Տնտեսագետ. Հայաստանում բարձր գնաճի պատճառը մենաշնորհային շուկան է

PanARMENIAN.Net - Հայաստանում գնաճի վրա գլխավորապես ազդում է մենաշնորհատերերի մեծ քանակը, որոնք մանիպուլյացիաներ են կատարում շուկայում գների հետ, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը: Միաժամանակ նա պարզաբանել է, որ երկրում գնաճը տեղի է ունենում ներքին և արտաքին ճնշման տակ: «Արտաքին ճնշումը Հայաստանի գնաճի վրա ակնհայտ է, բայց այն այդքան մեծ չէ, որպեսզի հանգեցնի մեկ տարվա ընթացքում 6 տոկոսի: Եվրոպայում ոչ մի երկիր չկա, որտեղ գնաճը 3 տոկոսից բարձր է»,- ասել է փորձագետը:

Բացի դրանից, նրա խոսքերով, գնաճի վրա վերջին տարում ազդել է 2009-ին կառավարության ընդլայնված քաղաքականությունը, որի պայմաններում բյուջեի ծախսերը մեծացել են, իսկ եկամուտները` կրճատվել: Երրորդ պատճառը, որն ազդում է գնաճի վրա, Ավագյանը համարում է Հայաստանի Կենտրոնական բանկի էմիսիոն քաղաքականությունը:

Միաժամանակ Սամվել Ավագյանն ավելացրել է, որ բենզինի և դիզելային վառելիքի գները երկրում դժվար թե շարունակեն աճել, քանի որ փորձագետների կանխատեսումներով նավթի գներն էականորեն չեն բարձրանալու: Բացի դրանից, պարենային շուկայի բոլոր այն հատվածներում, որտեղ մենաշնորհատերեր չկան, գների էական փոփոխություններ չեն սպասվում: «Շաքարի և բուսական յուղի շուկայով դժվար է կանխատեսումներ անել, քանի որ շաքարի 99 տոկոսը ներկրում է մեկ տնտեսվարող սուբյեկտ»,- ասել է փորձագետը:

Միաժամանակ նա կարծում է, որ հետագայում երկրում գնաճը կրճատվելու է և տարեվերջին կարող է մոտենալ նախատեսված մակարդակին` 4±1,5 տոկոսի: «Շատ բան կախված է ԿԲ և կառավարության քայլերից, որոնք այսօր զսպողական քաղաքականություն են վարում: Այսինքն, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման դրույքը, իսկ կառավարությունը գնում է բյուջեի դեֆիցիտի կրճատման»,- ասել է տնտեսագետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---