Դովիլ, Հելսինկի, Աստանա, Աթենք, Վիլնյուս՝ ոչ մի նոր բան

Եթե հաշվի առնել այն, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջիկայում կայունություն չի հաստատվի, ապա Հարավային Կովկասում ևս հակամարտությունները կպահպանեն ներկա ստատուս քվոն, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ

Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովն ավարտվեց Ղարաբաղի վերաբերյալ հերթական հայտարարության ընդունմամբ: Թեպետ կարելի էր ակնկալել դա, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները տարածաշրջան կատարած յուրաքանչյուր այցից հետո: Միանգամից ասենք, որ հայտարարությունում ոչ մի նոր բան չկա՝ ուղղակի «կողմերը համաձայնվել են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու անհրաժշտության և խաղաղ կարգավորման հարցում առաջխաղացման համար մթնոլորտի բարելավման հետ» բանաձևին Դովիլի, Հելսինկիի, Աստանայի, Աթենքի և Սոչիի կողքին ավելացավ նաև Վիլնյուսը, ինչը սպասելի էր:

PanARMENIAN.Net - Բնական է, որ նման մակարդակի հանդիպումներում նման հայտարարության ընդունումն ուղղակի պարտադիր է ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահ-երկրների համար, որոնք ուղղակի պարտավոր են հայտարարել այն մասին, որ բանակցային գործընթացը գտնվում է նրանց ուշադրության տակ: Բայց արդյո՞ք դա այդպես է: Չէ որ չնայած բազմաթիվ հայտարարություններին և ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծից դիպուկահարներին հեռացնելու և ռազմատենչ հռետորության անթույլատրելիության մասին Ադրբեջանին ուղղված կոչերին Բաքուն ոչ մեկին չի լսում և անում է այն, ինչ խելքին փչում է: Իլհամ Ալիևը խելացիորեն կարծում է, որ համանախագահ-երկրներին և նաև ողջ աշխարհին հիմա չի հետաքրքրում Ղարաբաղը և օգտվելով իրավիճակից փորձում է հրահրել ԼՂՀ ՊԲ-ին պատասխան լուրջ գործողությունների, որոնց արդյունքում կարելի է պատերազմ հրահրել:

Հայտարարությունում հերթական անգամ խոսվում է ղարաբաղաադրբեջանական հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության մասին, բայց նշվում է «անընդունելի ստատուս քվոյի» մասին, որը ԵԱՀԿ կարծիքով չափազանց ձգձգվել է և լուրջ արգելք է հակամարտության լուծման ճանապարհին: Անմասն չմնացին նաև Հելսինկյան սկզբունքների մասին հիշատակումները, որոնք մեռելածին էին արդեն 1975-ին և չեն լուծում աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններից ոչ մեկը, ու զարմանք է հարուցում նրանց մշտական հիշատակումը: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող համատեղվել ազգի ինքնորոշման իրավունքի հետ, դա դեռ ոչ մեկին չի հաջողվել: Բայց այնուամենայնիվ, այդ սկզբունքները մշտապես կրկնվում են և արդեն դարձել են Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարությունների անպայման բաղադրիչը: Հայտարարությունների հեղինակներին, մասնավորապես ԵԱՀԿ-ին, կարելի է հասկանալ. ներկա պահին Բաքվի հետ վիճել չի կարելի, երբ Պարսից ծոցի երկրներից ածխաջրածինների մատակարարումները վտանգի տակ են: Եվրոպան ուղղակի այլընտրանք չունի և ստիպված է ռևերանսներ կատարել Ալիևի կողմը: Մի խոսքով, եթե Հայաստանը նավթ ու գազ ունենար, նրա հետ նույն կերպ կվարվեին:

Հայտարարությունում նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները նշել են, որ իրենց պետությունների ղեկավարները համանախագահ-երկրների աջակցությաբբ պատրաստ են կրկին հանդիպել մոտ ապագայում «իրենց ժողովուրդներին խաղաղություն, բարգավաճում և կայունություն ապահովելու ուղիների մասին ուղիղ երկխոսությունը շարունակելու համար»: Վերջերս կայունության և բարգավաճման մասին շատ է խոսվել և դա կարող է նշանակել, որ մինչև Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրությունները համանախագահ-երկրները շտապում են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, որովհետև նոր (կամ հին) նախագահի հետ պետք է գործընթացը սկսել զրոյից: Ճիշտ է, եթե հաշվի առնել այն, որ Սարգսյանի և Ալիևի պաշտոնների պահպանման հավանականությունը շատ մեծ է, ապա գալիք տարում մենք ռազմական հռետորության և սադրանքների ականատեսը կլինենք՝ ուղղված ինչպես ներքին կիրառմանը, այնպես էլ արտաքին աշխարհին: Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է նաև նրանից, թե ինչպես կլուծվի իրանական խնդիրը և «արաբական գարունը»: Միայն դրանից հետո կարելի է խոսել Հարավային Կովկասի երկրների և այս տարածքում հակամարտությունների նկատմամբ ուշադրության բարձրացման մասին: Երբ տարածաշրջանը որոշակի կայունություն ձեռք բերի, միայն այդ դեպքում կարելի կլինի լուծում գտնել: Բայց եթե հաշվի առնել այն, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջիկայում կայունություն չի լինի, ապա Հարավային Կովկասում հակամարտությունները կպահպանեն ներկա ստատուս քվոն, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---