IFC-ի գործունեությունը Հայաստանում կընդլայնվի

Ընկերության ղեկավարությունը հատուկ ուշադրության է արժանացրել անշարժ գույքի և շինարարության բնագավառին, որոնք ծանր ժամանակներ են անցել և դեռ շարունակում են այդ ծանր ժամանակներն ապրել

Անցած շաբաթը նշանակալի էր IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի Հայաստան կատարած այցով: Նրան հետաքրքրում էին թե ինչպես են ծախսվում մեր երկրում իր գործընկերներին տրամադրած իր ընկերության գումարները: IFC-ը Համաշխարհային բանկի կառույցի մեջ միջազգային ֆինանսական ինստիտուտ է: Այն հիմնադրվել է 1956 թ., նպատակ ունենալով ապահովել զարգացող երկրներում մասնավոր ներդրումների կայուն հոսքը: Հայաստանը IFC-ի անդամ և բաժնետեր է դարձել 1995թ.: IFC-ը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է իրականացրել երկրում` տնտեսության մի շարք ոլորտների 18 ծրագրերում ներդնելով 87 մլն ԱՄՆ դոլար:

PanARMENIAN.Net - Նախորդ ֆինանսական տարում` 2010թ. հունիսի 30-ի դրությամբ, IFC-ի ներդրումների տարեկան ծավալը Հայաստանում աճել է և կազմել 35.3 մլն ԱՄՆ դոլար, որը պատմականորեն առավելագույն գումարն է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Ի լրումն իր ներդրումային գործունեության, IFC-ը Հայաստանում իրականացնում է նաև ակտիվ խորհրդատվական ծրագիր` ուղղված բանկային համակարգի զարգացմանը, կայուն էներգետիկայի ֆինանսավորմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը: Լարս Թանելի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահի և վարչապետի հետ, որոնք բարձր են գնահատել նրանց գործունեությունը Հայաստանում: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ խորհրդատվական և ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում ՄՖԿ-ի գործունեության ակտիվացումը և պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը: Նախագահն ընդգծել է հատկապես բանկային, էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում, գործարար միջավայրի բարեփոխումների և կառավարման համակարգի պարզեցման ուղղություններով ՄՖԿ-ի խորհրդատվական ծառայությունների կարևորությունը, նշելով, որ նաև կոնկրետ գործարար ծրագրերին կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի: ՄՖԿ-ի գործադիր փոխնախագահ Լարս Թանելը, խոսելով Հայաստանում կորպորացիայի գործունեության ընդլայնման ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն: IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելը և «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը ստորագրել են պայմանագիր, որը բանկին հնարավորություն կտա իր ներկրող և արտահանող հաճախորդներին առևտրի ֆինանսավորման ավելի լավ լուծումներ տրամադրելու և ընդլայնելու առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները: Համաձայն պայմանագրի, IFC-ն իր «Առևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագրի» միջոցով երաշխավորելու է առևտրի` «Ինեկոբանկի» ֆինանսավորած առանձին գործարքները: «Առևտուրը տնտեսական զարգացման անկյունաքարն է», ասել է Թանելը պայմանագրի ստորագրման ժամանակ: «Որպես երկարաժամկետ գործընկերներ և բաժնետերեր, մեզ ուրախացնում է այն, որ առևտրի ֆինանսավորման աջակցությամբ մտնում ենք «Ինեկոբանկի» հետ համագործակցության մեկ այլ փուլ: Դա շահավետ կլինի և’ բանկի, և’ նրա հաճախորդների համար, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկությունները»: IFC-ը «Ինեկոբանկին» 2 մլն դոլար է տրամադրել փոքր և միջին ձեռնարկությունների առևտրի ֆինանսավորման համար; IFC-ի համագործակցությունը «Ինեկոբանկի» հետ սկիզբ է առել 2006թ.: Այդ ժամանակվանից ի վեր IFC-ը բազմաթիվ անգամ բանկին տրամադրել է ֆինանսավորում: Տարեսկզբին IFC-ն օգնել է բանկին մեծացնելու վերջինիս միկրովարկերի տրամադրման կարողությունները` կատարողականի վրա հիմնված դրամաշնորհային ծրագրի միջոցով, որը հնարավոր է դարձնում եռամյա ժամանակահատվածում տրամադրելու ավելի քան 71,000 նոր միկորվարկեր անհատներին և փոքր ձեռնարկատերերին, հիմնականում Հայաստանի գյուղական շրջաններում: «Մենք երախտապարտ ենք IFC-ի կայուն գործընկերության և շարունակական աջակցության համար», ասել է Բալոյանն արարողության ժամանակ: «IFC-ի «Առևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագիրը» մեզ կօգնի էլ ավելի զարգացնելու առևտրի ֆինանսավորմանն ուղղված մեր աշխատանքները` առաջարկելով առավել մրցակցային պայմաններ մեր հաճախորդներին և ընդլայնելով մեր միջազգային կապերը ծրագրին մասնակցող գործընկեր բանկերի համաշխարհային ցանցի միջոցով»:

