Հայաստանի նախագահը Chatham House-ում ասաց այն, ինչ պետք է ասեր

Հայաստանի նախագահին Լոնդոն հրավիրելու մեջ ինչ-որ գաղտնի իմաստ որոնել կամ էլ, որ ավելի վատ է, խոսքի մեջ գտնել այն, ինչը չկա, առնվազն անլուրջ է:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մի փուլ է սկսվել, որից հետո գործընթացի ցանկացած ձգձգում կամ էլ դրա լիակատար ձախողումն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում առանց բացառության բոլոր շահագրգռված խաղացողների համար հղի կլինի արտակարգ հետեւանքներով: Այդ տեսակետից Chatham House-ում Հայաստանի նախագահի խոսքը կարելի է խորհրդանշական համարել, որովհետեւ հենց փետրվարի 10-ին Թուրքիայի համար նահանջի բոլոր ճանապարհները այս կամ այն կերպ փակվեցին:

PanARMENIAN.Net - Ճիշտ է, գոյություն ունի նաեւ «եթե», որն արտահայտվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ` միակ երկրի, որը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, միամտորեն մտածելով կամ հայտարարելով, թե մտածում է «ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման» մասին: Ոչ մեկին արդեն չեն հուզում Ադրբեջանի ԱԳՆ եւ ադրբեջանցի քաղաքագետների «մեկնաբանությունները», որոնք երեւակայության բացակայության արդյունքում խեղաթյուրում են թուրքական ԶԼՄ տեղեկատվությունը: Այս անգամ էլ Բաքուն չզսպեց իրեն եւ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության քարտուղար Գոշգար Զեյնալովի անունից հինգ էջից բաղկացած մեկնաբանություն հրապարակեց Հայաստանի նախագահի ելույթի վերաբերյալ: Բանը նույնիսկ նրանում չէ, որ Բաքուն պարզապես չի պահպանում տարրական էթիկան, որն ընդունված է ամբողջ աշխարհում. պետության ղեկավարին կարող է մեկնաբանել միայն մեկ այլ պետության ղեկավար: Բայց, ըստ երեւույթին, Բաքվում այդպես է ընդունված: Պարոն Զեյնալովը ոչ մի նոր բան չասաց, չէր էլ կարող ասել: Արդեն 20 տարի է, ինչ ադբեջանական քարոզչությունը պնդում է միեւնույն բանը` բոլորովին չհոգալով այն մասին, թե ինչպես է այդ ամենն ընկալվում միջազգային հանրության կողմից: Բայց մի կողմ թողնենք Բաքվի քարոզչությունը, առավել եւս, որ վերջին երկու օրերին Ադրբեջանում իսկապես չեն հասկանում, թե ինչ են անում: Օրինակ, Ադրբեջանի Միլլի-Մեջլիսի (խորհրդարան) առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը մտադիր է ԱՄՆ կոնգրեսականներին դիմել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիայի վրա գործադրվող ճնշմանը վերջ դնելու նպատակով: Նրա խոսքով, միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ուսումնասիրելով ստեղծված իրադրությունը, պետք է ճնշում գործադրեին Հայաստանի վրա, ինչը չկա, իսկ դրա փոխարեն ճնշում են գործադրում Թուրքիայի վրա: Միանգամայն հասկանալի է, որ Բաքուն գործադրում է բոլոր ջանքերը Թուրքիային «սիրաշահելու» համար եւ փորձում է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` չհասկանալով, որ գնացքն արդեն հեռացել է, ընդ որում, արդեն վաղուց: Ավելին, Թուրքիայի պատասխան ուղերձը Իլհամ Ալիեւի գլխին սառը ջրի եւս մեկ, ընդ որում ոչ վերջին, դույլն էր:

Այնուամենայնիվ, վերադառնանք Chatham House-ին: Միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի նախագահի ելույթը Թագավորական ինստիտուտի հասարակ նախաձեռնությունն էր: Վերջիվերջո, Մեծ Բրիտանիայի համար Ադրբեջանը, իսկ ավելի ճիշտ` նավթը, շատ ավելի գերադասելի է, քան Ղարաբաղի հայերի իրավունքները եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես ասաց Լորդերի պալատի անդամներից մեկը, «Հայոց ցեղասպանության ճանաչումից Մեծ Բրիտանիան ոչինչ չի ստանա, բացի Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից»: Ներկայումս կատարվող ամեն ինչը հին իրողություն է. Մեծ Բրիտանիան չունի հավերժ ընկերներ կամ հավերժ թշնամիներ, ունի հավերժ շահեր: Ի դեպ, այդ սկզբունքը կիրառելի է բոլոր երկրների համար, որոնք ցանկացած մակարդակում լիդերության են ձգտում:

Այնպես որ Հայաստանի նախագահին Լոնդոն հրավիրելու մեջ ինչ-որ գաղտնի իմաստ որոնել կամ էլ, որ ավելի վատ է, խոսքի մեջ գտնել այն, ինչը չկա, առնվազն անլուրջ է: Սերժ Սարգսյանն ասաց այն, ինչ պետք է ասեր, իսկ թե արդյոք դա որեւէ մեկին դուր է գալիս կամ ոչ, երկրորդական խնդիր է: Կարեւորը, որ դրան ականջ դրեցին նրանք, ում հղված էր այդ ելույթը: Հենց դա էլ պետք է համարել տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի ամենամեծ առաջընթացը: Դժվար թե դահլիճում ներկա գտնվողներից որեւէ մեկը չգիտեր ԼՂՀ-ի, Նախիջեւանի ճակատագրի, Հայոց ցեղասպանության մասին... Քաղաքական գործիչների մեծ մասի համար կարեւոր են ոչ միայն խոսքերը, այլեւ ժամանակն ու տեղը, որտեղ հնչում են այդ խոսքերը: Այս անգամ ամեն ինչ համընկավ, եւ կարեւորը, որ համընկավ բորբոքված Ալիեւի պորտը տեղը դնելու եւ Թուրքիային իր իսկական տեղը ցույց տալու` շահագրգռված խաղացողների ցանկության հետ: Չի բացառվում, որ տարվա վերջին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները Նոբելյան մրցանակ կստանան Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար: Միգուցե եւ դա հենց այն գինն է, որը ձեռնտու է Անկարային: Հայաստանը տվյալ դեպքում շատ ավելին է ստանում: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա նույնպես մնում է իր համոզմունքներին` Ադրբեջանի Հանրապետությունը 1918 թվականի սահմաններով: Ալիեւն ավելիին ձգտել չի կարող:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---