Հայաստանի համար կարեւոր է հստակեցնել, թե հատկապես ինչ են խոստանում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան եւ ԵՄ-ն «օրինակելի վարքի» դիմաց

Փաստորեն Հայաստանին առաջարկում են րոպեական տնտեսական դիվիդենտներ, որոնք ապագայում հղի են ինքնուրույնության կորստով, անկախության մասին էլ չենք խոսում

Բաքվում վերին աստիճանի նյարդաին իրավիճակ է, կապված տարածաշրջանային վերջին իրադարձությունների հետ, մասնավորապես, Թուրքիայի դիրքերի ամրապնդման Միխաիլ Սահակաշվիլիի այդքան անհաջող ձեռնարկված բլիցկրիգից հետո, որը վերածվեց բոլորի համար տարածաշրջանի ապագա վերաձեւման, իսկ հենց իր համար` ճանապարհ հարթեց դեպի պաշտոնանկություն: Ադրբեջանցի քաղաքագետներն ու փորձագետները սկսել են մեկնաբանել Հայաստանից հնչող տառացիորեն ամեն բառը, բոլորովին չկասկածելով լուրերի ճշմարտացիությանը, հղում անելով ինչ-որ հայկական ԶԼՄ-ների վրա:
PanARMENIAN.Net - Այսպես, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարում է, որ «հայկական ԶԼՄ-ների նկարագրած պայծառ հեռանկարները Հայաստանը Թուրքիայի հետ կապող Գյումրի-Իգդիր երկաթուղու վերաբերյալ, եւ այն, որ նա կարող է մրացկից դառնալ կառուցվող Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղուն, կարող են միայն քմծիծաղ առաջացնել»...Մեկնաբանության մեջ, որտեղ ինչպես միշտ ցանկալին իրականությունից շատ է, կրկին առկա է «Կրեմլի ձեռքը», որը, անկախ ՌԴ ԱԳՆ հայտարարություններից, այնուամենայնիվ գերադասությունը տալիս է Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին: Սա կրկին Բաքվի վերլուծաբանների կարծիքն է, որոնք օրինակ են վերցնում Վաֆա Գուլուզադեից, որի «բացահայտումներն» արդեն ձանձրացրել են բոլորին:

Ադրբեջանական հավակնությունների կրակին յուղ են լցնում նաեւ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Մեր կարծիքով այնուամենայնիվ Բաքվում չեն կարծում, թե Ջոն Նեգրապոնտեի այցուլությունը կամ Մեթյու Բրայզայի մշատական ուղեւորությունները գեղեցիկ աչքերի համար են արվում: Նավթը չլիներ, Բաքվի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, ինչպես դա այժմ տեղի է ունենում Հայաստանի հետ: Ուղղակի վրացական արկածախնդրությունից հետո Հայաստանը Վրաստանի փոխարեն էներգակիրների համար տարանցիկ երկիր դառնալու շանս ստացավ: Այնպես որ ԱՄՆ ներկայացուցիչների այցերը Հայաստան նույնպես հաճախակի կդառնան: Սակայն միայն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Բայց այս ամենն այնքան էլ կարեւոր չէ, առավել եւս որ մինչ հոկտեմբերի 15-ը քիչ ժամանակ է մնացել:

Կարեւոր է պարզել, թե հատկապես ինչ են խոստանում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան եւ ԵՄ-ն «օրինակելի վարքի» դիմաց: Նշենք, որ «օրինակելի վարքն», ըստ էության, ենթադրում է նահանջ հայկական պետականության ռազմավարական հիմքերից` հրաժարում ԼՂՀ-ից, լռություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների բացակայություն: Դե, վերջինի հետ ինչ-որ կերպ կարելի է հաշտվել, քանի որ Հայաստանը ոչ միջոցներ ունի, ոչ էլ մարդկային ռեսուրսներ Արեւմտյան Հայաստանի գոնե մի մասին հավակնելու համար: Այս դեպքում խոսք կարող է գնալ միայն փոխհատուցման մասին, որն ամենահամեստ հաշվարկներով կազմում է շուրջ 50 մլրդ դոլար, եւ որը Թուրքիայի ոչ ներկա, ոչ էլ ապագա կառավարությունն ի վիճակի չէ վճարել նույնիսկ հատվածաբար:

Իսկ փոխարենը Հայաստանին առաջարկում են մասնակցությունը Nabucco տիպի նախագծերին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի ճյուղավորում եւ մասնակցություն Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցմանը: Կա նաեւ Երեւան-Բաթում ավտոմայրուղու շինարարության նախագիծ, որն, ի դեպ, հարկավոր է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Վրաստանին: Սակայն վրաց ընդդիմության առաջնորդներից մեկը` Շալվա Նաթելաշվիլին համոզված է, որ Հայաստանի նախագահի հետ Մ.Սահակաշվիլիի ձեռք բերված պայմանավորվածությունը Գոդերզիի լեռնանցքով Երեւան-Բաթում ավտոմայրուղու կառուցման մասին ոչ այլ ինչ է, քան «Ռոքի նոր թունել մեր հայրենիքի մարմնի վրա, որտեղ անպայման կբռնկվի համալիր, սարսափելի անջատողականություն»: «Եվ դա տեղի կունենա ոչ այնքան հեռու ապագայում»,-հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին, ակնհայտորեն ի նկատի ունենալով Ջավախքը:

Փաստորեն Հայաստանին առաջարկում են րոպեական տնտեսական դիվիդենտներ, որոնք ապագայում հղի են ինքնուրույնության կորստով, անկախության մասին էլ չենք խոսում: Մի խոսքով, կարող է կրկնվել վրացական սցենարը, որտեղ թուրքական էքսպանսիան տառացիորեն փլուզեց երկրի տնտեսությունը: Նույնը Թուրքիան մտադիր է անել Հայաստանի հետ, ընդ որում Ռուսաստանի օգնությամբ: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով, այսօր փոխվում է Թուրքիայի ու Ռուսաստանի դերը տարածաշրջանում, եւ Բաքուն այս նոր իրավիճակում, հատկապես այն առումով, թե ինչ է տեղի ունենում Երեւան-Անկարա ուղղության վրա, իրեն շատ ավելի անվստահ է զգում: «Տեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները: Ըստ իս, այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերություններում, միայն հնարավորություններ են, որոնք նախկինում չկային: Սակայն այդ հնարավորություններից դեռ պետք է կարողանալ օգտվել: Եվ դա կախված է նրանից, թե ինչպես կգործեն Երեւանն ու Անկարան հետագայում եւ Թուրքիայում կատարվող ներքին գործընթացներից, քանի որ Թուրքիայի քաղաքական վերնախավի եւ բնակչության զգալի մասը դեմ է այսօր սկսված գործընթացներին: Հենց այս երկու գործոններից` Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ Թուրքիայի ներքին քաղաքականությունից է կախված կվերականգնվի որոշ ժամանակ անց Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանությունը, թե ոչ»,-նշել է նա:

Բաքվին, ինչպես նաեւ Թբիլիսիին չէր խանգարի հիշեցնել, որ ագրեսիվ պատերազմը ոչ այլ ինչ է, քան առանձնակի խոշոր չափերի զինված կողոպուտ: Եվ պատիժն էլ համապատասխան է` պատժի առավելագույն միջոցը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---