ԵԱՀԿ գագաթաժողովն ավարտվեց, հարցերը մնացին չլուծված

Բոլոր ընդունված հայտարարությունները հնչում են ստորադասական եղանակով, որը, ինչպես հայտնի է, շատ հարմար ձեւ է Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադարձությունների վրա ազդելու սեփական անընդունակությունը կոծկելու համար

Հելսինկիում ավարտվել է ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստը: Ինչպես եւ պետք էր ակնկալել, քննարկման գլխավոր հարցը Կովկասի իրադրությունն էր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ, իհարկե, ռուս-վրացական հարաբերությունները: Միամտություն կլիներ ինչ-որ նոր բան սպասել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, թեեւ որոշ քաղաքական ուժեր` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում շտապեցին կարգավորման ժամկետների առնչությամբ լավատեսական եզրակացություններ անել:

PanARMENIAN.Net - Այդ եզրակացությունների համար առիթն, անկասկած, Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի հայտարարությունն էր: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման գործընթացում վերջին տեղաշարժերը լավ հիմք են ստեղծում դրա լուծման համար: «Հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահելու է Հունաստանը, եւ շատ բան կախված է լինելու այն բանից, թե ինչպես Աթենքը կմիանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- ասել է Թալվիթիեն` ավելացնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները գնահատում է որպես հակամարտության լուծմանը տանող կարեւոր քայլեր: Եթե դիվանագետների խոսքերը թարգմանենք սովորական լեզվով, ապա կստացվի, որ ամեն ինչ մնացել է նախկինի պես, եւ ոչ մի տեղաշարժեր էլ չկան, որովհետեւ բոլոր ընդունված հայտարարությունները հնչում են ստորադասական եղանակով, որը, ինչպես հայտնի է, շատ հարմար ձեւ է Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադարձությունների վրա ազդելու սեփական անընդունակությունը կոծկելու համար: Այդպես է եղել 2008թ. օգոստոսին Վրաստանում, այդպես էլ շարունակվում է Լեռնային Ղարաբաղում արդեն 20 տարի:

Ճիշտ է, «ուրախացրեց» Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կարգավորման նոր փուլ դուրս գալու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին են ներկայացրել Մադրիդյան առաջարկությունների մեջ ներմուծված որոշ փոփոխությունները: Նրա խոսքերով, այդ փոփոխությունները պետք է զննել եւ վերլուծել, եւ «հետո, ամենայն հավանականությամբ, կամ ԱԳՆ ղեկավարների, կամ նախագահների մակարդակով հանդիպում կկայանա»: Տեղին է ասել, որ Հայաստանի ԱԳՆ-ն ոչ մի ձեւով չմեկնաբանեց Մամեդյարովի հայտարարությունը: Երկուսից մեկը` կամ դա ճշմարտություն է, կամ էլ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ցանկալին իրականության տեղ է ներկայացնում... Եւ թե այդ ինչ փոփոխություններ են` բոլորովին անհասկանալի է, ինչպես եւ անհասկանալի են իրենք` սկզբունքները, որոնք մինչ օրս հրապարակված չեն: Կան, երեւի, որոշ գաղտնի բաներ, որոնց մասին դեռ վաղ է խոսել, բայց մասնավորապես հայ, իսկ ավելի ճիշտ` ղարաբաղյան ժողովուրդը պետք է գոնե ինչ-որ բան իմանա: Վերջիվերջո, որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագիրը, եւ ոչ թե ինչ-որ մերձծովյան տարածքի: Այստեղ ակամա սկսում ես զուգահեռներ անցկացնել «Մոլոտով-Ռիբբենտրոպ» արձանագրության հետ, որի մանրամասները հայտնի դարձան 50 տարի անց: Այդ միջոցին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հայտնել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խեղաթյուրում է Մայնդորֆյան հռչակագրի մեջ ամրագրված կետերը: «Բացի այդ, Բաքուն այնքան հեռուն է գնում, որ հայտարարոմ է, թե հակամարտության խաղաղ կարգավորումը չի բացառում ուժի կիրառում: Հետաքրքիր է, կա եւս մեկ երկիր, ուր այդ կերպ են մեկնաբանում այնպիսի հստակ եւ պարզ հասկացությունը, ինչպիսին է «հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորումը»,-նկատել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, Հայաստանը ցանկանում է հուսալ, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կկարողանան պահպանել Մոսկովյան հռչակագրի ոգին ու ստացած խթանը եւ կընթանան դեպի հակամարտության կարգավորում: «Այս մասին է ասվում նաեւ երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ստորագրած հռչակագրում»,-հաղորդել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Հելսինկիում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրում նշվում է, որ Մայնդորֆյան հռչակագիրը նոր եւ խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ընդհանուր ձգտման համար: «Այդ հռչակագրում նախագահները հաստատում են իրենց հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն Մինսկի խմբի Համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում եւ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ նախորդ տարում Մադրիդում փոխանցված իրենց առաջարկների հիման վրա համագործակցության արդյունքում Համանախագահների մշակած հիմնավոր սկզբունքների հիման վրա: Մենք կողմերին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ ջանքեր նախաձեռնել մոտակա ամիսների ընթացքում կարգավորման հիմնավոր սկզբունքների համաձայնեցման ավարտի համար եւ հետո անցնել այդ համաձայնեցված հիմքի վրա համապարփակ հաշտության պայմանագրի նախագծի կազմմանը: Մենք կրկին հաստատում ենք, որ մեր հստակ կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերին կոչ ենք անում հաստատել իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորմանը»,- ընդգծվում է փաստաթղթում:

Մի խոսքով` հերթական ոչնչի չպարտադրող եւ ոչինչ չնշանակող փաստաթուղթ, ինչպիսիք «կարգավորման» բոլոր տարիներին շատ են եղել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---