Բաքուն փորձում է «երրորդ ավելորդ» դառնալ

Իլհամ Ալիևը խիստ անհանգստացած է Հայաստանի հետ առաջիկա, ինչպես իրեն է թվում, պատերազմում դաշնակիցների որոնմամբ և սեփական բնակչության վրա, որն էլ հենց պատերազմելու է, նա թքած ունի

Բաքուն պատրաստվում է եթե ոչ գրավել Թուրքիայի տեղն Իսրայելում, ապա գոնե դառնալ երրորդը` մոռանալով «երրորդ ավելորդի» մասին: Ընդհանրապես պատմության մեջ հաջող եռամիությունների օրինակները քիչ են, առավել ևս տարբեր կրոնական հիմքի վրա: Ադրբեջանի ողջ ցավը նրանում է, որ նա այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել կրոնական պատկանելության հարցում և ճշտել, թե ով է ավելի մտերիմ` օտար սուննիական Թուրքիան, թե մոտ շիիթական Իրանը: Այդ ընտրության մեջ ամենատհաճն այն է, որ երկու դեպքում էլ Բաքուն պարտվում է: Որքան էլ հնազանդ լինի ժողովուրդը Ալիևների կլանին, իսլամում, ինչպես և ցանկացած այլ կրոնում, կան բաներ, որոնք դժվար է ստիպել ժողովրդին ընդունել:

PanARMENIAN.Net - Իսկ Ադրբեջանում իրերը ճիշտ այդպես են դասավորված: Շեյխ-ուլ-իսլամի հոգևոր առաջնորդը հենց շիիթների ղեկավարն է և երբեք չի ենթարկվի թուրքական մուֆթին: Բայց այժմ խոսքը հարևան պետության կրոնական գործերի մասին չէ, այլ նրա` եթե ոչ տարածաշրջանային առաջնորդի, ապա գոնե նրա ստվերի դերը խաղալու հավակնության մասին: Իսկ քանի որ ենթադրվող առաջնորդներն երկուսն են, ապա ընտրության խնդիր է առաջանում: Իսլամական պետության աշխարհիկ մոդելը, ինչպես դա երևում է Թուրքիայի օրինակով, առանձնապես կենսունակ չէ: Ու եթե անգամ Արդարության ու զարգացման կուսակցությունը 2011 թվականին պարտություն կրի խորհրդարանական ընտրություններում, միևնույն է, Թուրքիայի բնակչության մեծամասնությունը, ներառյալ Ստամբուլը, շարիաթի համաձայն են ապրելու: Իրանական մոդելն ավելի գերադասելի է Ադրբեջանի բնակչության համար, սակայն Իլհամ Ալիևը խիստ անհանգստացած է Հայաստանի հետ առաջիկա, ինչպես իրեն է թվում, պատերազմում դաշնակիցների որոնմամբ և սեփական բնակչության վրա, որն էլ հենց պատերազմելու է, նա թքած ունի: Հանուն դրա Բաքուն պատրաստ է «ընկերություն» անել ում հետ պատահի: Թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին ժամանակներս հեռու են նախկին իդիլլիայից, և Բաքուն ցանկանում է Անկարայի տեղը զբաղեցնել: Ի դեպ, դա կարող է և հաջողվել նրան. Իսրայելում բազմաթիվ բաքվեցիներ կան, որոնք առաջ կտանեն Երուսաղեմի ու Բաքվի մերձեցման գաղափարը: Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներում ավելի հաճախ են սկսել խոսել Իսրայելի հետ դաշնակցական հարաբերությունների մասին` մոռանալով նաև թուրքական շահերի մասին: Դա առանձնապես ակնհայտ է դրսևորվում Հայոց ցեղասպանության հարցում Բաքվի դիրքորոշման մեջ: Միլլի Մեջլիսի պատգամավորները քննարկում են Քնեսեթի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներմուծելու մասին «Մերեց» կուսակցության նախաձեռնությունը: Ամենահետաքրքիրն այն է, որ լրատվամիջոցներով անհնար է որոշել` արդյոք Իսրայելից զրուցակիցը ճիշտ է խոսում, թե ոչ: Ահա և ադրբեջանական քարոզչության վերջին գլուխգործոցը:

Իսրայելցի քաղաքագետը մեկնաբանել է իրադրությունը Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդում է Bakililar.AZ-ը, իսրայելցի քաղաքական գործիչ, ռաբբի Աբրահամ Շմուլևիչը ՍՄԻ 2-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: «Բաքվի հետ հարաբերություններն Իսրայելի համար առաջնային են: Իսրայելը երրորդ երկրի հետ հարաբերությունները չի զարգացնի ի վնաս իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների: Այնպես որ, եթե Ադրբեջանը հարձակման զոհ դառնա, ապա, անկասկած, նա կստանա Իսրայելի օգնությունը: Եթե նոր պատերազմ սկսելու ենթադրվող պահին (որը, եթե սկսվի, ապա` մի քանի տարի անց) Ադրբեջանը և Իսրայելը նախկինի նման դաշնակիցներ լինեն, և եթե հարաբերությունների աստիճանը գտնվի ռազմավարական միության աստիճանի վրա, ապա այդ օգնությունը կլինի զանգվածային և արդյունավետ: Սակայն արժի հիշել վերջերս «Ձուլած արճիճ» օպերացիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերը, երբ ի պատասխան իսրայելական քաղաքների չդադարող հրթիռային գնդակոծումների, Իսրայելը ստիպված էր զորք մտցնել Գազայի հատված ահաբեկիչների հետ հաշվեհարդար տեսնելու համար, այդ ժամանակ Ադրբեջանը հեղեղվեց հակաիսրայելական տրամադրություններով: Եթե գերակշռի այդ միտումը, ապա դժվար թե ռազմական օգնություն ցուցաբերվի»: Փաստացիորեն Շմուլևիչը, միգուցե և անկախ իր կամքից, բավական լուրջ վերապահում կատարեց հակաիսրայելական տրամադրությունների վերաբերյալ: Եթե նա իսկապես քաղաքագետ է, ապա չի կարող չիմանալ, որ հենց Երևանում «Ձուլած արճիճ» օպերացիայի դեմ ոչ մի բողոքի ցույցեր չեն եղել և չէին կարող լինել: Հայաստանը, ի տարբերություն իր հարևանների և մասնավորապես` Ադրբեջանի, այլ պետությունների ներքին գործերին չի միջամտում:

«Բաքվի մամուլում հայտնվող որոշ անձանց հայտարարությունները նրանց մասնավոր կարծիքն են և չեն արտացոլում Իսրայելի պետության դիրքորոշումը: Շմուլևիչին Իսրայելում ոչ ոք լրջորեն չի վերաբերվում, նա իր շուրջը մի քանի հոգու է հավաքել և իրեն ներկայացնելով որպես առաջնորդ` իրեն քաղաքական ֆիգուր է համարում»,- հայտնել է Թել-Ավիվում Արևելյան Եվրոպայի երկրների Ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---