Ի՞նչ կտա Հայաստանին ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին միանալը

Փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսական հնարավորությունների զարգացման համար

Առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը կնպաստի ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելացմանը։ Պայմանագիրն, անկասկած, քայլ առաջ է ԱՊՀ երկրների համար, քանի որ առևտուրը կընթանա միասնական կանոններով, ԱՀԿ դրույթներով: Բուն պայմանագիրը հնարավորություն է տալիս ունենալ միասնական իրավապայմանագրային հարթակ առևտրի ոլորտում համագործակցելու համար։ Հայաստանի համար այդ պայմանագիրը ԱՊՀ երկրների հետ առևտուր անելու հնարավարությունների արձանագրում է՝ Հայաստանի ապրանքաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին:

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը Սանկտ Պետերբուրգում պայմանագիր է ստորագրել ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին։ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ պայմանագրով չեղյալ են հայտարարվում մի շարք ապրանքների համար ներկրման և արտահանման մաքսատուրքերը։ Պայմանագիրը ստորագրել են ԱՊՀ բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի, որոնք, Պուտինի խոսքով, մինչև տարեվերջ կուսումնասիրեն պայմանագրին միանալու հնարավորությունը։

ԱՊՀ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որի վրա մեր մասնագետներն աշխատում են 1993 թվականից, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով կառավարության նիստը։ 1993-ին մենք եկել էինք նման համաձայնության և ստորագրել համաձայնագիր, սակայն այն չվավերացվեց։ Նրա խոսքով, հետագայում այս ուղղությամբ կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ, և հիմնականում այդ աշխատանքները նոր թափ են ստացել վերջին 2,5 տարիների ընթացքում, ինչի արդյունքում մենք կարողացանք համաձայնության գալ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ համաձայնագիրը Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն։ «Առաջին, առանց մաքսատուրքերի մենք հնարավորություն ենք ունենալու առևտրաշրջանառություն իրականացնել այն պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը։ Երկրորդ, ստեղծվում են միասնական կանոններ՝ լիցենզավորման, կոդավորման և այլն, որոնք առկա են ստորագրված փաստաթղթում։ Սրա արդյունքում որևէ երկիր այլևս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար։

Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթուղթը կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա։ Դրանում ամրագրված է, որ այս համաձայնագրի շրջանակում կցված անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են։

Պետք է արձանագրենք, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետև նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է։ Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններ՝ այդ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու և ծառայություններ մատուցելու համար։ Համոզված եմ, որ սա լրացուցիչ խթան է հանդիսանալու մեր տնտեսական կարողությունների զարգացման համար»,-ասել է վարչապետը։

Մաքսային միության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ԵվրԱզԷՍ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Սերգեյ Գլազևը նշել է, որ ըստ պայմանագրի «գոյություն ունի ազատ առևտրի ստանդարտ ռեժիմ, որը հասկանալի է բոլոր մասնակիցներին»: Բացի այդ, ըստ նրա, այդ փաստաթուղթը շատ կարևոր քայլ է միասնական տնտեսական տարածության ստեղծման ճանապարհին: Նա հույս է հայտնել, որ հետագայում կողմերը եզրակացության կգան որոշ սահմանափակումների բացառման վերաբերյալ, մասնավորապես, դա վերաբերում է շաքարին, ծխախոտին ու ալկոհոլին: Բացի այդ Գլազևը կոչ է արել կողմերին, մասնավորապես, Ուկրաինային, զգուշությամբ մոտենալ երրորդ երկրների ներգրավմանը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---