Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի համար հայ-ռուսական պայմանագրերը

Օգոստոսի 23-27-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Քաղաքական իրադարձություններն այս շաբաթ զարգանում էին Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու պատճառի և հայ-ռուսական պայմանագրերի շուրջ: Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը շատ կարևոր է և’ Երևանի, և’ Մոսկվայի համար: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերի համաձայն, այդ փոփոխությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու համար: Նա, միաժամանակ, նշել է, որ կարգավիճակի այդպիսի ընդլայնումը կհանգեցնի այն բանին, որ Հարավային Կովկասում հիմնախնդիրների լուծումն ու բանակցությունները իրականացվեն միայն խաղաղ ճանապարհով:

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է դրական ազդեցություն ունենան տարածաշրջանային կայունության զարգացման գործընթացի վրա: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է ԱՊՀ Երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Այդ համատեքստում հայ փորձագետն առանձնապես ընդգծել է Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին պայմանագրի ստորագրումը: Նրա կարծիքով, պայմանագրի ստորագրումը պետք է դիտարկել ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական հարաբերությունների, այլև տարածաշրջանային կայունության ու անվտանգության շրջանակներում: «Տեսականորեն մենք Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանում անվտանգության առկայության ու պահպանման համար կայունացնող գործոն»,- նշել է նա:

Ելնելով Արձանագրությունում կատարված փոփոխություններից` Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին, կարելի է ասել, որ դա բացարձակ նոր պայմանագիր է: Այդ մասին Երևանում օգոստոսի 24-ին մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքերով, Երևանում չկա այնպիսի մարդ, որը չպաշտպանի երկրի ղեկավարությանն անվտանգության ապահովման հարցում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ պայմանագիրը որոշ մտավախություններ է առաջացնում: «Նրանում ոչինչ չի ասվում Ղարաբաղի անվտանգության ապահովման մասին, չի շոշափվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300-ի վաճառքի հարցը, որը չհերքեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը»,- ասել է Հակոբյանն, ավելացնելով, որ անորոշ է 49 տարով ռազմաբազայի երկարացման պատճառը: Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերն ապացուցել են` Հարավային Կովկասն առաջնային է Մոսկվայի համար:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երակարացնելու մասին որոշումը ճիշտ էր և ժամանակին Հայաստանի ղեկավարության կողմից: Այդ մասին նույն օրը Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Տեղեկատավական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի (ՏԱՄՀԿ) ղեկավար Նվեր Թորոսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում Հայաստանին անհրաժեշտ էին անվտանգության նոր, երկարաժամկետ և հուսալի երախշիքներ: «Ադրբեջանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում. մեծացնում է ռազմական բյուջեն, ներդրումներ է կատարում, ռազմական տեխնիկա է գնում: Ելնելով դրանից` մենք չէինք կարող պայմանագիրը թողնել այնպես, ինչպես նա եղել է 1995-ին ստորագրելու ժամանակ»,- ասել է Թորոսյանը:

Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրության ստորագրումից հետո Ռուսաստանը Կովկաս վերադառնալու գործընթաց է սկսել: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա կարծիքով, աշխարհը դադարել է միաբևեռ լինելուց, իսկ Բարաք Օբամայի իշխանության գալով, կարելի է ասել, այն բազմաբևեռ է դարձել: «Մի կողմից` Ռուսաստանը, մյուս կողմից` ԱՄՆ-ն և Եվրոպան, երրորդ կողմից` Չինաստանը: Այս պայմաններում ՀԱՊԿ-ն հզոր ուժ է դառնում: Փաստորեն, մենք հիմա գործ ունենք ոչ թե հայ-թուրքական սահմանի, այլ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև սահմանի հետ: Ավելի շուտ, ձևավորվելու է բավականին հզոր աշխարհաքաղաքական բլոկ, որտեղ Հայաստանն իր կարևորագույն տեղն ունի», - ասել է Բաբուխանյանը:

Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը չի կարող բացասականորեն ազդել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հանրապետության հարաբերությունների վրա: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը հասկանում է, որ ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը Արևմուտքը չի ողջունի: «Սակայն չպետք է մոռանալ, որ արևմտյան երկրները լավ հասկանում են, որ հայ-թուրքական գործընթացը ձախողել է Թուրքիան, իսկ այնպիսի փոքր պետությունն, ինչպիսին Հայաստանն է, Թուրքիայի համար բավականին խոցելի է», - ասել է Բեքարյանը: Նա ընդգծել է, որ Արևմուտքն այդպես էլ չկարողացավ Թուրքիային համոզել, որ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, այդ պատճառով էլ Հայաստանը փորձում է այլ ձևեր գտնել` իր անվտանգությունն ապահովելու համար: «Հենց այդ պատճառով Հայաստանում ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը բացասականորեն չի ազդի Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացի, ԵՄ-ի և Արևմուտքի հետ հանրապետության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների վրա:

Ցանկացած երկրի համար այդքան էլ լավ չի իր տարածքում այլ երկրի ռազմաբազան տեղակայելը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումը շահավետ է հայկական կողմին: Նրա խոսքերով, դրանով Մոսկվան տարածաշրջանում պահպանում է հավասարակշռությունը և նման կերպ ամրագրում, որ ցանկացած հակամարտություն տարածաշրջանում պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արձանագրությունում կատարված փոփոխության համաձայն ռազմաբազան պետք է պահպանի Հայաստանի անվտանգությունը, իսկ մեզ համար անվտանգության առաջին տարրը կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է նա, ավելացնելով, որ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այլ երկրներ կապաշտպանեն ԼՂՀ-ին: «Ամեն ինչ կախված է մեզանից: Հուսով եմ, որ ապագայում Հայաստանն այնքան հզոր երկիր կդառնա, որ կտեղակայի իր ռազմական բազաներն այլ երկրի տարածքում»,- ասել է Սահակյանը: Մեկնաբանելով ռազմաբազայի տեղակայումը 49 տարով երկարացնելու պատճառը` նա ասել է, որ հնարավոր պատճառներից կարող են լինել ձեռք բերված նոր պայմանավորվածությունները երկու երկրների միջև: Նրա խոսքերով, Ռուսաստանին հետագա համագործակցության համար երաշխիքներ են պետք:

Հայ-ռուսական հարաբերությունների վերջին գործընթացները որոշակի դժվարություններ են առաջացնում Ադրբեջանի մոտ, որը շարունակում է ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհի վերաբերյալ ռազմատենչ քարոզչությունը: Այդ մասին լրագրողներին Երևանում օգոստոսի 27-ին ասել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը պահպանում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը մոտ ժամանակները պատերազմն անհավանական է դարձնում: «Պայմանագրում հստակ ասվում է, որ ռուսական զորքերը կպահպանեն ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանն էլ ցանկանում է կոմպենսացնել հայ-ռուսական համաձայնությունները` իր ցանկությունը մատուցելով որպես իրականություն»,- ասել է Ջամալյանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարութունը հայ-թուրքական համաձայնությունների վերաբերյալ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի փոխզիջման են հասել Հարավային Կովկասի հարցում և նրա սահմաններից դուրս: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Այդ հայտարարությունը բխում է երկու երկրների շահերից: ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողություններից և տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ուժեղացումից»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ ԱՄՆ-ն իրականության չափավոր գնահատական է տվել:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---