Օտար հուշարձանների, պատմության, լեզվի յուրացումը բնորոշ է քաղաքականապես թույլ զարգացած ժողովրդներին

Վրաց ղեկավարությունը հետեւողական է միայն մեկ բանում` ՎՈՒԵ ձեռքերով հայկական եկեղեցիները յուրացնելու, հայկական հուշարձաններն ու գերեզմանները ավերելու հարցում

Դեռ չէին հասցրել հանդարտվել Նորաշենի հետ կապված կրքերը, երբ Վրաստանը, իսկ ավելի ճիշտ Վրաց ուղղափառ եկեղեցին նորից սկսեց ջուր պղտորել: Դեկտեմբերի 11-ին Վրաստանի Քրիստոնյա-ժողովրդավարական շարժումը որոշեց ցույց անցկացնել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի, ցույցի մասնակիցները պահանջում էին ետ վերադարձնել Հայաստանում գտնվող վրացական վանք-եկեղեցիները:

PanARMENIAN.Net - «Հայաստանի հյուսիսում, պատմական Լոռի-Տաշիրի տարածքում կան տասնյակի հասնող կարեւոր վրացական վանքեր ու եկեղեցիներ: Ցավոք, դրանք բոլորը թալանված են, ինչն էլ վկայում է, որ դրանք պատկանում են վրաց ուղղափառ եկեղեցուն, ոչ թե հայկական: Հակառակ դեպքում նրանք պատշաճ կերպով կխնամվեին»,-հայտարարել է նա:

Ըստ Անդրիաձեի, Վրաց Ուղղափառ եկեղեցին միտումնավոր չի արծարծել այս հարցը վերջին տարիներին, իրավիճակը չսրելու եւ ստատուս-կվոն պահպանելու համար: «Սակայն, ցավոք, հայկական կողմը պարբերաբար փորձում է բորբոքել իրավիճակը եւ միակողմանի պահանջում է վերադարձնել եկեղեցիները: Քանի որ հայկական կողմը շարունակում է սադրանքները, ապա մեզ այլ բան չի մնում, քան հիշեցնել նրանց նաեւ մեր օրինական իրավունքների մասին եւ պահանջել փոխանցել Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները»,-ասել է Անդրիաձեն: Նա նաեւ ենթադրել է, որ եկղեցիների պատկանելության պարզաբանման ողջ պատմությունը «երրորդ կողմի սադրանք է, որի նպատակն է պառակտում սերմանել երկու հարեւան ժողովրդների միջեւ»,

Օտար հուշարձանների, պատմության, լեզվի յուրացումը բնորոշ է քաղաքականապես թույլ զարգացած ժողովրդներին, որոնք իրենց պատմության ընթացքում չեն կարողացել ստեղծել քիչ թե շատ նշանակալի բաներ: Այդ ժողովուրդները չեն կարողանում ոչ սեփական պետություն կառուցել, ոչ պահպանել այն, ինչն իրոք իրենցն է: Ցավոք, Վրաստանը հենց այդպիսի պետություն է: Դեռեւս 90-ականներին ամերիկացի քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը հայտարարել էր, որ Վրաստանը դասվում է «չկայացած» պետությունների շարքին, որոնք ապագա չունեն: Այդ սահմանումը մինչ այժմ էլ կյանքի իրավունքն ունի եւ հազիվ թե փոխվի: Վրացական պետության վերջին 20 տարիների պատմությունը հաստատում է երկրի ցանկացած նախագահի ծայրահեղ անինքնուրույնությունը: Վրացական ղեկավարությունը հետեւողական է միայն մեկ բանում` ՎՈՒԵ ձեռքերով հայկական եկեղեցիները յուրացնելու, հայկական հուշարձաններն ու գերեզմանները ավերելու հարցում: Դա էլ այնքան աչք չէր ծակի, եթե այդ վանդալիզմը չուղեկցվեր եվրոպական քաղաքակրթությանը պատկանելու մասին հայտարարություններով: Ավելին, Վրաստանում լրջորեն խոսում են այն մասին, թե վրացիներրը եվրոպական քաղաքակրթության հիմնադիրներից մեկն են:

Մեծ հաշվով Հայաստանի համար միեւնույն է, թե իրենք իրեցն ինչ են համարում հարեւաններրը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի այդ «քաղաքակրթության» կրողները հանգիստ թողնեն հայկական եկեղեցիները: Սակայն այդ հարցում Եվրոպան զիջում է տեղը Ասիային: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ջորջ Բուշից հետո Միխաիլ Սահակաշվիլիի համար օրինակ են ծառայում Թուրքիան ու Ադրբեջանը, հատկապես հայկական հարցում: Վերջին օրինակը Նորշենի հետ կապված պատմությունն է:

Ըստ ՎՈՒԵ-ի մամլո ծառայության ղեկավար, քահանա Դավիթ Շարաշենիձեի, Թբիլիսիում գտնվող Նորշաենի պատմական շենքի պատկանելությունը կորոշվի վրաց եւ հայ փորձագետների եզրակացություններից ելնելով: «Ըստ հայկական աղբյուրների այդ հուշարձանը պատկանել է Հայ եկեղեցուն: Սակայն կան այլ, այդ թվում վրացական աղբյուրներ, որտեղ այդ պնդումը կասկածի տակ է առնվում: Դա փորձագետների, գիտնականների քննարկման հարց է»,-հայտարարել է Շարաշենիձեն: Ուղղակի նույնն, ինչ տեղի է ունենում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում` հանձնաժողով ստեղծենք, պարզենք, հաստատենք, եւ այլն: Ճիշտն ասած, Իլհամ Ալիեւն ավելի անմիջական է գործում` նա ուղղակի ոչնչացնում է Ադրբեջանում պահպանված հայկական հուշարձանները: Իսկ եթե հուշարձաններ չկան, հանձնաժողովների կարիք էլ չի զգացվում: Այնպես որ Վրաստանն ու Թուրքիան պետք է լավ մտածեն, հետո առաջարկեն հանձնաժողովներ ստեղծել:

Եվ վերջինը: Ներկայումս Վրաստանի տարածքում կա շուրջ 650 հայկական եկեղեցի: XIX դարում միայն Թիֆլիսում կար 29 հայկական եկեղեցի, որնցից 2-ն են մնացել: Մինչ օրս չլուծված է մնում խորհրդային տարիներին առգրավված վեց հայկական եկեղեցիների պատկանելության հարցը: Դրանք են Սուրբ Նորաշենը` 15 դար, Սուրբ Նշանը` 18դ., Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (մյուս անվանումը` Կարմիր Ավետարան)` 18դ., Երեւանցոց Սուրբ Մինասը` 18դ. եւ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցին` 14 դար, ինչպես նաեւ Ախալցիխեում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին` 19դ.: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ այդ եկեղեցիները Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնելու հույսը չափազանց փոքր է...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---