ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի էներգետիկայի նախարարի այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման համար։ Կարևորելով Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան` վարչապետը մասնավորապես ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններում էներգետիկայի ոլորտը միշտ եղել է առաջատարներից մեկը, որը նոր հնարավորություններ կընձեռի` այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու։

Մաջիդ Նամջուին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահի և ժողովրդի ողջույնները և հավաստել իր երկրի պատրաստակամությունը` Հայաստանի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերը, կարևորել արդեն ընթացքի մեջ գտնվող էներգետիկ խոշորագույն ծրագրերից մեկի` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը։

Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները տարեցտարի ավելի են սերտանում, վարչապետն ընդգծել է մինչև այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների, համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ երկուստեք ցուցաբերվող հետևողականությունը։ Քաղաքական համաձայնությունները, որ ամրագրվել և ամրապնդվել են երկու երկրների նախագահների միջև Իրան-Հայաստան երկաթգծի նավթամթերքների խողովակաշարի կառուցման վերաբերյալ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց գործնական արտացոլումն են գտնում փոխգործակցության միջոցով։ Վարչապետը հույս է հայտնել, որ նմանատիպ ենթակառուցվածքների ստեղծումը բարենպաստ պայմաններ է ստեղծել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար։ Այդ առումով, կարևորվել է էներգետիկ ոլորտում նախատեսված ծրագրերի ժամանակին իրագործումը, որում երկու պետություններն էլ շահագրգիռ են։

Տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձաբար կարևորվել են պետական ու մասնավոր հատվածի համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, մասնավորապես` ջրային տնտեսության կառավարման, ճանապարհաշինության, հեռահաղորդակցության բնագավառներում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---