Բաշար Ալ Ասադը չի պատրաստվում հանձնվել ընդդիմության ողորմածությանը

Դամասկոսը հսկայական ազդեցություն ունի ողջ արաբական աշխարհի վրա և նրանից, թե որքանով Ասադը կկարողանա դիմակայել արտաքին ճնշմանը, կախված կլինի այդ նույն արաբական աշխարհի ճակատագիրը

Լիբիան վերածվեց իսլամական երկրի և Մերձավոր Արևելքում մնաց միակ աշխարհիկ մահմեդական երկիրը՝ Սիրիան: Լիբանանը, հասկանալի է, հաշվի մեջ չէ՝ այն չափազանց տարատեսակ է և այն մահմեդական երկիր համարելը սխալ է՝ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում են արաբ մարոնիտները: Հակասություններից և երկպառակությունից կեղեքված Լիբանանը կարող է ուղղակի մի հիանալի օր դադարել գոյություն ունենալ:Բայց հիմա ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համար գլխավորը Սիրիան է, որը համառորեն չի ցանկանում, որ իր մոտ գա «արաբական գարունը»:

PanARMENIAN.Net - Բրիտանական Daily Telegraph թերթին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը նախազգուշացրել է, որ արևմտյան երկրները չպետք է խառնվեն Սիրիայի ներքին գործերին և աջակցեն ժողովրդական ընդվզմանը, հայտարարելով, որ դա «կառաջացնի երկրաշարժ» կամ միջազգային ճգնաժամ՝ նման Աֆղանստանում իրավիճակին: Ասադը նաև ասել է, որ Սիրիայի կառավարությունն ընդունակ է ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը: Սիրիան Մերձավոր Արևելքի ամենաուժեղ պետություններից է և իր այդ ամուր դրությամբ նա պարտական է ներկա նախագահի հորը՝ Հաֆեզ Ասադին, որը կարծես թե կառուցում էր սոցիալիզմ, բայց իրականում ամրապնդեց երկրի հզորությունը խորհրդային սպառազինության շնորհիվ: Սիրիան մի ժամանակ Եգիպտոսի հետ կազմել էր Միացյալ Արաբական Հանրապետություն Կահիրե կենտրոնով: Պետության նախագահը եգիպտացի առաջնորդ Համալ Աբդել Նասերն էր, բայց սիրիացիները նույնպես զբաղեցնում էին շատ կարևոր պաշտոններ: ՄԱՀ-ը գոյություն ունեցավ ընդամենը երեքուկես տարի, ինչը բնական էր երկրների համար, որոնք նույնիսկ չունեին ընդհանուր սահման: Այնուամենայնիվ, Սիրիան և Եգիպտոսը հենց այն պետություններն էին, որոնք պայմաններ էին թելադրում Մերձավոր Արևելքում: Այդպես էր մինչև 2011-ի հունվարը:

Մուամար Քադաֆիի իշխանության տապալումից հետո արաբական աշխարհը վերջնականապես ընկղմվեց քաոսի մեջ, որը վերահսկվում է «Մահմեդական եղբայրների» կողմից, որոնց համար ողջ աշխարհը պետք է գոյություն ունենա Մարգարեի կանաչ խորհրդանշանի ներքո: Լիբիայում ներմուծված «չափավոր շարիաթը» ապացուցում է այդ փաստը: Ամեն ինչ սկսվում է հետո, երբ սկսում են ոչնչացնել քաղաքակրթության հուշարձանները, ինչպես դա եղավ Բամիանում (Աֆղանստան) Բուդդայի արձանիկների հետ: Արևմուտքը, չգիտես ինչու, նույն ճանապարհով ցանկանում է ուղորդել Սիրիային՝ կայացած աշխարհիկ իշխանությամբ երկրին: Բալար Ալ Ասադի խոսքով, Սիրիան Լիբիա չէ: «Սա այլ երկիր է աշխարհագրական, ժողովրդագրական և քաղաքական տեսանկյունից: Ցանկացած նման սցենար շատ թանկ կարող է արժենալ դրա հեղինակների համար, և բացի դրանից, Սիրիայում նման սցենարը գրեթե անիրագործելի է»,- ասել է նախագահը: Եթե Սիրիան դիմակայի միջազգային հանրության ճնշումներին, ապա պարզ կդանա, որ Մերձավոր Արևելքը միջնադար նետելու բոլոր փորձերը ձախողվել են: Ավելի ճիշտ, կձախողվեն, եթե Ասադը դիմանա մինչև վերջ: Իսկ նա, դատելով ամեն ինչից, չի պատրաստվում հանձնվել ընդդիմության ողորմածությանը՝ տեսնելով Քադաֆիի վախճանը: Բայց հետաքրքիր է, որ Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ), որը կարծես թե պետք է պաշտպաներ Սիրիային ամերիկյան ժողովրդավարությունից, տեղի է տվել միջազգային հանրությանը և փորձում է Ասադին դրդել ընդդիմադիրներին զիջումներ կատարելուն: Դոհայում ԱՊԼ պետությունների ԱԳՆ ղեկավարների և Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ դիվանագետները փորձել են լիցաթափել իշխանությունների և ժողովրդական ընդդիմության միջև լարվածությունը, «որի դեմ կիրառվում է ճնշում՝ դատապարտվող միջազգային հանրության կողմից»: ԱՊԼ-ն կոչ է անում Սիրիայի կառավարությանը «չկրակել անզեն ցուցարարների վրա»: Բայց արդյո՞ք դա իրականում այդպես է: Որքանո՞վ են արդար «արաբական գարունը» և Սիրիայի դեպքերը լուսաբանող ԶԼՄ-ները:

Իսկ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ինչպես միշտ, անում է այն, ինչ նրան թելադրում են: ՆԱՏՕ-ին երբեք չի կանգնեցրել ուշացած համապատասխան բանաձևը՝ սկսած Քուվեյթում «ժողովրդավարությունը վերականգնելուց»: Ճիշտ է, Սիրիայում նավթ չկա, բայց Դամասկոսը հսկայական ազդեցություն ունի ողջ արաբական աշխարհի վրա և նրանից, թե որքանով Ասադը կկարողանա դիմակայել արտաքին ճնշմանը, կախված կլինի այդ նույն արաբական աշխարհի ճակատագիրը: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա նա, ինչպես միշտ, հետևում է ամերիկյան քաղաքականությանը՝ չնայած հակառակի մասին Էրդողանի հավաստիացումներին: Արդեն այն, որ Թուրքիայի խորհրդարանում ձևավորվել է Սիրիայի հետ բարեկամության խումբ, շատ բանի մասին է խոսում: Բայց Անկարային թույլ չեն տա մասնակցել արաբական կարկանդակի բաժանմանը ոչ Լիբիայում, ոչ Եգիպտոսում, ոչ էլ Սիրիայում:

Միաժամանակ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ամբողջությամբ բացառում է դաշինքի միջամտությունն այն իրավիճակին, որը ներկա պահին ստեղծվել է Սիրիայում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---