Ընտրությունները չճանաչված հանրապետություններում ավելի ժողովրդավարական են անցնում, քան ինքնավար երկրներում

ԽՍՀՄ հիմնադրման ժամանակ տեղադրված դանդաղ գործողության ականը դեռ երկար ժամանակ իր դերը կխաղա

Պատմությունը կրկնվում է. Մերձդնեստր, ԼՂՀ, այժմ Աբխազիա: Իրենց ճակատագիրն ինքնուրույն լուծելու չճանաչված հանրապետությունների ցանկությունը հերթական անգամ հանդիպում է միջազգային հանրության դիմակայությանը, եւ Աբխազիայում անցած խորհրդարանական ընտրությունները դարձել են դրա հաստատումը: «Հետպատերազմյան շրջանում Աբխազիայում անցկացված բոլոր ընտրությունները վկայում են դեպի ժողովրդավարություն եւ իրավական պետություն ուղղված անխախտելի կուրսի մասին»,- ասել է նախագահ Սերգեյ Բագափշը ընտրատեղամասում քվեարկելուց հետո:
PanARMENIAN.Net - «Մենք ունենք անկախ, ժողովրդավարական պետությանը հատուկ բոլոր տարրերը. այսինքն` ընդդիմություն, անկախ ԶԼՄ-ներ, այլընտրանքային ընտրություններ»,- ընդգծել է նախագահը: Անմիջապես հաջորդեցին Եվրամիության եւ ԱՄՆ-ի հայտարարությունները: Չլռեց նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով հայտարարեց, որ «այս անօրինությունը օրինականացնելու փորձը չպետք է ճանաչվի ոչ Վրաստանի, ոչ էլ միջազգային հանրության կողմից»: Դե, Վրաստանի հետ ամեն բան պարզ է. նա, փաստորեն, դե-յուրե արդեն կորցրել է Աբխազիան եւ Հարավային Օսիան, ինչպես Ադրբեջանը` Լեռնային Ղարաբաղը, Մոլդովան` Մերձդնեստրը: Որքան էլ զարմանալի է, բայց ընտրությունները չճանաչված հանրապետություններում ավելի ժողովրդավարական են անցնում, քան ինքնավար երկրներում: Տարբերությունը, երեւի թե, նրանում է, որ տվյալ կոնկրետ դեպքում ԼՂՀ-ի, Աբխազիայի, Մերձդնեստրի բնակչությունն ինքն է որոշում` ինչպես ապրել, այն դեպքում, երբ Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան այլ օրենքներով են խաղում, որոնք աշխարհում ընդունված չեն, սակայն որի վրա իր աչքերը փակում է միջազգային հանրությունը: Գործն այստեղ Եվրամիության հատուկ սիրո մեջ չէ Իլհամ Ալիեւի եւ Միխայիլ Սահակաշվիլիի հանդեպ, եւ նույնիսկ էներգակիրների եւ ռազմակայանների մեջ: Գործը տարածաշրջանի կայունության մեջ է: Եւ, ցավոք սրտի, հենց այդ նախագահները կարող են ապահովել հանգիստը Հարավային Կովկասի երկու, բոլոր տեսանկյուններից ամենախնդրահարույց երկրներում: Ամենագլխավոր խնդիրը էթնիկականն է, եւ այդ տեսանկյունից բնակչության խմբերի ինքնուրույն ապրելու ցանկությունը կարող է շղթայական ռեակցիայի հանգեցնել Ադրբեջանում եւ Վրաստանում: Դա հատկապես վտանգավոր է Ադրբեջանի համար, որտեղ մի քանի խոշոր էթնիկ խմբեր են ապրում, որոնք խորհրդային շրջանում գրանցվել են` որպես ադրբեջանցիներ. թաթերը, լեզգինները, ուդինները: Նույնը Վրաստանում: Եթե հանկարծ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ-ի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի անկախությունը, ապա Հարավային Կովկասի ապագան չափազանց խնդրահարույց է երեւում:

«Միջազգային հանրությունը, վերջնական արդյունքում, պետք է հասկանա, որ Աբխազիան ոչ թե պարզապես խոսում է ժողովրդավարական արժեքների մասին, այլ հետեւում է դրանց»,- վստահ է Սերգեյ Բագափշը: Միեւնույն ժամանակ, Աբխազիայի իշխանությունները Վրաստանի համաձայնությանը չեն սպասում, այլ շարունակում են հույս դնել հանրապետության միջազգային ճանաչման վրա: «Նույնիսկ ամենալայն ինքնավարությունն արդեն անցած քայլ է, - հայտարարել է չճանաչված հանրապետության Անվտանգության խորհրդի քարտողար Ստանիսլավ Լակոբան: - Այլ մոտեցումներ են անհրաժեշտ, քաղաքական բնույթ»:

Նշենք, որ նախագահ Սահակաշվիլին բազմաթիվ անգամներ ասել է, որ մտադիր է Աբխազիան եւ հարավային Օսիան իր իշխանության տակ վերադարձնել: Աբխազիայում այդ գաղափարները լրջորեն չեն ընկալվում: Ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի մասին:

Ինչ վերաբերում է Եվրամիության հայտարարությանը, ապա դրանում, մեծ հաշվով բացի «Վրաստանի տարածքային ամբողջականության լրիվ պաշտպանությունից» ոչինչ չկար: Եվրոպայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ «ընտրությունները Վրաստանի այդ շրջանում կարող են ճանաչվել միայն այն բանից հետո, երբ բոլոր գաղթականները իրենց տները անվտանգ վերադառնելու իրավունք ստանան»: Եվրամիության հայտարարությունը պաշտպանեցին նաեւ ԵՄ թեկնածու-երկրները` Թուրքիան, Խորվատիան եւ Մակեդոնիան, ինչպես նաեւ այլ եվրոպական երկրները, այդ թվում Ալբանիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, Սերբիան, Ուկրաինան եւ Մոլդավիան:

Եվրամիության դիրքորոշումը կարելի է հասկանալ. նա իր խնդիրներն ունի` ի դեմս բասկերի, Դուբլինի իրլանդացիների, Բելգիայի ֆրանկոֆոնների, որոնք եւս դեմ չեն անջատվել: Այդ ամենը չափազնաց շատ է հիշեցնում Մոսկվայի վարվելաձեւը ղարաբաղյան իրադարձությունների սկզբում. շղթայական ռեակցիայի վախը: Սակայն ամենից ուսուցողականը այն է, որ, չնայած բոլոր կանխիչ միջոցներին, ԽՍՀՄ-ը, այնուամենայնիվ, բաժանվեց բազմաթիվ պետությունների, որոնք, իրենց հերթին, եւս բաշխվում են: ԽՍՀՄ հիմնադրման ժամանակ տեղադրված դանդաղ գործողության ականը, երբ ուժային որոշումներով փոխվում էին պետությունների սահմանները, դեռ երկար ժամանակ իր դերը կխաղա, քանի դեռ նույն Վրաստանը եւ Ադրբեջանը չհանգեն նրան, որ իրենց երկրների տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում վերջին ատյանի ճշմարտություն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---