Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ այս տարի գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու

Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ այս տարի գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ապրիլի 6 – ի աշխատանքային օրն անցկացրել է Արարատի մարզում` լինելով 7 համայնքներում: Նախարարը լսել է գյուղացիներին, հենց տեղում ծանոթացել խնդիրներին, որոնց մի մասը եթե ընդհանուր բնույթի են եղել, ապա մյուսներն առնչվել են համայնքային խնդիրներին: Դարակերտ և Նորաբաց համայնքների գյուղացիների հետ ունեցած հանդիպման ժամանակ գյուղացիների կողմից բարձրացված առաջին հարցը ոռոգման շրջանում առաջացած խնդիրներին է վերաբերել: Ջուր չլինելու հարցն այստեղ պայմանավորված է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» ծրագրի կողմից այդ համայնքներում իրականացվող աշխատանքներով: Ինչպես տեղեկացրել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել որոշ խոչընդոտներ: Գյուղատնտեսության նախարարը պահանջել է անհրաժեշտության դեպքում երկու հերթափոխով աշխատանքները կազմակերպել, որպեսզի գյուղացվիներն ապրիլի 10 – ին արդեն ջուր ունենան:

ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում ջրից բացի` գյուցիները բարձրացրել են նաև գյուղի գազիֆիկացման հարցը: Նախարարը խոստացել է այդ հարցն ուսումնասիրել և շուտափույթ լուծում տալ:

Բոլոր համայնքներում գյուղնախարարը տեղեկացրել է կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` 14 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր, որի 4 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը, գարու, եգիպտացորների սերմացուների տրամադրում, կոոպերացիաներին գյուղտեխնիկայով օժանդակելու ծրագիր, գյուղտեխնիկան տեխզննման այլևս չենթարկելու կառավարության որոշում:

Սերգո Կարապետյանը վստահեցրել է,որ այս տարի գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու: «Հայաստանի Հանրապետության նախագահն ու կառավարությունը կանգնած են գյուղացու կողքին», - ասել է Սերգո Կարապետյանը` հորդորելով գյուղացիներին լինել լավատես և հավատալ կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունավետությանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---