Փոխվարչապետը մարզերում ծանոթացել է ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին

Փոխվարչապետը մարզերում ծանոթացել է ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է մարզերում ծանոթանալ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին: Այսօր նա ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլ. Մովսիսյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն Յու. Ջավադյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, շինաշխատանքներն իրականացնող և դրանց ընթացքը վերահսկող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ ծանոթացավ Մարտունու և Զոլաքարի պոմպակայանների վերականգնման և վերազինման աշխատանքների ընթացքին:

Զոլաքարի պոմպակայանի վերականգնման և վերազինման ծրագրի համար հատկացումների ծավալը կազմում է 3,2 մլն, իսկ Մարտունու պոմպակայանի համար` մոտ 2 մլն դոլար: Աշխատանքները մեկնարկել են այս տարի հունիսին և նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2011թ. հունիսի 1-ը: Սևանա լճի մակարդակի բարձրացման պատճառով պոմպակայաններին ջրածածկում էր սպառնում, դրանց ամբողջությամբ վերականգնումն արդեն հնարավորություն կտա անխափան ջրամատակարարում ապահովել:

Ընդգծելով աշխատանքների` որակով և ժամանակին իրականացումը` փոխվարչապետը հատուկ անդրադարձավ պոմպակայանների վերականգնման հրատապությանը` դա կարևորելով ինչպես ոռոգման շրջանի անխափան կազմակերպման, այնպես էլ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ակնկալվող տեմպերի ապահովման տեսանկյունից: Նշվեց, որ աշխատանքների բարեխղճորեն իրականացումը հնարավոր խնայողությունները մյուս պոմպակայանների վերակառուցմանն ուղղելու նախադրյալներ կստեղծի:

Փոխվարչապետը մեկ անգամ ևս նշեց, որ կառավարությունը հետևողական ուշադրություն է դարձնելու ՀՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին և կարևորեց տեղական ու տարածքային իշխանությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրությունն ու աջակցությունը իրականացվող ծրագրերին, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---