ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն եւս մեկ քայլ է միջազգային ճանաչման ճանապարհին

Ըստ ԽՍՀՄ Սահմանադրության, ինքնավար հանրապետությունները եւ մարզերն ունեին նույն իրավունքները, ինչ 15 «հիմնական» հանրապետությունները

ԼՂՀ Սահմանադրության գծով հանրաքվեն, ինչպես եւ ակնկալվում էր, ստացավ Լեռնային Ղարաբաղի բնակչության գրեթե միահամուռ հավանությունը: Համաշխարհային հանրության արձագանքը նույնպես սպասելի էր` ոչ ոք չճանաչեց հանրաքվեի արդյունքները, սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ վերջացրած ԵՄ եւ ԵԽ ղեկավարներով: Ընդհանուր խմբում չկար գուցե միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, փոխարենը առկա են ՎՈՒԱՄ երկրները:
PanARMENIAN.Net - Այդ կազմակերպությունը դեռեւս հանրաքվեից առաջ շտապել էր հայտարարել, որ «հանրաքվեի անցկացումը Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրության, միջազգային նորմերի եւ սկզբունքների խախտում է, ուստի եւ չի ունենա ոչ մի իրավական նշանակություն եւ նրա արդյունքները անվավեր կհամարվեն»: Մինչդեռ, ավելորդ չէ հիշեցնել, որ ըստ ԽՍՀՄ Սահմանադրության, ինքնավար հանրապետությունները եւ մարզերն ունեին նույն իրավունքները, ինչ եւ 15 «հիմնական» հանրապետությունները: Այսինքն եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, եւ Հարավ-Օսական մարզը, առավել եւս Աջարիան եւ Աբխազիան, որոնք եղել են ինքնավար հանրապետություններ, ինքնորոշման իրավունք ունեն, չխախտելով նույն տարածքային ամբողջականության սկզբունքը: Եվ, հետեւաբար, իրավունք ունեին եւ ունեն անցկացնել հանրաքվեներ եւ ընտրություններ: ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, Սահմանադրության հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում, առաջին հերթին, ուղղված էր համաշխարհային հանրությանը: «Եվ, ԱՄՆ-ն, եւ ԵՄ-ն շատ են խոսում ժողովրդավարացման` որպես սառեցված հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւոր գործոնի մասին: ԼՂՀ-ն ցուցադրեց իր հավատարմությունն այդ մոտեցմանը»,-ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է ՎՈՒԱՄ-ին, ապա վերջերս նրանք գործում են «գողի վրա գլխարկն այրվում է» սկզբունքով, որն այնքան էլ հաջող չէ ռազմավարական առումով: Միջազգային հանրությունը, եւ նրանք դա հիանալի գիտեն, ճանաչում է միայն ուժեղ պետություններին, որոնք ոչինչից չեն բողոքում եւ ոչինչ չեն խնդրում: Սա այն դեպքում, եթե նրանք նավթ չունեն: Իսկ եթե ունեն, դա արդեն այլ խոսակցություն է: ԼՂՀ-ն, փառք աստծո, նավթ չունի, եւ ուստի թող անի այն, ինչ ուզում է (տրամաբանական սահմաններում): Իսկ Ադրբեջանին միշտ կարելի է սանձել, սպառնալով պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիեւի ակնհայտորեն ավտորիտար ռեժիմի դեմ, որն իր ժողովրդին կերակրում է «հեքիաթային նավթային եկամուտների» մասին հեքիաթներով, իսկ իրականում ամեն ինչ դնում է իր կլանի գրպանը: Սակայն դրանք մանրուքներ են: Այնուհետեւ ՎՈՒԱՄ երկրների հայտարարություններում կա եւս մեկ շատ հետաքրքիր պահ, որը կրկնեցին բոլոր նրանք, ովքեր «չեն ճանաչել արդյունքները»` «Հանրաքվեն խախտում է շարունակվող խաղաղ գործընթացը եւ անց է կացվում տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով եւ մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը: Այդ գործողությունը հակասում է միջազգայնորեն ճանաչված չափանիշներին եւ ժողովրդավարության արժեքներին, օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքներին: Ցանկացած սահմանադրական փաստաթուղթ, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնակառավարում, կարող է մշակվել իրավական, ժողովրդավարական եւ խաղաղ գործընթացի շրջանակներում` ադրբեջանական եւ հայ համայնքներից կազմված տարածաշրջանի ամբողջ բնակչության լիիրավ, հավասար եւ անմիջական մասնակցությամբ»:

Հատկապես հուզիչ է ԼՂՀ հանրաքվեին ադրբեջանական համայնքի մասնակցության մասին վերջին պարբերությունը: Թող գան, քվեարկեն, ով նրանց թույլ չի տալիս: Ուղղակի հետաքրքիր է, թե ինչու 2-3 գյուղերի բնակչությունը պետք է իր կամքը թելադրի բնակչության 95 տոկոսին: Կամ գուցե՞ ադրբեջանական իշխանությունները անվտանգության գոտին եւս համարում են ԼՂՀ տարածք: Այդ դեպքում, հարց չկա, իրենք են ճանաչել, ուրեմն, այդ տարածքները հարկ չկա վերադարձնել:

Ընդհանրապես հայտարարության տեքստը ինչ-որ հարազատ բան է հիշեցնում` այն գրված է ԽՄԿԿ ԿԿ ոգով, երբ այն գլխավորում էին Բրեժնեւն ու Ալիեւ-ավագը: Ոճն է չափազանց կուսակցական` «ժողովրդավարական» թեքումով, ինչպես այն հասկանում են ՎՈՒԱՄ երկրները, առաջին հերթին, Ադրբեջանը: Այդ հայտարարության ճակատագիրն էլ նույնն է լինելու, ինչ կուսակցականներինը` հրապարակեցին եւ մոռացան: Առավել եւս, որ «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների» քննարկումը ՄԱԿ-ում հետաձգվել է մեկ տարով: Նման կազմակերպության համար մեկ տարին մեծ ժամկետ է եւ կարելի է համարել, որ բանաձեւն ուղղակի «սառեցվել է»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---