Բաքվում Էրդողանի արտասանած բոլոր բառերը, ընդամենը ...խոսքեր են

Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցությունը, 2002թ. գալով իշխանության, խոստացավ «զրոյական մակարդակի խնդիրներ հարեւանների հետ»

Եվ կրկին ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր. պետության նախագահներն ասում են այն, ինչ իրենցից ցանկանում են լսել իրենց քաղաքացիները, ռեվերանսներ են անում, իսկ իրականում ամեն ինչ հակառակն է ստացվում: Բացառություն չէր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի այցը Բաքու, որը կարծես կոչված էր հանգստացնել Բաքվին: Սակայն միլի մեջլիսում եւ մամլո ասուլիսում Էրդողանի արտասանած բոլոր բառերը լոկ ...խոսքեր են:
PanARMENIAN.Net - «Մենք միանգամայն հստակ դիրքորոշում ունենք Լեռնային Ղարաբաղի հարցում եւ մենք երբեք չենք նահանջել դրանից,-հայտարարել է Էրդողանն ադրբեջանական խորհրդարանում:-Մենք կողմ ենք այդ խնդրի լուծմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Մենք երբեք չենք ձեռնարկել եւ չենք ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել Ադրբեջանի ազգային ամբողջականությանը: Քանի դեռ չի ավարտվել ադրբեջանական տարածքի օկուպացիան, կարգավորում չի լինի: Եվ անմիջապես` «Հայաստանի հետ հաշտեցման կառավարության կուրսը թելադրված է նպատակահարմարությամբ: Հարավային Կովկասի հակամարտությունների չլուծված լինելը ոչ ոքի շահերին չի համապատասխանում: Թուրքիայի ջանքերն ուղղված են ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն, այլ նաեւ ողջ տարածաշրջանում բարգավաճման ու կայունության բարձրացմանը»:

Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցությունը, 2002թ. գալով իշխանության, խոստացավ «զրոյական մակարդակի խնդիրներ հարեւանների հետ»: Հենց այդ պատճառով այժմ Թուրքիայի ԱԳՆ-ն գլխավորում է Ահմեդ Դավուդօղլուն, որը զգուշավոր եւ փորձառու դիվանագետ է: Փաստորեն, Ալի Բաբաջանը կատարեց ողջ սեւ աշխատանքը, այժմ պետք է գործել ավելի նուրբ ու ճշգրիտ: Առավել եւս, որ ապրիլի 22-ից հետո Երեւանը դարձավ առավել կտրուկ իր արտահայտություններում: Այստեղ հարկ է նշել ՀՀ ԱԳՆ ղեկավարի ու նախագահի վայրկյանական արձագանքը` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Թուրքիայի միջամտելու փորձին: «Ամենաօգտակարը, ինչ կարող է անել Թուրքիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար, դա ընդհանրապես ձեռնպահ մնալն է այս գործընթացին միջամտելուց»,-ասել են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը:

Մինչդեռ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մի կողմից ցանկանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, սակայն մյուս կողմից վախենում են կորցնել Ադրբեջանը, որը կարող է նպաստել Եվրոպայի էներեգտիկ կախվածությունը թուլացմանը Ռուսաստանից:

Այստեղ մենք մոտենում ենք Էրդողանի այեցլության գլխավոր նպատակին` ադրբեջանական գազի սակագնին: Այն, որ Բաքուն ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ գազի սակագնի բարձրացման հարցում, պարզ էր հենց սկզբից, երբ դեռեւս նոր էին սկսվել գաղտնի բանակցությունները հայ եւ թուրք դիվանագետների միջեւ Շվեյցարիայում: Զուր չէր Today`s Zaman-ը դուրս եկել «Սպասվում է գազի գնի բարձրացում» խորագրով:

Էրդողանն, որը Բաքու էր ժամանել էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի եւ կառավարության այլ անդամների ուղեկցությամբ, հայտարարել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն Թուրքիայի կողմից գնվող ադրբեջանական գազի սակագնի փոփոխության հարցը: Գազի արժեքը, որը Թուրքիան ստանում է ադրբեջանական Շահ Դենիզ գազակոնդենսատորային հանքավայրից, կվերանայվի գազի շուկայական գների համաձայն: Ըստ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզի, 120 դոլար գինը մեկ խորանարդի դիմաց համապատասխանում էր գազի շուկայական գներին, երբ կնքվել էր պայմանագիրը: Ըստ պայմանագրի Շահ Դենիզի գազի արժեքը կարող էր վերանայվել առաքման մեկնարկից մեկ տարի անց, այսինքն նոր գինը կգործի 2010 թվականի ապրիլի 15-ից: Սակայն Բաքուն այլ կերպ է որոշել: Կարծում ենք, Էրդողանն այն մարդը չէ, որ ականջ է դնելու Իլհամ Ալիեւին` նա պետք է կայացնի իր երկիրը որպես տարածաշրջանային տերություն: Իսկ դրա համար կարելի է նաեւ զոհաբերել Ադրբեջանին, առավել եւս, որ նա բավականին խնդիրներ է առաջացնում...

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհային քարտեզի գլխավոր գաղափարն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է զուգահեռ ընթանան, սակայն միմյանցից անկախ, գտնում է Անկարայի էկոնոմիկայի ու տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար պրոֆեսոր Մուստաֆա Այդինը: Նա ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ: «Հայ-թուրքական սահմանը անպայման կբացվի եւ, հնարավոր է, ավելի շուտ, քան մենք ենթադրում ենք»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի այցին Բաքուն, ապա թուրք պրոֆեսորն ասել է, թե այցը զուտ «հանդիսականի» համար էր նախատեսված, ինչպես եւ Էրդողանի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, որ նա արեց Բաքվում: «Իրականում այցի նպատակը զուտ էներգետիկ խնդիրներն էին` ադրբեջանական գազի գինն ու Nabucco նախագիծը»,-ասել է Մուստաֆա Այդինը: Մենք ավելի շատ հիմքեր ունենք հավատալու թուրք պրոֆեսորին, քան ադրբեջանական ԶԼՄ-ներին:
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---