Իրան-Հայաստան գազատարը ՀՀ կառավարության դիվանագիտական հաղթանակն է

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող գազի սակագների կտրուկ աճը քաղաքական ճնշում է Հայաստանի վրա»: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Նրա կարծիքով, ռուսական կողմի պատճառաբանությունը, թե գների աճը պայմանավորված է միջազգային շուկայական գործընթացներով, «չեն համապատասխանում իրականությանը»: «Գազպրոմը թուրքմենական գազի համար վճարում է 44 դոլար 1 հազար խ/մ դիմաց, իսկ Հայաստանին իրացնում է 56 դոլարով, եւ ըստ ընկերության պարզաբանումների, վնասներ է կրում: Հայաստան առաքվող գազի սակագների աննշան եւ փուլային բարձրացումը կապահովեր ռուսական կողմի եկամուտը, սակայն գների նման կտրուկ աճը «քցել է» նշանակում,-հավաստիացրել է տնտեսագետը: Նրա խոսքերով, «հենց Մոսկվայի ճնշման պատճառով Իրան-Հայաստան գազատարը կառուցվում է 700 մմ տրամագծով խողովակներով, այլ ոչ թե 1500 մմ-ոց, ինչպես նախատեսված էր: Դա թույլ կտար Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր, իսկ իրանական գազը արտահանել Վրաստան, Ուկրաինա եւ արեւմտյան երկրներ: Սակայն այդ տարբերակը ձեռնատու չէր Ռուսաստանին»,-գտնում է տնտեսագետը:



Մինչդեռ, ըստ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանի, դեռեւս վաղաժամ է քննարկել Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի սակագների բարձրացման թեման: «Համաշխարհային շուկայում դիտվում է նավթի գների տեւական աճ, ինչը հանգեցնում է նաեւ գազի գների աճին: Հայաստանը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ վաղ թե ուշ գազի սակագները կբարձրանան: Հայաստանի կառավարությունը թույլ չի տա գների կտրուկ աճ եւ բացասական հետեւանքներ սպառողների համար: Կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-հավաստիացրել է փոխնախարարը: Նրա խոսքերով, մեր գործարարները պետք է հասկանան, որ էներգակիր արտադրությունը անշահութաբեր է դառնում եւ արդիականացման կարիք ունի: «Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի գիտատար տեխնոլոգիաների վրա: Դա է գերակայությունը»,-հայտարարել է Վարդանյանը` ավելացնելով, որ Հայաստանի կառավարությունը բոլոր քայլերը ձեռնարկել է երկրի էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար: «Իրան-Հայաստան գազատարի իրագործումը կառավարության դիվանագիտական հաղթանակն է: Այդ գազատարի շնորհիվ Հայաստանը ստանում է գազի ներկրման այլընտրանքային երթուղի»,-հայտարարել է նա, չբացառելով «խողովակաշարի շինարարության հնարավորությունը Ադրբեջանի հետ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---