Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սպառնում է վետոյով Կոսովոյի հարցում

Մի շարք ամերիկացի օրենսդիրներ անհանգստություն են հայտնել այն կապակցությամբ, որ Կոսովոյին անկախության տրամադրումը վտանգավոր նախադեպ կստեղծի այլ տարածաշրջանների համար

Ամենայն հավանականությամբ, Կոսովոյի հակամարտության կարգավորումը մոտ է: «Ախտիսաարիի ծրագիրը» արդեն ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանությունը: Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես եւ սպասվում էր, դեմ են: Ճիշտ է, Չինաստանը կարող է եւ չկիրառել վետոյի իրավունքը, սակայն Ռուսաստանի դիրքորոշումը դեռ անփոփոխ է մնում: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նորից ընդգծել է, որ Մոսկվան պնդում է Ախտիսաարիի ծրագրի այլընտրանքային տարբերակի որոնման վրա` միեւնույն ժամանակ ընդունելով, որ այլ ծրագիր պարզապես չկա:
PanARMENIAN.Net - Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այլ երկրների հետ համատեղ ծրագրում են ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել մի բանաձեւ, որը թույլ է տալիս Կոսովոյի ժամանակով կառավարությանը անկախություն հռչակել: «Առաջիկա շաբաթներին եւ ամսիներին մենք պետք է արագ գործենք, որպեսզի գործն ավարտին հասցնենք եւ Կոսովոյին բերենք անկախության»,- ասել է Բերնսը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների կոմիտեում: Բերնսը գրավում է պետաքրտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը` Պետդեպարտամենտում կարեւորությամբ երրորդ պաշտոնը:

Մի շարք ամերիկացի օրենսդիրներ անհանգստություն են հայտնել այն կապակցությամբ, որ Կոսովոյին անկախության տրամադրումը վտանգավոր նախադեպ կստեղծի առանձնանալու ձգտում ունեցող այլ տարածաշրջանների համար: Անկախությանը կտրականապես դեմ են Սերբիան եւ Կոսովոյի սերբերը: Անհանգստություն է հայտնել նաեւ Ռուսաստանը, ով Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի:

«Իմ կարծիքով, արտաքին ստիպողական որոշումը, եթե կողմերը համաձայնության չեն եկել, կհանգեցնի իրական ռազմական խնդրի»,- Բերնսին զգուշացրել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի նահանգի դեմոկրատ Հովարդ Բերմանը:

«Այդ բանաձեւը փաստորեն Կոսովոյին անկախություն է տրամադրելու»,- բացատրել է Բերնսը, հավելելով, որ միջազգային իրավունքի համաձայն, Միավորված Ազգերի Կազմակերպությունը, ԱՄՆ-ի կարծիքով, իրավունք չունի անկախ պետություն ստեղծելու: «Մենք գտնում ենք, որ բանաձեւի ընդունումից հետո... Կոսովոյի առաջնորդները կհռչակեն իրենց անկախությունը,- հայտարարել է Բերնսը: - Ապա Միացյալ Նահանգները կճանաչեն այդ անկախությունը»: Բերնսի խոսքերով, ԱՄՆ-ի նպատակն է «Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացը հաջող ավարտին հասցնել մինչ այս գարնան վերջ»:

Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Թոմ Լանտոսը` դեմոկրատ Կալիֆորնիա նահանգից, հայտարարել է, որ Կոսովոյի հարցով առաջարկը Ախտիսաարին, ինչպես երեւում է, «ձեւակերպել է իմաստությամբ եւ համբերությամբ»: «Իհարկե, այդ որոշումը կատարյալ չէ,- ասել է Լանտոսը: Ես որեւէ այլ բան կնախընտրեի: Սակայն կարգավորման ավելի լավ տարբերակ չի երեւում: Այլեւս սպասելու ժամանակ չկա»:

Իր հերթին, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը նորից հայտարարել է, որ Բելգրադը չի ընդունի Կոսովոյի անկախության որեւէ ձեւ: Բացի այդ, նախագահն ընդգծել է, որ շրջանի ապագա կարգավիճակի հարցը չի կարելի կապել ԵՄ-ին Սերբիայի անդամակցության հետ: Եթե հաշվի առնենք, որ Ախտիսաարիի ծրագիրը պաշտպանում է նաեւ ԵՄ-ն, ապա արժէ նշել, որ Սերբիան վերջինիս հետ բարդ հարաբերություններ ունի: Բացի այդ, Կոսովոյում 2 միլիոն ալբանցի է բնակվում, տարածաշրջանի գաղթականներն ապրում են Եվրոպայում, եւ միայն դա ադրեն գլխացավ է եվրոպացիների համար:

Վերլուծաբաննեը գտնում են, որ Կոսվոյին անկախության տրամադրումը կարող է նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար, հատկապես ԱՊՀ տարածքում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու հարցում: «Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում, մեխանիկորեն մեծանում է Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու պատճառաբանությունը: Սակայն միջազգային հանրությունը դեռ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրել, դա մեկ կամ մոտ երեք տարվա գործընթաց է: Այո, ֆորմալ առումով բոլորը խոսում են տարածքային ամբողջականության մասին, սակայն ես կարծում եմ, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը հակամարտությունների կարգավորման դեպքում կլինի գլխավորը»,- գտնում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգ մշտական եւ տասն ընտրովի անդամ ունի: Անվտանգության Խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել են 15 անդամներից 9: Սակայն հինգ մշտական անդամներ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից որեւէ մեկը կարող է վետո դնել որոշման ընդունման վրա: Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դիվանագիտական ջանքերը ուղղված կլինեն նրան, որ համոզեն Ռուսաստանին վետո չդնել Կոսվոյի հարցով բանաձեւի դեպքում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---