանալին այն է, որ 8 տարի առաջ այստեղ ներմուծվում էր նույնիսկ «Սումգայիթ» լվացքի փոշին: Այսպիսով, ակնհայտ է, որ հայ պրագմատիկ գործարարաները նույնպես հավատարիմ են «բիզնեսը սահմաններ չի ճանաչում» կարգախոսին:

Սակայն Բաքվում այս թեմային առավել հիվանդագին են վերաբերվում, քան Երեւանում: Հարկային նախարարությունը մաքսային կոմիտեի հետ համատեղ ստուգումներ է անցկացրել առեւտակետերում` հայկական ապրանքը գտնելու եւ դրանց վաճառքով զբաղվողներին պատժելու նպատակով: Ընդ որում, դատապարտելի են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում հայերին պատկանող ընկերություններում արտադրված ապրանքները: Երբեմն դա աբսուրդի է հասնում: Այդպես հարկայինները երկար ժամանակ հպարտանում էին, որ կանխել էին Մուրմանսկում արտադրված ձկան պահածոների մուտքը հանրապետություն, որոնց վրա գրված էր` Արտադրող` «Արարատ» ԲԲԸ: Իրավապահները բռնագրավել էին նաեւ «Դադլիս Մ» մոսկովյան ընկերության արտադրած ձեռքի ժամացույցները, քանի որ պարզվել էր, որ ընկերության համաղեկավարը ոմն Շիրինյան էր:

Ճիշտ է, նման պատժամիջոցները դեռեւս բան չեն փոխում: Առավել եւս, ըստ էության, դրանք անօրինական են: Հայկական ներմուծման դեմ պայքարն իրավական դաշտ բերելու փորձեր վաղուցվանից են արվում: Մեկ տարի առաջ, հետեւելով ազատ սպառողների Միության կոչերին, խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը սկսեց մշակել Հայաստանում արտադրված ապրանքների առեւտրով զբաղվողների դեմ քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Համաձայն նախագծի` օրինախախտները պետք է ենթարկեին 5500 մանաթի(1000 դոլար) տուգանքի, կամ 6-ից 12 ամիս ազատազրկման: Այն ժամանակ օրինագիծը չանցավ նույնիակ առաջին ընթերցմամբ, այն մնաց խորհրդարանական հանձնախմբերից մեկում: Սակայն այժմ հակահայկական քարոզչության նախաձեռնողները կրկին պատրաստվում են միլի մեջլիսում բարձրացնել հայկական արտադրանքի ներմուծումն արգելող օրենքի ընդունման հարցը:

Աստծո Սիրուն, թող ընդունեն օրենքը: Դրանից ամենեւին էլ Հայաստանը չի տուժի, այլ առաջին հերթին` Ադրբեջանը: Բանը նույնիսկ այն չէ, որ հայկական ոչ այնքան թանկ կոշիկների փոխարեն սպառողը ստիպված կլինի գնել թուրքական արտադրության կասկածելի ապրանքը: Հետեւանքներն առավել լուրջ կարող են լինել, քանի որ Ադրբեջանը ձգտում է անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: (Ի դեպ, Հայաստանը վաղուցվանից է անդամակցում միջազգային այս կառույցին): Եթե ադրբեջանցի օրենսդիրները, ի տարբերություն գործարարաների, այդքան շատ են խորշում հայկական ապրանքներից, ապա նրանք մեկընդմիշտ պետք է հրաժարվեն ԱՀԿ-ին անդամակցելու մտքից: Այդ կազմակերպությունը, որ ձգտում է ստեղծել միասնական շուկա, առեւտրի մեջ չի ընդունում ոչ մի տեսակի սահմանափակումներ: Եվ նման սահմանափակումներ թույլատրող երկրները կազմակերպության կողմից ենթարկվում են կոշտ տնտեսական պատժամիջոցների:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---