Տնտեսության վերականգնումը պետք է ուղեկցվի նոր աշխատատեղերի ստեղծմամբ

Աշխատատեղերի ստեղծման հարցը շատ է մտահոգում Հայաստանի կառավարությանը, քանի որ մտավախություն կա, որ քաղաքացիների շրջանում դժգոհություն կարող է առաջանալ հակաճգնաժամային քաղաքականության հարցում

Աշխարհի շատ երկրների հետ մեկտեղ Հայաստանը ևս ամփոփում է առաջին եռամսյակի արդյունքները, ինչպես նաև բացահայոտւմ է իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետությունը: Միջազգային ֆինանսական կառույցների մասնագետները գտնում են, որ համաշխարհային տնտեսության աճն ավելի արագ է ընթանում, քան ակնկալվում էր: Մասնավորապես, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի World Economic Outlook (WEO) զեկույցի, համաշխարհային տնտեսությունների վերականգնումը տարբեր տեմպերով է ընթանում` դանդաղ, զարգացած տնտեսությամբ շատ երկրներում, և վստահ` ձևավորվող շուկայով ու զարգացող երկրների մեծ մասում: Այժմ ակնկալվում է, որ համաշխարհային աճը կկազմի շուրջ 4 տոկոս:

PanARMENIAN.Net - Զարգացած տնտեսությամբ երկրների թվում ԱՄՆ-ն առավել հաջող է սկսել աճը, քան Եվրոպան ու Ճապոնիան: Երկրորդ խմբերի երկրներից աճի առավելագույն տեմպեր են ցույց տալիս Ասիայի երկրները, այն դեպքում երբ Եվրոպայի ու ԱՊՀ որոշ երկրներ հետ են մնում աճի տեմպերով:

Հարկ է նշել, որ տնտեսության վերականգնման փուլում հիմնական խնդիրներից մեկը գործազրկության դեմ պայքարն է: Գործազրկության բարձր մակարդակի պայմաններում զարգացած տնտեսությամբ երկրներում լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ ժամանակավոր գործազրկությունը կարող է վերածվել տևականի: Ըստ Աշխատանքի կազմակերպման միջազգային կազմակերպության , “մեծ քսանյակի” երկրներում հակաճգնաժամային միջոցները 2009-10թթ. օգնեցին ստեղծել և պահպանել շուրջ 21 մլն աշխատատեղ, սակայն, աշխատանքի շուկան նախկինի պես թույլ է մնում: Թույլ է այն նաև Հայաստանում, քանի որ առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010թ. հունվար-մարտ ամիսներին, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7,2 տոկոսով` կազմելով 84 400 մարդ: Ընդ որում մարտին փետրվարի համեմատ գործազուրկների քանակն ավելացել է 1 տոկոսով: Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-մարտին ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 5,5 տոկոս, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, սոցիալական լարվածությունն ավելացնում է սպառողական գների աճը, որն առաջին եռամսյակում 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,4 տոկոս: Իսկ միջին աշխատավարձը ավելացել է 5,6 տոկոսով, կազմելով շուրջ 101 274 դրամ, ինչն այնքան էլ մխիթարական չէ: Աշխատատեղերի ստեղծման հարցը շատ է մտահոգում Հայաստանի կառավարությանը, քանի որ մտավախություն կա, որ քաղաքացիների շրջանում դժգոհություն կարող է առաջանալ հակաճգնժամային քաղաքականության հարցում, որի արդյունքներն այնքան էլ զգալի չեն հանրության համար: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատատեղերի ստեղծման հարցը հետճգնաժամային փուլում ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից է: “Մեր առաջիկա ծրագրերը ուղղված պետք է լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն տնտեսական աճի արդյունքները”,- նշել է վարչապետը: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ ամենից շատ տուժեցին ֆինանսական շուկաները, ճգնաժամը Հայաստանում հատկապես ուժգին “հարվածեց” տնտեսության իրական հատվածին, որտեղից էլ և պետք է վերականգնում, հետևաբար, նաև աշխատատեղերի աճ ակնկալել: Առաջին եռամսյակի արդյունքներով որոշակի դրական տեղաշարժ կա արդյունաբերական ոլորոտում` 10 տոկոս աճ առաջին եռամսյակում, մասնավորապես, համաշխարհային տնտեսության վերականգնման և միջազգային շուկայում գնաճի հետևանքով: Մի կողմից, դա վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, և կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռևս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն արվում: Ճիշտ է, որոշակի հույսեր կարելի է կապել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, որտեղ գրանցել են 5 տոկոսանոց աճ, ուստի դրամական փոխանցումների աճ կարելի է ակնկալել: Այնուամենայնիվ, Հայաստանի արդյունաբերության ոլորոտում կան շատ չլուծված խնդիրներ, իսկ կառավարությունը հիշեց դրա մասին միայն այն ժամանակ, երբ ճգնաժամը սկսվեց: Թե ինչքան ժամանակ ու միջոցներ կպահանջվեն վերականգնման համար` հայտնի չէ: Այնպես որ, դեռ երկար ենք ստիպված լինելու սպասել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---