Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման հարցում, Բաքվի համաձայնությունը ոչ ոք չի հարցնի

ԱՄՆ-ին արված Ռուսաստանի առաջարկը ՀՀՊ-ի վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական ոգով լուծել անվտանգության խնդիրները Ամերիկայի եւ Եվրոպայի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ԱՄՆ-ի հետ միասին օգտվել Գաբալայի ՌԼԿ-ից, ՀՀՊ-ն Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայելու փոխարեն, պայթած ռումբի արդյունք ունեցավ: Ադրբեջանում արդեն սկսեցին քննարկել, համաձայնվել Պուտինի այս առաջարկին թե ոչ, մինչեւ որ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Associated Press գործակալությանը չհայտարարեց, որ դեռեւս անհրաժեշտ է պարզել, թե որքանով է Ադրբեջանը կարեւոր ԱՄՆ-ի համար հակահրթիռային պաշտպանության տեսակետից:
PanARMENIAN.Net - Այլ կերպ ասած, եթե մեծ տերությունները պայմանավորվեն համատեղ օգտագործման մասին, Բաքվի համաձայնությունը ոչ ոք չի հարցնի: Նշենք նաեւ, որ Ադրբեջանում կարծիք կա, թե Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից Ռուսաստանը տեխնիկական հետախուզում է վարում Թուրքիայի հանդեպ, ինչը շատ է անհանգստացնում Բաքվին: Սակայն ՌԼԿ-ի օգնությամբ կարելի է հետեւել Իրանին, իսկ դա այժմ առավել կարեւոր է: Կարելի է ենթադրել, որ Պուտինի քայլը թելադրված էր Իրանի միջուկային ծրագրի հարցում Արեւմուտքի կողքին լինելու ցանկությամբ: Կվատթարանան արդյոք հարաբերությունները Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ, եթե ՌԴ նախագահը այդչափ բացահայտ արեւմտամետ դիրքորոշում զբաղեցնի, դժվար է ասել: Սակայն այն, որ այդ ՌԼԿ-ն ԱՄՆ-ի համար հետաքրքրություն է ներկայացնում, կասկած չի հարուցում: Կա եւս մեկ նկատարռում` Պուտինը ուղղակի չի ցանկանում սպառազինությունների մրցավազք սկսել, հիշելով, թե դա ինչի հանգեցրեց Ռոնալդ Ռեյգանի ժամանակներում: Այն ժամանակ հենց սպառազինությունների մրցավազքը դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկը: Իսկ Ռուսաստանի փլուզում Պուտինը բնականաբար չի ցանկանում:

2002 թվականի հունվարի 25-ին Հեյդար Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը ստորագրեցին «Գաբալայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի` ՌԼԿ-ի օգտագործման կարգավիճակի, սկզբունքների եւ պայմանների մասին» համաձայնագիրը: Արդյունքում Ռուսաստանը իրավունք ստացավ շահագործել կայանը 10 տարի ժամկետով: Օբյեկտի վարձակալումը տարեկան Մոսկվայի համար արժե 7 մլն դոլար, էլեկտրաէներգիայի օգտագործման համար` 5 մլն դոլար, եւ 10 մլն դոլար բոլոր տեսակի կոմունալ ծախսերի համար: Վարձակալման ժամկետը լրանում է 2012 թվականին, երբ կայանն արդեն հնացած կլինի, չնայած այժմ շարունակվող արդիականացմանը:

«Գաբալայի ՌԼԿ-ն տեխնիկապես իրոք թույլ է տալիս վերահսկել ոչ միայն միջմայրցամաքային հրթիռների, այլ նաեւ թեւավոր հրթիռների բաց թողումը Ռուսաստանի սահմանից դեպի հարավ ընկած հսկայան սեկտորում: ԱՄՆ-ին արված Ռուսաստանի առաջարկը ՀՀՊ-ի վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական ոգով լուծել անվտանգության խնդիրները Ամերիկայի եւ Եվրոպայի հետ»,-ասել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը:

Տիեզերական զորքերի կայանը գտնվում է ադրբեջանական Գաբալա քաղաքի մոտ (հայտնի է որպես Գաբալա-2, ՌՕ-7, օբյեկտ 754): Այն իրենից ներկայացնում է ստացիոնար ռադիոլոկացիոն «Դարյալ» տիպի կայան, որը մտնում է հրթիռային հարձակման մասին համակարգի մեջ: Շինարարությունը տարվել է 1976 թվականից ի վեր, սակայն մարտական հերթապահության է կանգնել միայն 1985 թվականին: ՌԼԿ-ն նախատեսված է Ասիայից եւ Հնդկական օվկիանոսի տարածքից բալիստիկ հրթիռների մեկնարկին, ինչպես նաեւ մինչեւ 6000 կմ հեռավորության վրա հարավային սեկտորի տիեզերական օբյեկտներին հետեւելու համար: «Դարյալը» չի կարող տեսականորեն Եվրոպայի կողմը թռչող հրթիռների դեմ հրթիռներ ուղարկել:

Փորձագետները հայտարարում են, որ ռազմական տեսակետից միակ ռադիոլոկացիոն կայանն Ադրբեջանում ավելի լավ կպաշտպանի Եվրոպան Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հիպոթետիկ սպառնալիքից, քան Պենտագոնի մտահղացած ողջ ծրագիրը Եվրոպայում ՀՀՊ-ի նոր տարրերի տեղակայման վերաբերյալ: Բացի այդ, այդ ծրագիրը շատ ավելի էժան կնստի: Սակայն այն երկրներում, որոնց այս ողջ պատմությունն ուղղակիորեն է վերաբերում, հակառակ պատկերն է նկատվում` Չեխիայի եւ Լեհաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն շտապում Եվրամիության հետ միասին ուրախանալ: Լեհաստանի եւ Չեխիայի առաջնորդներին կարելի է հասկանալ` ռազմական կողմից բացի, «եվրոպական միջուկային վահանի» նախագիծը նաեւ քիչ տնտեսական շահ չէր խոստանում այդ երկրներին: Սակայն պետք չէ մոռանալ նաեւ, որ այդ երկրների բնակչության 2/3-ը համաձայն չէ ՀՀՊ ամերիկյան տարրերի տեղակայմանն իրենց տարածքում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---