Հայաստանի վարչապետն ընդունել է ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությանը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանների միջև ուղղակի կապերի խորացման հարցը քննարկվել և կարևորվել է 2010թ. հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում կայացած ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգի շրջանակում:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Ռոստովի մարզի միջև փոխգործակցության ընթացքից և բարձր գնահատելով պատմականորեն ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններում Ռոստովի մարզի հայկական համայնքի դերակատարությունը` զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ՀՀ տնտեսությունում արձանագրված վիճակը և անդրադարձել համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հեռանկարային են համարվել արդյունաբերության տարբեր ճյուղերում, կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը։

Հումանիտար ու մշակութային կապերի ամրապնդման և զբոսաշրջության զարգացման առումով կարևորվել է Հայաստանում Ռոստովի մարզի մշակույթի օրերի անցկացումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---