Կգա՞ արդյոք Թուրքիայի նախագահը Երեւան

Թուրքիան իրոք դարձել է Բաքվի, նրա շահերի, նրա էներգակիրների պատանդը եւ որքան դա կշարունակվի, հայտնի չէ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարություն է կատարել, որը կարող է փոխել իրադրությունը տարածաշրջանում: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման մասին է, ինչն անհրաժեշտ է ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ իհարկե Թուրքիային: Չէ որ, հենց այդ կետը կարող է որոշիչ լինել ԵՄ-ի հետ բանակցություններում: Միացյալ Նահագներին էլ պետք է խողովակատարերի անվտանգությունը, որը Արդբեջանն ու Թուրքիան ի վիճակի չեն ինքնուրույն ապահովել:
PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում` Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Ըստ Ս.Սարգսյանի, թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: «Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց»,-նշել է նա: «Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Թուրքիայի նախագահը առաջիններից մեկն էր, ով շնորհավորեց Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու առթիվ:

Ճիշտ է, դեռեւս չենք կարող խոսել հայ-թուրքական սահմանի բացման անգամ մոտավոր ժամանակահատվածի մասին: Սակայն այն, որ Հայաստանի նախագահը պատրաստ է երկխոսության, արդեն լավ է: Փաստորեն, ԱՄՆ պետդեպարտամենտի հանձնարարականները երկխոսություն սկսելու առումով կարող են եւ իրականություն դառնալ: Սակայն, ինչպես ասում էր եւ ասում է հայկական կողմը, առանց նախապայմանների: Թուրքական կողմից այդ նախապայմանները չափազանց շատ են. 1921 թվականի Մոսկվայի համաձայնագրի ճանաչում, Ղարաբաղի հակամարտությունն ու Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Հայկական կողմից, ինչպես հայտնի է, նման բան չկա: Բնական է, Հայաստանը կշարունակի երաշխավորի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար եւ ձգտել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: Թուրքիայում պետք է հասկանան, որ ավելի հեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քան միլիոններ ծախսել եւ շանտաժի ենթարկել ողջ աշխարհը: Եւ այդ հարցում Անկարային շատ է «խանգարում» Ադրբեջանը: Բաքվին կարելի է հասկանալ. Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չունենալով իրական դաշնակիցներ` նա հույսը դնում է Թուրքիայի վրա, որը ավելի մոտ է իրեն: Եւ ինչպես արդեն բազմաթիվ անգամներ ասվել է. Թուրքիան իրոք դարձել է Բաքվի, նրա շահերի, նրա էներգակիրների պատանդը եւ որքան դա կշարունակվի, հայտնի չէ. պարզապես հետաքրքիր է` ինչպես կվերաբերվի Ադրբեջանը, եթե Աբդուլլահ Գյուլը իրոք ժամանի Երեւան... Եթե Թուրքիայի նախագահը իրոք ցանկանում է բարելավել հարաբերությունները եւ պատասխանի Սարգսյանի հրավերին, ապա դա կլինի մեծ առաջընթաց: Եւս մի բան. նման հրավերները արվում են միայն այն ժամանակ, երբ կա որոշակի պայմանավորվածություն գոնե երկու երկրների ԱԳՆ մակարդակներով եւ անպայման երրորդ երկրի, տվյալ դեպքում ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Ռուսաստանն այս երկխոսությունում չի մասնակցում, քանի որ չի վերահսկում իրավիճակը եւ թվում է այնքան էլ չի ցանկանում այդ բաց սահմանը, արդարացիորեն ենթադրելով, որ այդպես Հայաստանը կարող է հեռանալ ռուսական ազդեցությունից:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական, իսկ ավելի վաղ թուրք-խորհրդային սահմանի ճանաչմանը, ապա այս դեպքում շատ ավելի բարդ դրություն է: 1953 թվականի մայիսի 30-ին ԽՍՀՄ կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայության մասին, նկատի ունենալով Կարսի շրջանը, Էրզրումն ու Սուրմալուն: Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ անկախ Հայաստանը հանդիսանում է ոչ թե ՀԽՍՀ, այլ Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդը եւ, բնականաբար, որեւէ պարտավորություն չունի ԽՍՀՄ համաձայնագրերի առումով:

ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարել է. «Խնդրի կարգավորման մասերից մեկը ԱՄՆ-ն համարում է հայ-թուրքական սահմանի բացումը: Առկա ստատուս-քվոն վնասակար է երկու կողմերին էլ: ԱՄՆ-ն աջակցում է հայերի եւ թուրքերի երկխոսությանն ու համագործակցությանը գիտաժողովների, հանդիպումների եւ ծրագրերի փոխանակման միջոցով: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերականգնումը շատ նուրբ եւ հիվանդագին հարց է: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության մութ էջերի հետ. մեկուկես միլիոն հայերի սպանություն եւ տարհանում Օսմանյան կայսրությունից: Դա հեշտ չէ, ինչպես եւ ԱՄՆ-ի համար, երբ պետք էր ժամանակ սեփական պատմության մութ էջերը ճանաչելու համար: Իր հերթին, Հայաստանը պետք է պատրաստ լինի սահմանների ճանաչմանը եւ տարածքային պահանջներ չներկայացնել ժամանակակից Թուրքիային եւ կառուցողական մոտեցում դրսեւորել Թուրքիայի ջանքերի նկատմամբ»,- ասել է Ֆրիդը: Այս ելույթում նաեւ հետաքրքիր է այն, որ Ֆրիդը ոչինչ չասաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին:

Իսկ Հայաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի խոսքերով, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո երկկողմանի հարաբերություններում որոշ առաջխաղացումներ են նկատվել, եւ դա կարող է լավ հիմք դառնալ, որպեսզի ուղի գտնվի դեպի փոխզիջում: «Երկկողմանի հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար պաշտոնական Երեւանն ու Անկարան պետք է միասին աշխատեն, իսկ ԱՄՆ-ն միայն կաջակցի հարաբերությունների հաստատմանը»,- ընդգծել է Ջոզեֆ Փենինգթոնը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---