Հայաստանի կառավարությունը վստահեցնում է, որ կարող է սանձել գնաճը

Երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող սոցիալ-տնտեսական ոչ լիարժեք միջոցները չեն համապատասխանում գոյություն ունեցող իրողություններին

Ընդլայնված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունքը, որը ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԲ կողմից 2009-ին կիրառվում էր որպես ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու միջոց, այն էր, որ մի կողմից իշխանություններին հաջողվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճ գրանցել, մյուս կողմից առաջացավ նոր, բավական լուրջ խնդիր` պայքար գնաճի դեմ:

PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 1-ի նիստի ժամանակ, որը համընկավ գազի սակագների թանկացման հետ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփեց հակաճգնաժամային ծրագրի արդյունքները եւ հավաստիացրեց, որ կառավարությանը կհաջողվի գերակատարել տարեկան ծրագիրը եւ նվազեցնել արժեզրկման ներկա մակարդակը: Նա նաև նշեց այն աղբյուրները, որոնց հաշվին կառավարությունը կարող է իրագործել իր տարեկան ծրագիրը, նշելով, որ այդ առումով միջազգային ֆինանսական կառույցները “կանաչ լույս են’’ վառել Հայաստանի համար: Այս հայտարարությունները մեծ կասկած են հարուցում, հնարավոր է` կառավարությունն ուղղակի կատակել է, չէ որ ապրիլի 1-ն էր:

Միակ ճիշտ կանխատեսումը գնաճի մակարդակի մասին էր` 7 տոկոսի չափով: «Մենք գտնվում ենք բարձր գնաճի փուլում: Մարտին փետրվարի համեմատ, գնաճը երկրում գրանցվել է 0,8 տոկոսի մակարդակով, եւ դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, նա հավելել է, որ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն ավելի մեծ է` 8,8 տոկոս: 2010 թվականի կանխատեսումներով գնաճը կկազմի 7 տոկոս: Ըստ վարչապետի գազի սակագների բարձրացումն ապրիլի 1-ից անմիջական ազդեցություն է ունենալու գնաճի վրա` 0.5 տոկոսով, ընդ որում անուղղակի ազդեցությունը կազմելու է 0.9 տոկոս: Պաշտոնական տվյալները, ինչպես նաեւ ազգային արժույթի աճող արժեզրկումը վկայում են այն մասին, որ սպառողական շուկայում գները շարունակում են աճել: Մասնավորապես, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գներն աճել են 0.9 տոկոսով, ոչ մթերային ապրանքների գները` 0.8 տոկոսով, սպասարկման ոլորտում` 0.8 տոկոսով: Արժեզրկման վրա զգալի ազդեցություն է ունեցել բենզինի և դիզվառելիքի գնաճը, որը մարտին փետրվարի համեմատ աճել է համապատասխանաբար 4.1 և 4.5 տոկոսով: Ինչպես մեկնաբանել է PanARMENIAN.Net ի թղթակցին “Ֆլեշ” ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, գնաճը պայմանավորված է ինչպես վառելիքի միջազգային գների աճով, այնպես էլ ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթի իջեցմամբ: Երկրի իշխանությունները փորձում են ազդել մարդկանց սպասումների վրա ԶԼՄ-ում տարածվող հայտարարությունների միջոցով այն մասին, որ կենսաթոշակի միջին հավելումը կազմելու է 2 650 դրամ, իսկ նպաստինը` 3 500 դրամ, մոտ 1 մլն անապահով քաղաքացիներ 6-6,5 մլրդ դրամի չափով հատուկ օգնություն են ստանալու պետության կողմից: Բացի դրանից, ՀՀ կառավարությունը սոցիալական նախաձեռնությունների շրջանակներում որոշում է ընդունել փոխհատուցել Հայրենական մեծ պատերազմի 3.5 հազար հայ վետերանների “սառեցված” խորհրդային ավանդները 800 մլն դրամով (շուրջ 2 մլն դոլար): Այնուամենայնիվ, բնակչության մեջ հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները, մասնավորապես թոշակառուները դժգոհ են կառավարության սոցիալական նախաձեռնությունից և չեն հավատում, որ դրանք կթեթեւացնեն նրանց կյանքը: Դա արտահայտվել է երթուղային տաքսիների վարորդների գործադուլով: Համաձայն աղբյուրի, Հայաստանում գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գները կտրուկ աճել են: Նախկինում գազի բալոնները լիցքավորվում էին 1800 դրամով, իսկ հիմա` 2000 դրամով: 64 համարի երթուղային տաքսիների վարորդները մարտի 4-ին հայտարարել էին գործադուլ` բողոքելով ոչ միայն գազի գների դեմ, այլ նաև երթուղային տաքսիների տերերին վճարումների դեմ:

Սոցիալ-տնտեսական ոչ լիարժեք միջոցները, որոնք անցկացվում են երկրի կառավարության կողմից, չեն համապատասխանում գոյություն ունեցող իրողություններին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արմատական միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում անխուսափելի են սոցիալական լուրջ ցնցումները:

Վիկտորիա Արարատյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---