Մինչև 2015-ն ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կկախվի օդում

Հազիվ թե Բարաք Օբաման չգիտի, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, սակայն Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան հետևակայինները նախագահի համար ավելի թանկ են

Ֆրանսիան որոշել է չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ և մի կողմ դրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Դա տեղի է ունեցել բոլորովին ոչ այն պատճառով, որ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Անկարային չընդունել այդ օրենքը: Մահմեդական կանացի զգեստն արգելելուց հետո երկրորդ հարվածն իսլամին կարող էր լինել ցավոտ և Ֆրանսիայի համար ոչ տեղին:

PanARMENIAN.Net - Կարելի է նույնիսկ ենթադրել, որ այդ կերպ Փարիզն Անկարային ազդանշան է տվել՝ օրենքը չենք ընդունի, բայց դուք միևնույն է Եվրոպա չեք մտնի: Ֆրանսիայի հայ համայնքի համար այդ բացատրությունն ավելի մոտ է իրականությանը: Գերտերությունները երբեք չեն ընդունի օրենքներ, որոնք կհանգեցնեն իրենց համար անցանկալի հետևանքների: Հազիվ թե Բարաք Օբաման չգիտի, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, սակայն Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան հետևակայինները նախագահի համար ավելի թանկ են: ԱՄՆ-ում չեն մոռացել, թե ինչպես է Թուրքիան 2003-ին թույլ տվել օգտվել իր տարածքից դեպի Իրաք մատակարարումների համար: Ոչ մի երաշխիք չկա, որ պատմությունը չի կրկնվի Աֆղանստանի հետ կամ, Աստված մի արասցե, Լիբիայի հետ: Դա հասկանում են նաև կոնգրեսականները և Պետդեպարտամենտը: Կարելի է ենթադրել, որ հենց ԱՄՆ-ը հեռանա Աֆղանստանից և Իրաքից, Հայոց ցեղասպանությունը կարող է ճանաչվել ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Ընդ որում այդ ճանաչումը կլինի ոչ թե House resolution-ի ձևով, այլ իսկական ճանաչում:

Իսկ առայժմ սփյուռքի և քաղաքականության հայտնի դեմքերը, որոնք աջակցում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պահանջում են պատմական արդարության վերականգնում: Այնուամենայնիվ, մինչև 2015-ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, դժվար թե ինչ-որ բան փոխվի: Շատ քչերն են ուշադրություն դարձրել նրան, որ այս տարի կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրես չի ներկայացրել ճանաչման մասին բանաձև: Դրան երկու բացատրություն կարելի է տալ. կամ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված ուղերձում կամ կոնգրեսականը, դառը փորձից ելնելով, որոշել է սպասել մեկ տարի:

Երևում է, ԱՄՆ քաղաքական գործիչների քարոզարշավին միացել է նաև Ֆրանսիան: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին չեն կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խոստումները նախընտրական քարոզարշավների ժամանակ: Nouvelles d'Arménie թերթին տված հարցազրույցում Ազնավուրը կոչ է արել Սարկոզիին կատարել խոստումը, քանի որ Ֆրանսիայի հայերը կարող են հիշել այդ մասին 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Բայց ահա ինչն է հետաքրքիր: Երբ ՌԴ Պետդուման 1995-ին որոշում ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, թուրքական կողմն այդքան բուռն չարձագանքեց: Բանը Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ է. Ռուսաստանի հետ հեշտ է խոսելը եթե ոչ շանտաժով, ապա ներդրումները դադարեցնելով, իսկ Եվրոպային և ԱՄՆ-ին Թուրքիան միայն կարող է շանտաժի ենթարկել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---