Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Երևանի շուկաներում

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Երևանի շուկաներում

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի մի շարք շուկաներում՝ ծանոթանալու բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընթացքին, ինչպես նաև գործող շուկաներում առևտրականներին առաջարկվող պայմաններին։

Քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարեց ամենօրյա խիստ և հետևողական վերահսկողություն սահմանել շուկաներում սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով շուկաներում առկա պայմաններից` նոր տեղափոխված առևտրականները Տարոն Մարգարյանին, այնուամենայնիվ, իրենց որոշակի դժգոհությունը հայտնեցին շուկա այցելողների քանակի հետ կապված՝ կարծիք հայտնելով, որ դա, թերևս, շուկաների տեղերի մասին քաղաքացիների անտեղյակության հետևանք է։ Քաղաքապետի առաջին տեղակալը հենց տեղում հանձնարարեց շուկաների տնօրեններին կարճ ժամկետում բնակչության համար տեսանելի, ակնառու գովազդային և ուղղորդող վահանակներ տեղադրել։

Շուկաների տնօրինության հետ փոխադարձ համաձայնությամբ, սկզբնական շրջանում առևտրականներից վարձավճար չի գանձվում։ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապօրինի առևտրի դեմ պայքարի հարցում քաղաքապետարանը վճռական է լինելու. «Տեղերը բավական շատ են, իսկ եթե պահանջարկ լինի, նոր մինի շուկաներ կկազմակերպվեն»,-նշեց քաղաքապետի առաջին տեղակալը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---