Մարտի 22-ին կայացել է Հարկային ստուգումների ուղեցույցների երկհատորյակի շնորհանդեսը22 մարտի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեում մարտի 22-ին տեղի է ունեցել Հարկային ստուգումների ուղեցույցների երկհատորյակի շնորհանդեսը: Ուղեցույցները, որոնք տպագրվել են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցության (ՀՎԲՕՏԱ) ծրագրի կողմից, մշակվել են ՀՎԲՕՏԱ-ի և ՊԵԿ-ի համատեղ ջանքերով` նպատակ ունենալով հեշտացնել Հայաստանի տնտեսության որոշակի ոլորտներում գործող հարկ վճարողների համալիր ստուգումների իրականացումը: Ուղեցույցները հատկապես կօգնեն ստանդարտացնել առանձին ոլորտներում իրականացվող հարկային ստուգումները` ապահովելով ՊԵԿ տեսուչների բարձր որակավորման մակարդակ, ինչպես նաև ՊԵԿ-ի տեսուչների համար ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների աշխատանքների կարգը, մեթոդները, եղանակները և ընթացակարգերը սահմանող տպագիր աշխատանքային նյութեր: «Մենք կարևորում ենք ինչպես այդ համակարգի ներդրումը, այնպես էլ, ըստ կոնկրետ ոլորտների, ռիսկերի և հարկային ռեզերվների բացահայտումը: ՊԵԿ մասնագետների ուժերով մշակվել են նաև մի շարք կարևոր ոլորտների ստուգման ուղեցույցներ, այդ թվում` շինարարության, կրթության, առողջապահության ոլորտներում»,- նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Մենք որոշել ենք ՊԵԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ նախաձեռնությամբ տպագրված երկհատորյակով ապահովել մեր համակարգի բոլոր ստուգող տեսուչներին: Այն կտեղադրվի նաև ՊԵԿ պաշտոնական կայքում, որից կօգտվեն բոլոր ցանկացողները: Կարծում եմ, ձեռնարկները կարող են օգտակար լինել ոչ միայն հարկային ծառայողների, այլև համապատասխան ոլորտի մասնագետների և ուսանողների համար: Դրան են ուղղված նաև Համաշխարհային Բանկի հետ համատեղ երեք խոշոր ոլորտներում (հանքարդյունաբերություն, էներգետիկա և կապ) ստուգումների մասնագիտական և միջազգայնորեն ընդունված մեխանիզմների ներդրմանն ուղղված աշխատանքները»,- ընդգծել է նա: «ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան» առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանն իր հերթին նկատել է, որ այս ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը հնարավորություն կտա հարկային մարմնին խուսափել ծրագրային նյութերի անհարկի կրկնությունից, նվազագույնի հասցնել աշխատանքային փաստաթղթերի կազմման համար պահանջվող ռեսուրսները և աշխատատարությունը: «Հավատացած ենք, որ այս բնագավառում ռիսկային չափանիշների վրա հիմնված մոտեցման ներդրումը և ստուգումների ընթացակարգերի ստանդարտացումը կնպաստեն Հայաստանի հարկ վճարողների շրջանում վստահության ամրապնդմանը և դրական ազդեցություն կունենան հարկային եկամուտների վրա»,- ասել է նա, հաղորդում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |