Էրդողանը հրաժե՞շտ է տալիս Աթաթուրքի ժառանգությանը

Աթաթուրքի և նրա ժառանգության դեմ լուրջ պայքար է ընթանում. Թուրքիայի ԶՈՒ կայքից հեռացվել է Աթաթուրքի մասին էջը:

Ձախողված արտաքին քաղաքականությունից հետո Թուրքիան հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի առջև: Բանը նույնիսկ բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների մեջ չէ, հատկապես Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար գեներալ Իլկեր Բաշբուղի և մի քանի տասնյակ գեներալների և ծովակալների: Ճգնաժամն անդրադարձել է նաև քաղաքական կուսակցությունների վրա: Պետք է նշել, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) միջև հարաբերությունները երբեք ջերմ չեն եղել:

PanARMENIAN.Net - Բայց վերջին ժամանակները դրանք չափազանց սրվել են: Ժողովրդահանրապետական կուսակցությունը Թուրքիայում ասոցացվում է Աթաթուրքի հետ, որը կուսակցության հիմնադիրն է և դրա նկատմամբ առկա է համապատասխան վերաբերմունք: Պետք է նշել, որ հանրապետության հիմնադիրի և նրա դիմանկարների նկատմամբ քարոզվող հավատարմությունը ոչ մի կերպ չեն արտացոլում ԱԶԿ իրական վերաբերմունքը Մուսթաֆա Քեմալի նկատմամբ: Համբերություն չունեցող և չափազանց հավակնոտ վարչապետ էրդողանը խանդով է մոտենում յուրաքանչյուրին, ով կարող է նրան ետին պլան մղել: Տվյալ դեպքում այդ յուրաքանչյուրը Աթաթուրքն է և նրա կուսակցությունը: Աթաթուրքի և նրա ժառանգության դեմ լուրջ պայքար է ընթանում. Թուրքիայի ԶՈՒ կայքից հեռացվել է Աթաթուրքի մասին էջը: Երկրի կրթության նախարարությունը դպրոցներում և մարզադաշտերում չեղյալ է համարել Մուսթաֆա Քեմալի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին կայանալիք հանդիսությունները:Այս ֆոնի վրա ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուին ցուցմունք տալու համար դատարան կանչելը լիովին բնական և կանխատեսելի քայլ է: Քիլիչդարօղլին որպես պատգամավոր անձեռնմխելի է, սակայն նա դիմել է խորհրդարան՝ խնդրելով զրկել իրեն այդ առավելությունից: Նույնն արել են նաև ԺՀԿ 132 պատգամավորներ: Թուրքիայի դատախազությունը Քիլիչդարօղլիի նկատմամբ հարուցել է քրեական գործ դատարանի հասցեին վիրավորանքների համար այն պատճառով, որ նա իտալական Limes թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան անազատ մամուլով և դատաիրավական համակարգով երկիր է, որը խախտում է մարդու իրավունքները:

Որոշ կողմնակի նախանշաններով կարելի է ենթադրել, որ «Էրգենեքոն» կազմակերպությունը, ինչպես նաև «Կուվալդա» պլանը մտածվել էին իսլամիստների կողմից Աթաթուրքի ժառանգությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու համար: Էրդողանը հիանալի յուրացրել է իր երկրի դասերը և գիտի, թե ինչով է ավարտվում վարչապետի կարիերան, երբ նա գնում է զինվորականների դեմ: Ռազմական հեղաշրջումներն ավանդական են Թուրքիայի համար և ով գիտի, թե ինչպես կավարտվի ներկա վարչապետի կարիերան: Շատ հնարավոր է, որ զինվորականները վերջ ի վերջո կկորցնեն համբերությունը և կտապալեն Էրդողանին: Նրա կառավարության դեմ խոսում է քրդերի հարցերը լուծելու անկարողությունը, քաղաքական ընդդիմադիրների հետ ընդհանուր լեզու չգտնելը և այլն:

Մինչև վերջին ժամանակներն առանց գլխավոր շտաբի պատժամիջոցների և հավանության ոչ մի քաղաքական որոշում չէր կայացվում, և ոչ մեկի մտքով չէր կարող անգամ անցնել, որ դրությունը կարող է փոխվել, և իսլամիստներն իրենք են ընդունելու որոշումներ, որոնք, ի դեպ, Թուրքիային դրել են ներկա անշահավետ դրության մեջ: Արտաքին քաղաքականության մեջ մի ձախողումը հաջորդում է մյուսին, և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար բավական բազմամարդ թուրքական սփյուռքը համախմբելու Թուրքիայի ԱԳՆ բոլոր փորձերը հօդս ցնդեցին: Տապալվեց նաև «Խաղաղության և կայունության կովկասյան հարթակը», որը Թուրքիան փորձեց առաջ մղել 2008-ին Վրաստանում օգոստոսյան պատերազմի ժամանակ: Եվրամիությանն անդամակցելու մասին արդեն հարկ չկա խոսել: Եվ ո՞ւմ է պետք Եվրոպան երկրի արևելյան գավառներում, որն առավելապես բնակեցված է քրդերով:

Իսլամիստների համար հարցը հիմա լուրջ է դրված՝ կարող են նրանք կարճ ժամանակում վերադարձնել Թուրքիան օսմանյան ժամանակներին, շարիաթին, որը հիմա գործում է գավառներում: Էրդողանն ակամա ապացուցեց, որ Աթաթուրքի կողմից այդքան դժվարությամբ ներմուծված եվրոպական արժեքները չեն յուրացվել Թուրքիայում: Ըստ տրամաբանության ԱԶԿ հաջորդ քայլը պետք է լինի Աթաթուրքի դիմանկաների քանակությունը նվազագույնի հասցնելը: Եթե հասցնի...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---