Թուրքիան ԱՄՆ-ի հետ հերթական պայքարն է սկսում, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից

Ամերիկյան եւ թուրքական մամուլում բարձրացված աղմուկն ուղղված է այն բանին, որպեսզի Հայաստանին պատրաստի անխուսափելիին

Արդեն որերորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ից առաջ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հերթական պայքարն է սկսում, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից: Նա այս անգամ էլ կարող է հաղթել, քանի որ չարժե մոռանալ, որ հենց Հայոց ցեղասպանության ճանաչումից կամ չճանաչումից է կախված ինքնին թուրքական պետության գոյությունը: Քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում ոչինչ չի փոխի, ինչպես եւ դա եղավ 2007 թվականին:

PanARMENIAN.Net - Եւ խնդիրը բոլորովին էլ Պալատի խոսնակի մեջ չէ, ու առավել եւս ոչ Սպիտակ տան վարչակազմում, որը հենց այժմ բոլորովին կարիք չունի սրելու հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ նրա միջոցով` ողջ իսլամական աշխարհի հետ: Այնպես որ ներկա պահին Հայոց ցեղասպանությունը ճանաչել կամ չճանաչելը ԱՄՆ համար պրագմատիզմի ոլորտի հարց է եւ ոչ` բարոյականության:

Թուրքիան քաջ գիտակցում է դա, եւ ամերիկյան ու թուրքական մամուլում բարձրացված ողջ այդ աղմուկն ուղղված է այն բանին, որպեսզի Հայաստանին պատրաստի անխուսափելիին: Այսինքն` կոմիտեն «կողմ» կքվեարկի բանաձեւին, այն Պալատ կուղարկի քվեարկության համար: Բայց քանի որ որոշում կայացնելու համար հարկավոր են 228 կոնգրեսականների ձայները, որոնք չկան եւ մոտ ժամանակներս չեն հավաքվի, կարելի է ասել, որ այս անգամ էլ 252 բանաձեւի ընդունումը կհետաձգվի: Մենք ժամանակին գրել ենք եւ կարծում ենք, որ ավելորդ չի լինի հիշեցնել, որ այդ բանաձեւն ընդամենը Պալատի կարծիքն է` House Resolution: Դա օրենք չէ, դա պարզապես փաստի արձանագրում է եւ ոչ ավելին: Եթե Սփյուռքը կարծում է, որ անգամ ներկա տեսքով բանաձեւի ընդունումը թույլ կտա ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա դա, առնվազն, միամտություն է: Ճիշտ է, ասում են, թե ժամամակները փոխվել են, եւ հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ն կարող է շատ հեռու գնալ: Ամբողջ հարցը նրանում է, թե որքան հեռու կգնա Օբամայի վարչակազմը, եւ որքանով այդ քայլերն ընդհանուր առմամբ բարիք կբերեն հայ ժողովրդին: Խոսք չկա` չարը պետք է պատժվի եւ հրեշային ոճրագործության զոհերի հիշատակը չպետք է փոխանակման դրամ դառնա: Բայց, ցավոք, հենց գրեթե դա է դարձել ԱՄՆ-ի, ինչպես եւ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նկատենք, որ Ցեղասպանությունը ճանաչել են այն երկրները, որոնք կախված չեն Թուրքիայից եւ որոնց, ըստ էության, միեւնույնն է: Իսկ հայ ժողովրդի դաժան ճակատագիրը վաղուց արդեն փոխանակման խաղաթուղթ է դարձել աշխարհի ուժեղների ձեռքում, եւ դա շարունակվում է արդեն 95 տարի: Այդպես, համենայնդեպս, երեւում է, եթե մի կողմ դնենք հույզերը: Ի դեպ, այս հարցում հույզերը միայն վատթարացնում են իրավիճակը, եւ ավելորդ չի լինի բերել թուրքական կողմի օրինակը, որը պարզապես ասում է. ձեր գործն է, ընդունեք բանաձեւը, ապրիլի 24-ին ասեք «ցեղասպանություն» բառը: Բայց հետո չվիրավորվեք, եթե ԱՄՆ-ն Թուրքիայում, ինչպես եւ ողջ Մերձավոր Արեւելքում թշնամի համարվի: Կամ էլ թե չէ ոչ բարեկամական երկիր:

Բոլոր այս նկատառումները հանգեցնում են այն մտքին, որ գործը կավարտվի նույն կերպ, ինչպես եւ անցյալ տարի: Փառք Աստծո, նոր տերմին հնարելու կարիք չկա, կա Մեծ Եղեռնը, որն, ի դեպ, Ցեղասպանության հոմանիշն է: Թեեւ կարող է եւ այլ կերպ ստացվել, որովհետեւ շատ ու շատ փորձագետների կարծիքով, 252 բանաձեւի ընդունման հավանականությունը աննախադեպ բարձր է: Եւ այստեղ հարց է ծագում` արդյո՞ք հայ ժողովուրդը, մասնավորապես Սփյուռքը պատրաստ է դեպքերի զարգացման այս տարբերակին: Վախենանք հոռետես երեւալ, բայց ժողովուրդը, որ արդեն 95 տարի արդարության է սպասում, իսկ վերջին 40 տարիներին համառորեն պայքարում է ոճրագործության ճանաչման համար, պարզապես պատրաստ չէ դրան: Տվյալ դեպքում սխալվելը շատ լավ կլիներ, իսկ կարեւորը հասկանալն է, որ հողերը, ինչպես նաեւ հատուցումը ոչ ոք հենց այնպես չի տալու, դրա համար հարկ կլինի վճարել: Իսկ գինը կարող է անհամեմատելի լինել...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---