Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում, որը կոչված էր ներկայացնելու բանկորոշիչ հետազոտության արդյունքները

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում Հայաստանի բանկերի միության և Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի ղեկավարության, ինչպես նաև բանկերի համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Սեմինար-քննարկումը կոչված էր ներկայացնելու Հայաստանի բանկերի միության աջակցությամբ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից նախաձեռնված և իրականացված սինդիկատիվ հետազոտության արդյունքները` ուղղված Երևանում գործող բանկերի վարկանշային, վստահության և մի շարք այլ չափանիշների վերծանմանը: Բանկորոշիչ հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցման մեթոդով Երևան քաղաքի բնակչության շրջանում, քվոտային ընտրանքի միջոցով, ընտրանքի ծավալը` 600:

Հետազոտությունը նպատակ ուներ ներկայացնել հաճախորդների կարծիքը բանկային համակարգի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել յուրաքանչյուր գործող բանկ` ըստ իրենց առկա և պոտենցիալ հաճախորդների գնահատականների: Հետազոտության արդյունքները վերաբերում են բանկային համակարգի, ինչպես նաև առանձին բանկերի` տարիների ընթացքում ձևավորված համբավին, ակտիվությանը և գովազդային արշավների արդյունավետությանը: Հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս բանկերին ևս մեկ անգամ բանկային գործունեությանը նայել իրենց հաճախորդների աչքերով և մշակել իրենց հաճախորդներին առավել հարմարավետ և մատչելի ռազմավարություն:

Հետազոտությունն անդրադարձել է նաև բանկային համակարգի նկատմամբ վստահության չափանիշին, համաձայն որի բանկային ծառայություններից օգտվող հարցվողների 65%-ը ավելի շուտ կամ լիովին վստահում է բանկային համակարգին: Հատկանշական է այն փաստը, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով բանկերի նկատմամբ վստահությունը գրեթե չի փոփոխվել:

Հետազոտության արդյունքներում ամփոփվել են նաև առավել հաճախ օգտագործվող բանկային ծառայությունների, բանկերի ընդհանուր ծանոթության, բանկային ծառայությունների զարգացվածության, բանկային ծառայությունների անհրաժեշտության գնահատման, առավել հաճախ օգտագործվող բանկային ծառայությունների, բանկային ծառայություններից օգտվելու հաճախականության և այլ չափանիշները:

Քննարկման ժամանակ նշվեց նաև, որ բանկորոշիչ հետազոտությունը նախատեսվում է իրականացնել տարեկան 4 անգամ` յուրաքանչյուր եռամսյակի ավարտին: Տվյալ մոտեցումը թույլ կտա վերծանել բանկային համակարգում ըստ հաճախորդների հնարավոր փոփոխությունները և թույլ կտա բանկերի մարքեթինգի բաժնի պատասխանատուներին և ղեկավարներին գնահատել ինչպես իրենց կողմից մշակվող, այնպես էլ մրցակից բանկերի կողմից իրականացվող մարքեթինգային ծրագրերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---