Աշխարհը գտնվում է ռուս-ամերիկյան կշեռքի նժարինԱռաջիկա հնարավոր փոփոխությունների լույսի ներքո, հակամարտությունների լուծումն ուղղակի երկրորդ պլան է անցնում եւ հետաձգվում է անորոշ ժամանակով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ակտիվ արտաքին քաղաքական գործունեությունը կարող է ավարտվել ինչպես հաղթանակով, այնպես էլ պարտությամբ ԱՄՆ-ի համար: Ինչպես երեւում է, Օբաման ցանկանում է եթե ոչ «խաղաղության աղավնու», ապա գոնե «խաղաղարարի» դերում հանդես գալ, հատկապես մահմեդական աշխարհի աչքերում եւ ոչ միայն: Ելույթ ունենալով Կահիրի hամալսարանում, ԱՄՆ նախագահը հայտարարել է որ իր ուղեւորության նպատակն ԱՄՆ-ի եւ մահմեդական աշխարհի միջեւ հարաբերությունների նոր էջ բացելն է. երկար ժամանակ այդ հարաբերությունները որոշող կասկածներն ու տարաձայնությունները պետք է անցյալում մնան: ![]() PanARMENIAN.Net - «Ամերիկայի եւ իսլամի միջեւ մրցակցությունը կանխորոշված չէ, նրանց գոյությունը չի հակասում մեկը մյուսին: Ընդհակառակը, նրանք կիսում եւ լրացնում են արդարության, առաջընթացի, հանդուրժողականության եւ մարդկային արժանապատվության երկու կողմի համար ընդհանուր սկզբունքները: Մենք մշտապես պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի լսենք միմյանց, սովորենք միմյանցից, հարգենք միմյանց եւ շփման եզրեր փնտրենք: Քանի դեռ մենք թույլ ենք տալիս տարաձայնություններին որոշել մեր հարաբերությունների բնույթը, մենք ուժ ենք հաղորդում նրանց, ովքեր խաղաղության փոխարեն ատելություն են սերմանում, ով ձգտում է հակամարտությունների, համագործակցության փոխարեն, որն ընդունակ է մեր ժողովրդներին բարգավաճում բերել», - ասել է Օբաման: ԱՄՆ-ի եւ մահմեդական աշխարհի միջեւ հարաբերություններում լարվածության երկրորդ աղբյուրը նախագահը համարում է փակուղին, որում հայտնվել են իսրայելցիները, պաղեստինցիները եւ արաբական աշխարհի երկրները: Պաղեստինա-իսրայելական բանակցությունները փակուղու մեջ հայտնվել են 2008 թվականին, եւ ԱՄՆ-ի վարչակազմը ելք է փնտրում այդ իրավիճակից: «Երկու կողմի պահանջները բավարարելու միակ միջոցը երկու պետության ստեղծումն է, որտեղ իսրայելցիներն ու պաղեստինցիները կկարողանային ապրել խաղաղության եւ անվտանգության պայմաններում: Ես անձամբ կպայքարեմ այդպիսի որոշման համար: Ժամանակն է, որպեսզի նրանք, եւ մենք բոլորս ստանձնենք խաղաղության պատասխանատվությունը», - ասել է Օբաման: Այս ամենը հիանալի է, սակայն Օբամայի խոսքերից ելնելով, ստացվում է, որ ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է լքել Իսրայելին, եւ այդ ժամանակ հրեական պետությունը կդադարի գոյություն ունենալ: Իհարկե դա թույլ չի տա հրեական լոբբին, սակայն Սուրբ հողի վրա երկու պետության ստեղծման գաղափարն ինքնին արդեն մտահոգում է: Այդպես ԱՄՆ-ի վարչակազմի մոտ կարող է գայթակղություն առաջանալ ղարաբաղյան հակամարտությունն ու Վրաստանի եւ անջատված հանրապետությունների միջեւ վեճն այդ նույն սցենարով լուծել: Կամ դրան մոտ, քանի որ ինչպես ցույց է տալիս փորձը, Վաշինգտոնը չի առանձնանում ցանկացած տիպի հակամարտությունների լուծման եղանակների բազմազանությամբ: Ինչպես եւ Մոսկվան ... Հաջորդ ամիս Բարաք Օբաման մտադիր է Մոսկվա մեկնել, եւ հենց այդ ժամանակ էլ ավելի լուրջ խոսակցություն կսկսվի, իսկ ավելի ճշգրիտ, ազդեցության ոլորտի նոր սահմանների համար սակարկությունը: Դեռ լավ է, որ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզը խաղաղ ճանապարհով կկազմվի, առանց արյունահեղության. մանր բախումները, պարզ է հաշվի չեն առնվում: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը գրեթե կամավոր ԱՄՆ-ին է զիջել Արեւելյան Եվրոպայի նկատմամբ վերահսկողությունը` իր համար ապահովելով Հակահրթիռային պաշտպանության համակարգերը ժամանակավորապես չտեղադրելը, ապա սակարկության առարկա կդառնա Հարավային Կովկասը, քանի որ Կենտրոնական Ասիայի խնդիրը գրեթե լուծված է. Ռուսաստանը պահպանում է վերահսկողությունը Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ղրղըզստանի նկատմամբ: Բիշքեկում «Մանաս» ավիաբազայի փակման օրինակը բավարար է: Մոսկվայի գլխավոր խնդիրներից մեկն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով, Ռուսաստանը շրջանցելով, թուրքմենական գազի առաքումը Եվրոպա թույլ չտալն է: Սակայն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն այդ խնդիրը կկարգավորի: Այսպես, մնում է միայն Հարավային Կովկասը` տարածաշրջանի աշխարհաքաղական հաշվարկների տեսանկյունից ամենաբարդն ու անկանխատեսելին: Կկարողանա արդյոք Ռուսաստանն ԱՄՆ-ին վերջնականապես դուրս մղել Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, եւ պնդել ղարաբաղյան հակամարտության իր կարգավորումը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, կորոշվի նախագահների հանդիպման ժամանակ: Մեդվեդեւ-Օբամա բանակցությունների այդպիսի շրջադարձը հնարավոր է, եթե հաշվի առնվեն անբեւեռ աշխարհի մասին ամերիկյան նախագահի որոշ հայտարարությունները, որը, իմիջիայլոց, կհանգեցնի առավել մեծ քաոսի եւ մեկ տերության վերջնական բռնատիրության: Այսինքն դա կլինի բացարձակ միաբեւեռություն, ուր տեղ չի լինի ո'չ Ռուսաստանի, ո'չ ԱՄՆ-ի համար: Մնացած ողջ աշխարհի համար հանուն գերիշխանության մղվող պայքարի արդյունքը կլինի Չինաստանի, որոշ առումով նաեւ Հնդկաստանի, առաջխաղացումը ժողովրդագրական գործոնի հաշվին, որի հետ դժվար է հաշվի չնստել: Վերջին դերը չի խաղա նաեւ տնտեսական գործոնը, քանի որ Չինաստանի գլխավոր պարտատուն հենց ԱՄՆ-ն է, հետո միայն Ռուսաստանը: Առաջիկա հնարավոր փոփոխությունների լույսի ներքո, հակամարտությունների լուծումն ուղղակի երկրորդ պլան է անցնում եւ հետաձգվում է անորոշ ժամանակով: Երեւի դա ամենալավ ելքը կլինի ընդհանրապես տարածաշրջանի, եւ Արցախի համար, մասնավորապես: Կարինե Տեր-Սահակյան Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |