Հայաստանը համագործակցության նոր սահմաններ է բացում

Շաբաթվա հիմնական տնտեսական իրադարձությունների տեսություն

Ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու վերջին փուլի ֆոնի վրա Հայաստանը համագործակցության նոր սահմաններ է բացում գործընկեր երկրների հետ: 2010 թվականի մարտի 11-ի կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է բոլոր նախարարներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման համար եւ համաձայնեցնել այն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթների հետ:

PanARMENIAN.Net - Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ զեկուցագրերում պետք է արտացոլվեն նաեւ այն խնդիրները, որոնք ծագել են 2009 թ. մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց:

Այս առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի ձեւավորման գործընթացն արդեն մեկնարկել է եւ այն կներկայացվի ընթացիկ տարվա հուլիսին:Նախարարը հիշեցրել է նաեւ, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ստիպված էին դադարեցնել նրա պլանավորումը ճգնաժամի պատճառով, սակայն այս պահի դրությամբ, քանի որ կառավարությունն արդեն իսկ անցել է պետբյուջեի պլանավորման կայուն փուլ, նախարարները պետք է ուշադրություն դարձնեն կառավարության գործունեության պլանավորմանը առաջիկա երեք տարում:

Հայ-լեհական հարաբերություններում համագործակցության նոր էջ է բացվում: «Լեհ վարչապետի այցը շատ հաճելի է. մի կողմից մենք քննարկել ենք երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումը, մյուս կողմից կողմերը հստակեցրել են առաջնությունները, որոնք խոր արմատներ ունեն հայ-լեհական հարաբերությունների խորացման համար»,- նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նա նաեւ հայտնեց, որ արդեն տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում, որի արդյունքներով ստորագրվել է համաձայնագիր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության մասին: Այդ նպատակով ստեղծվելու է միջկառավարական հանձնաժողով, որը զբաղվելու է տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում համագործակցության հարցերով:

Իր հերթին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հաղորդեց, որ սա նրա առաջին այցն է Հայաստան եւ ավելացրեց, որ ,սա երկու բարեկամական երկրների միջեւ նեղ համագործակցության ոչ թե վերջն է, այլ սկիզբը ոչ միայն պետական, այլ նաեւ հասարակական մակարդակումե: Նա նաեւ նշեց, որ պաշտոնական հանդիպման ընթացքում հայ գործընկերոջ հետ նշվել են երկու ժողովուրդների միջեւ պատմական կապերը: «Այդ պատմական կապերը իրենցից ներկայացնում են ոչ միայն պատմական, այլ նաեւ քաղաքական կապիտալ»: Տուսկը հավելել է, որ երկու ժողվորդների միջեւ կա փոխադարձ վստահություն, ինչը հիմք է ծառայում համագործակցության համար Հայաստան-ԵՄ շրջանակներում:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Երեւանում ծրագրվում է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել: Այդ մասին տեղի ունեցած երեք` Հայաստան-ԱՄԷ, Հայ-քաթարական, հայ-եգիպտական միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմերի նիստում հաղորդեց հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Նրա խոսքով, եգիպտական կողմից առաջարկություն է եղել նաեւ նիստի շրջանակում գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ: Մշակվել է նաեւ փաստաթղթերի փաթեթ` գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Նշվեց, որ Եգիպտոսում այս տարի նախատեսվում է նաեւ Հայաստանի մշակույթի օրերի անցկացում:

Փոխվարչապետը հանձնարարեց եգիպտական կողմից ժամկետների հստակեցումից հետո սկսել միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի կազմակերպման աշխատանքները, հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Մարտի 9-11-ը Հայաստանում է գտնվում Քուվեյթի պետությունից ժամանած պատվիրակությունը` Քուվեյթի պետության ֆինանսների նախարարության ներդրումային համաձայնագրերի վարչության պետ Ալի Ալ Մեթայրեֆի գլխավորությամբ: Քուվեյթցի պաշտոնյաների այցի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի պետության կառավարության միջեւ ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ խրախուսման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների անցկացումն ու նախաստորագրումն էր: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել նախագծի բոլոր կետերի շուրջ:

Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպել է Ալի Ալ Մեթայրեֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ հայ-քուվեյթական հարաբերություններն ավելի կընդլայնվեն եւ կխորանան` մասնավորապես կարեւորելով Քուվեյթում Հայաստանի նորաստեղծ դեսպանության դերը:

Նախարարի խոսքով անհրաժեշտ է քննարկել եւ որոշել համագործակցության համար առավել հեռանկարային ուղղություններ եւ համատեղ իրականացման համար կոնկրետ ծրագրեր մշակել: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը: Վարչապետը նշել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել ԾԻԳ-ի ստեղծմանը, որը պետք է համակարգի Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվելիք շինարարությունը Հայաստանում:

Մայիսի 14-15-ը Երեւանում տեղի կունենա «Խոսող քարերի երկիր-2010» (CTS-2010) ամենամյա միջազգային տուրիստական ցուցահանդեսը: CTS-2010 մասնագիտական ուղղվածությունը տարածաշրջանային է լինելու: Ցուցահանդեսին մասնակցելու հրավերներ են ստացել Թուրքիայի, Վրաստանի, Հունաստանի եւ այլ երկրների տուրիստական ընկերությունները:

Բացի այդ, միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունների արդյունքում, որոնք տեւել են 1,5 տարի, հաջողվեց ընդհանուր համաձայնության գալ, ինչը թույլ կտա իրականացնել Երեւանի Մետրոպոլիտենի ամբողջական վերանորոգումը:

Մարտի 12-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ը պայմանագիր կնքեց Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման (2-րդ փաթեթի) իրականացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում են հիմնադրամի մամլո ծառայությունից, պայմանագիրը շնորհվեց «ՍԱԴԵ» (Ֆրանսիա), «Բլեսկ» (Ռուսաստանի Դաշնություն) եւ ենթակապալառու «Արտեզիա» (Հայաստան) ընկերություններից բաղկացած կոնսորցիումին` 8.08 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Պայմանագրի ավարտը նախանշվում է 2011թ.-ի հուլիսի 31-ը: Պայմանագիրը ստորագրվեց ՀՄՀ-Հայաստանի գրասենյակում` Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի եւ «ՍԱԴԵ» եւ «Բլեսկ» ընկերությունների տնօրենների կողմից:

2010 թվականի մարտի 11-ին Հայաստանի կառավարությունն իր նիստում որոշեց հանրապետության տարածքում Զարգացման եվրասիական բանկի գտնվելու պայմանները: Այդ կապակցությամբ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը հիշեցրեց, որ 2008 թվականին Հայաստանը EDB-ում մասնակցելու հայտ էր ներկայացրել, ինչի արդյունքում նույն տարվա դեկտեմբերին բանկի Խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցությունը: Դրանից հետո, նրա խոսքով, Հայաստանի Ազգային Ժողովը 2009 թվականի փետրվարի 3-ին վավերացրեց տվյալ համաձայնագիրը: Այդ առիթով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց, որ EDB կանոնադրության համաձայն, Հայաստանի տարածքում Բանկն իրավունք ունի տրամադրելու ֆինանսական ծառայությունների ողջ շրջանակը, այդ թվում` ընդունել ավանդներ իրավաբանական անձանցից: ՀՀ ԿԲ ղեկավարը նշեց նաեւ, որ համաձայնագրի մեջ հարկավոր է լրացում ներմուծել, որի համաձայն EDB-ն Հայաստանում իր բանկային գործունեությունն իրականացնում է ԿԲ հետ համաձայնեցված կարգով եւ պայմաններով, առանց լիցենզավորման անհրաժեշտության:

2010 թ. մարտի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ ամիսներից սկսած միջազգային շուկաներում հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների գների աճով եւ տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնմամբ պայմանավորված գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում պահպանվելու է: Վերոնշյալ պայմաններում գնաճի շեղումները նպատակային թիրախից նվազեցնելու նպատակով Խորհուրդը շարունակում է կարեւորել դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը ;

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 21.3 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

2010 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաեւ շարժական գրավի առարկաների իրացման ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Բանկերի միության առաջարկությունները, մասնավորապես` Միասնական տեղակատվական բանկի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ:

Ասոցիացիան իր առջեւ նպատակ է դնում իրավահավասարության հասնել կոմերցիոն բանկերի հետ, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ասոցիացիայի նորանշանակ նախագահ, «Նոր հորիզոն» վարկային ունիվերսալ կազմակերպության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանը:

«Մեր առջեւ դրված է երեք նպատակ. առաջին հերթին, օրենսդրական փոփոխություններ, կապված նրա հետ, որպեսզի հասնենք իրավահավասարության կոմերցիոն բանկերի հետ հարկային դաշտում, մասնավորապես հարկերի վճարման չեղյալ համարումը մասնաճյուղերի համար եւ ԱԱՀ վճարումները ներկայացվող ծառայությունների համար, երկրորդ հերթին, ասոցիացիայի մասնակիցների պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացման համար կրթական առաջադրանքներ, ինչի մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆինանսաբանկային քոլեջի հետ, երրորդ հերթին, միջազգային կապերի հաստատում»,- ասել է Քերոբյանը:

Բացի դրանից, ասցիացիան իր առջեւ նպատակ է դնում հասնել իր ներկայացուցչի ընդգրկմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Ֆինանսական խորհրդի մեջ, ինչպես նաեւ ասոցիացիայի կազմի ընդլայնմանը: Խորեն Քերոբյանն անձնական առաջադրանքներ է համարում ասոցիացիայի շահերի եւ նպատակների պաշտպանությունը:

01.01.2010-01.03.2010թթ. ընթացքում օրենքով սահմանված կարգի համաձայն` այս ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետական տուրք, որից 2 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 75 000 դրամը` անհատ աուդիտորներից: Նշված ժամանակահատվածում տուգանվել է նաեւ մեկ անհատ աուդիտոր` 100.000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ի դրությամբ լիցենզավորված են 31 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր:

Հայաստանի Հանրապետությունում մարտի 11-ի դրությամբ թվով 279 հաշվապահ ունի որակավորման վկայական:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---