Հայաստանը մասնակցում է Իրանում անցկացվող «Արմեքս 2010» միջազգային ֆորումին

Հայաստանը մասնակցում է Իրանում անցկացվող «Արմեքս 2010» միջազգային ֆորումին

PanARMENIAN.Net -
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մասնակցում է Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 9-10-ը անցկացվող «Ներդրումային եւ առեւտրային հնարավորությունները Հայաստանում» թեմայով` «Արմեքս 2010» միջազգային համաժողովին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարարը նշել է, որ միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության ներդրումային մեծ ունակություն ունեցող բնագավառների ներկայացումն է եւ համագործակցության նոր եզրերի ի հայտ բերումը:



Խոսելով ներդրումային ծրագրերի մասին` Գ.Սարգսյանն անդրադարձել է տրանսպորտի եւ հաղորդակցության բնագավառներին նշելով, որ այդ երկու ճյուղերը մեծ դեր ունեն տնտեսության ընդհանուր զարգացման գործում: Մասնավորապես, նախարարն առանձնացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցման եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը:



Գ.Սարգսյանը նշել է, որ երկու բարեկամական երկրների միջեւ ուղիղ երկաթուղային կապի ստեղծումը կհանդիսանա ոչ միայն խթանիչ ուժ երկկողմ բեռնաշրջանառության համար, այլեւ կկապի Պարսից ծոցի եւ Սեւ ծովի խոշորագույն նավահանգիստները` հնարավորություն ստեղծելով անհամեմատ մեծացնել Իրանի եւ Հայաստանի տարանացիկ նշանակությունը, իսկ «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կբարձրացնի ներկայիս գործող Իրանի հետ սահմանամերձ Մեղրի քաղաքից մինչեւ վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ տանող ավտոմոբիլային ճանապարհի թե' որակը եւ թե' թողունակությունը:



Գ.Սարգսյանը մանրամասն ներկայացրել է երկու նախագծերի իրականացման ընթացքը եւ պատրաստակամություն հայտնել քննարկելու իրանական ընկերությունների մասնակցությունը նախագծերի իրականացման բոլոր փուլերին:





«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիր

2010 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը հաշվարկված է մինչեւ 2017 թ.: Դրանով մեկնարկ տրվեց մի ծրագրի, որը Հայաստանին թույլ կտա ապագայում մեղմացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, թույլ կտա, որպեսզի Հայաստանը կարեւոր դեր խաղա տարածաշրջանում որպես տարանցիկ երկիր եւ միանա Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: Ողջ նախագծի արժեքը կարող է մեկուկես միլիարդ դոլարի հասնել: Իրանական բանկերը նույնպես պատրաստ են ֆինանսավորել ավտոմայրուղու առանձին հատվածների շինարարությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---