Պարոն Թանելը մեծ ներդրում է ունեցել IFC-ի գործունեության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս նոր ստեղծած շուկաների համար հնարավորությունների ստեղծման ու մարդկանց կյանքի բարելավման գործում: Օգոստոսի 26-ին Լարս Հ. Թանելը IFC-ի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Ամերիաբանկ և հանդիպել բանկի ղեկավարության հետ` նպատակ ունենալով ծանոթանալու IFC-ի Ամերիաբանկին տրամադրած միջոցների օգտագործման և այդ միջոցների շնորհիվ հաճախորդների աշխատանքներին, ինչպես նաև IFC-ի և Ամերիաբանկի հետագա անելիքներին: Հանդիպման մասնակիցները նշել են, որ Ամերիաբանկը հաջողությամբ և բավականին կարճ ժամկետներում է օգտագործել IFC-ի տրամադրած միջոցները: Նշենք, որ IFC-ն Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք` միջազգային առևտրի ֆինանսավորման համար և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար: Առևտրի ֆինանսավորման երաշխիքը բանկին հնարավորություն է ընձեռել ընդլայնելու իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքները Հայաստանում: Ամերիաբանկը միացել է IFC-ի «Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին»` որպես թողարկող բանկ և ստացել 100 տոկոս երաշխիք` իր հաճախորդների ներկրման և արտահանման գործառնությունների համար, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները: Բանկը ստացել է նաև ծրագրում մասնակցող ավելի քան 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն: Կարևորելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը տնտեսության համար` Ամերիաբանկն ակտիվորեն հանդես է գալիս այդ ոլորտի ֆինանսավորման տարբեր ծրագրերով: IFC-ից ստացված 15 միլիոն դոլարի վարկը Ամերիաբանկին հնարավորություն է տվել տրամադրելու երկարաժամկետ ֆինանսավորում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի թվով 8 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 26.08 ՄՎտ, իսկ կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրանքը`80.6 մլն ԿՎտ/ժ: Փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն օգնում է մեծացնելու Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնելու էլեկտրամատակարարման աղբյուրները, կրճատելու ածխաթթու գազի արտանետումները և նվազեցնելու երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից: Հանդիպման մասնակիցները դիտել են նաև տեսաֆիլմ "Ջերմուկ-2" փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որի նախագծային արժեքի գերակշիռ մասը ֆինանսավորվում է Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին՝ IFC-ի տրամադրած վարկի շրջանակներում: «Միջազգային ֆինանսական կորպարացիայի (IFC) ներդրումները Հայաստանում զգալիորեն ակտիվացել են` 2009-ի 5 մլն դոլարից դառնալով 35 մլն դոլար` 2010-ի հունիսի 30-ի դրությամբ, ինչը բավական էական աճ է»,- ասել է IFC գործադիր փոխնախագահ Լարս Թանելը Երևան կատարած այցի ընթացքում: Միաժամանակ նա ընդգծել է, որ հաշվի առնելով այն ֆինանսական միջոցները, որոնք կորպորացիան պատարստ է ներդնել Հայաստանում և այն հետաքրքրությունը, որը ցուցաբերում են մասնավոր հատվածը և երկրի կառավարությունը, ենթադրում են, որ IFC գործունեությունը Հայաստանում կընդլայնվի: «Մենք հասկանում ենք, որ Հայաստանում անշարժ գույքի և շինարարության ոլորտը շարունակում է ծանր ժամանակներ ապրել, և մենք հույս ունենք, որ մեր մասնակցությամբ իրավիճակը կմեղմվի»,- ասել է Լարս Թանելը:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---