Տիգրան Սարգսյանը ծանոթացել է «Արփի լիճ» ազգային պարկի շինարարական աշխատանքների ընթացքին

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է «Արփի լիճ» ազգային պարկի շինարարական աշխատանքների ընթացքին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 20-ին այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք և ծանոթացել «Արփի լիճ» ազգային պարկի հյուրատան ու վարչական շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին, հանդիպել Բերդաշեն համայնքի բնակիչներին։

«Էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի նպատակն է զարգացնել էկոտուրիզմը և պահպանել Հայաստանում Շիրակ-Ջավախք բարձրավանդակի` Վրաստանի և Թուրքիայի սահմանի երկայնքով գտնվող տարածքների բացառիկ կենսաբազմազանությունը` միաժամանակ Շիրակի մարզում նպաստելով համայնքային կայուն զարգացմանը «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման և ազգային պարկի պահպանման գոտում համայնքային զարգացման ծրագրի (14 թիրախային համայնքներ) իրականացման միջոցով, ինչպես նաև նպաստել անդրսահմանային համագործակցությանը Հայաստանի և Վրաստանի միջև։ Ծրագրի բյուջեն կազմում է 2,2 միլիոն եվրո։

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը, անդրադառնալով տարածաշրջանում իրականացվող ծրագրերին, առաջնահերթ խնդիր է համարել անասնապահության զարգացումը: Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, արոտավայրերը հասանելի դարձնելու համար պետք է դրանք ապահովվեն ոռոգման ջրով և կառուցվեն ճանապարհներ։ Ըստ վարչապետի` մասնագետները, որոնք աշխատել են այս ծրագրի վրա, նշում են, որ նախագծի իրականացման արդյունքում համայնքի եկամուտները առնվազն 20 տոկոսով կավելանան։

«Համայնքին կտրամադրվի գյուղտեխնիկա, որի արժեքի 50 տոկոսը կհամաֆինանսավորվի պետության կողմից։ Համայնքի բոլոր տնտեսությունները համաձայնել են մտնել կոոպերատիվի մեջ և պատրաստ են ներդրումներ կատարել։ Եթե նման տնտեսական հիմք ստեղծենք գյուղացիների համար, ապա գյուղացիների եկամուտները տարեցտարի կավելանան»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ «Իհարկե, հասկանալի է, որ մի անգամից չենք կարող բոլոր հարցերը լուծել, բայց հավաստիացնում եմ, որ տարեցտարի կենսամակարդակն այս տարածաշրջանում կբարելավվի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Համայնքի կողմից առաջարկվող նախնական ներդրումային ծրագրերի շրջանակներում ներառված են ենթակառուցվածքների բարելավում, մասնավորապես` ջրարբիացում և խմոցների տեղադրում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ծրագրի շրջանակներում ջրարբիացման ուղղությամբ ներդնել մոտ 34 մլն դրամ։ Բերդաշեն համայնքի արոտավայրերի կառավարման ծրագրի նախնական արժեքը կկազմի մոտ 87 մլն դրամ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---