Աշտարակ և Թալին քաղաքների միջև ճանապարհը կդառնա քառուղի

Աշտարակ և Թալին քաղաքների միջև ճանապարհը կդառնա քառուղի

PanARMENIAN.Net - Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև բանակցված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (Հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրին։ Ծրագրով նախատեսվում է Աշտարակ և Թալին քաղաքների միջև ավելի քան 41 կմ ձգվող երկու գծային ճանապարհը վերակառուցել և լայնացնել քառուղի ճանապարհի։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում հեղինակային հսկողության աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների։

Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ստեղծել է Մեղրաձորի, Թեղուտի, Շնողի, Վարդանիձորի, Լեհվազի, Կուրիսի, Կարճևանի, Սոտքի, Արտանիշի, Մելիքգյուղի համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողային ֆոնդն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն։ Մասնավորապես, զգալի չափով մեծացվել են լեռնահումքային արդյունաբերության նպատակով օգտագործվող այդ հողերի վարձավճարները, որոնք կհամալրեն համայնքների բյուջեները և թույլ կտան իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---