Այն երկիրը, որը խաչ չի դնում քրիստոնեական եկեղեցու վրա, Եվրոպայում անելիք չունի

Թուրքիան այդպես էլ չկարողացավ իրեն իսկապես հանդուրժող եւ ժողովրդավարական պետություն ցույց տալ համաշխարհային հանրության աչքերում

Եվրամիությունը մասնակիորեն վերսկսել է բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները կվերաբերվեն բիզնեսին եւ արդյունաբերությանն առնչվող հարցերին: Բանակցությունների վերսկսման հավանականությունը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Նրա խոսքերով, բանակցություններին կմասնակցի Եվրամիության հետ Անկարայի գլխավոր բանակցող պետնախարար Ալի Բաբաջանը:
PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ բանակցությունները սառեցվել էին անցյալ տարվա դեկտեմբերին: Պաշտոնական Անկարան միանգամայն ուրախ է բանակցությունների վերսկսման համար, քանի որ ԵՄ որոշումը կարող է որոշ չափով բարձրացնել Թուրքիայի միջազգային վարկանիշը, որն այդպես էլ չկարողացավ ցույց տալ իրեն համաշխարհային հանրության աչքերում որպես իսկապես հանդուրժող եւ ժողովրդավարական պետություն: Դրա վկայությունն են հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բացումը Աղթամար կղզում, թուրքական ԶՈՒ-ի ներխուժումը Հյուսիսային Իրաք Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի պատրվակով եւ, վերջապես, Անկարայի համառությունը Կիպրոսի համար նավահանգիստներն ու օդակայանները բացելու հարցում: Ինչպես հայտնի է, հենց Մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրությունը չկատարելու համար էր, որ բանակցությունները Թուրքիայի հետ ընդհատվեցին:

Սակայն բանը միայն դա չէ: Թուրքական ազգայնականությունը, որը բանակցություններում դեռեւս լռության է մատնվում, դառնում է եւս մեկ խոչընդոտ «եվրոպական ընտանիքի» լիիրավ անդամ դառնալու համար: «Թըրքիշ փոսթ» թերթը գրում է. «Ամեն առավոտ պարապմունքներից առաջ դպրոցական համազգեստ հագած երեխաները շարվում են դպրոցական բակում Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի առջեւ եւ ասում են. «Երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»: «Ռոյթերսի» թղթակցի կարծիքով, Հրանտ Դինքի սպանությունից ի վեր թուրք հասարակության մեծ մասը դա որպես սպառնալիք է դիտում երկրի զարգացման համար: Եվ հավանաբար իրավացի են Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ' Էստենը եւ Ելիսեյան պալատի աթոռի թեկնածու Նիկոլյա Սարկոզին, որոնք պնդում են, որ Թուրքիան անելիք չունի Եվրամիությունում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկիրն այժմ նախագահում է ԵՄ-ում, ավելի վաղ բազմիցս հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության դեմ: Նա գտնում է, որ Անկարայի հանդեպ պետք է կիրառվի «արտոնյալ գործընկերության» բանաձեւը, ինչին կտրականապես համաձայն չէ թուրքական կողմը:

Այդ դիրքորոշումը հաստատում է նաեւ այն, որ Անկարան հրավիրված չէր Բեռլինում կայացած ԵՄ գագաթնաժողովին: Թուրքիան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային, քանի որ Բեռլինը չէր հրավիրել նրան Եվրամիության հոբելյանական գագաթնաժողովին, նվիրված Հռոմեական համաձայնության 50-ամյակի ստորագրմանը, որը սկիզբ դրեց ԵՄ ստեղծմանը: «Եթե Գերմանիան բեռլինյան հանդիպմանը հրավիրեր թեկնածու երկրներին, դա կարող էր կարեւոր իրադարձություն դառնալ եվրոպական ընտանիքի միասնության ցուցադրման տեսակետից»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Ճիշտ է, հետո հաջորդեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ոչ հստակ հայտարարություններն այն մասին, թե նրանք «միեւնույն է մեկնելու էին Բեռլին ապրիլին, եւ գագաթնաժողովի հրավերի բացակայությունը ոչինչ չփոխեց»:

Այնուամենայնիվ, բանակցությունները կարող են դադարեցվել ցանկացած պահի, եթե Թուրքիան կրկին հրաժարվի պարտավորությունների կատարումից ոչ միայն Կիպրոսի մասով, այլ նաեւ դատական համակարգի բարեփոխումների, մասնավորապես, տխրահռչակ 301-րդ հոդվածի վերանայման հարցով: Կա եւս մեկ «բայց»` հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Ինչպես հայտնի է, հենց ԱՄՆ-ն է պնդում, որ Թուրքիան պետք է անպայման անդամակցի ԵՄ-ին, սակայն որոշ փոփոխություններն Ամերիկայի ներքին քաղաքականության մեջ կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի վրա: Առաջին հերթին, դա վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւին եւ Ջորջ Բուշի վարչակազմի բարդ վիճակին` Իրանի հարցի սրման կապակցությամբ: Այդ տեսակետից նրանք, ով համարում է, որ 10 տարի անց Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին, չափազանց մեծ լավատեսներ են: Այն երկիրը, որը խաչ չի դնում քրիստոնեական եկեղեցու վրա, Եվրոպայում անելիք չունի
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---