Ֆրանսիական ընկերությունները միանգամայն հաջող են աշխատում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապի ծառայությունը, փոխվարչապետը նախ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց դեսպանին` բարձր գնահատելով երկու երկրների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները: Ա. Գևորգյանը նշեց, որ ստեղծված է երկկողմ բավականին լայն գործակցություն ինչպես տնտեսական, կրթամշակութային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով: «Սա նաև այն համագործակցությունն է, որն ավելի է ամրապնդում երկու երկրների միջև ինչպես քաղաքական երկխոսությունը, այնպես էլ տնտեսական փոխգործակցությունը»,- նշեց փոխվարչապետը:

Արմեն Գևորգյանը նկատեց նաև, որ ֆրանսիական ընկերությունները բավական լուրջ ներկայացված են ու հաջողությամբ աշխատում են տնտեսական ոլորտում և մասնավորապես` ենթակառուցվածքների համակարգում:

Դեսպանն իր հերթին տեղեկացրեց, որ արդեն եղել է որոշ մարզերում և հանդիպել ֆրանսիական համայնքների հետ գործակցող համայնքների ղեկավարների հետ: Նա նշեց, որ շարունակելու է այցելությունները, և իր գործունեությամբ կաջակցի այդ կապերի խորացմանը` ավելացնելով, որ նման փոխգործակցությունը վկայում է երկու երկրների հարաբերությունների կենսունակության մասին: Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին` դիվանագետը կարևորեց գոյություն ունեցող համագործակցության առավել խորացումն ու դիվերսիկացումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև միգրացիոն ոլորտում գործակցության հարցերին` ինչպես Հայաստան-Եվրամիություն, այնպես էլ երկկողմ ձևաչափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---