Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, որ գալիք տարվանից տոկոսադրույքները գյուղացիների համար ավելի կնվազեն

Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, որ գալիք տարվանից տոկոսադրույքները գյուղացիների համար ավելի կնվազեն

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Շիրակի մարզ այցելության առաջին կանգառը տարածաշրջանի ամենաբարձր գոտում գտնվող Լանջիկ գյուղն էր, որտեղ բնակիչները նրան դիմավորեցին ՀՀ կառարարության միջոցներով կառուցված և վերջերս բացված «Համայնքային կենտրոն» նորակառույցի մոտ: Լանջիկի հողերն անջրդի են, այդ է պատճառը, որ ավելի քան 1500 հա գյուղատնտեսական նշանակության տարածքների կեսը վերածվել է արոտավայրերի: Մնացածը զբաղեցնում են հիմնականում գարու և կարտոֆիլի ցանքատարածքները:

«Գալիք տարում հանրապետություն ներկրվելիք գյուղտեխնիկայից բացի, գյուղին կհատկացվի նաև այնքան հացահատիկի սերմացու, որը լիովին կբավարարի եղած պահանջարկը», - վստահեցրեց նախարարը:

Նույն խնդիրները բարձրաձայնեցին նաև ավելի քան 1500 հա վարելահողեր մշակող Հոռոմ գյուղի բնակիչները` միաժամանակ անդրադառնալով համայնքի ոռոգման ներքին ցանցի քայքայման պատճառով անջրդի մնացած շուրջ 500 հա հողերի խնդրին: Հարցին լուծում տալու և ցանցը վերականգնելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմի ներկայացուցիչ Կարեն Դադոյանը խոստացավ գյուղն ընդգրկել տալ ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման առաջիկայում իրականացվելիք ծրագրերից մեկում:

Այցելության շրջանակներում հանդիպում-խորհրդակցություն անցկացվեց Ազատանում, որին ներկա էին նաև հարակից համայնքների բնակիչները և ղեկավարները, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: Սերգո Կարապետյանը շեշտեց, որ լուծվել է գյուղատնտեսության վարկավորման խնդիրը: Ի տարբերություն նախորդ տարիների 25 տոկոս դրույքով վարկի, այն այս տարի 14 տոկոս է , որի 4 տոկոսը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը: «Գալիք տարվանից ավելի կնվազեն տոկոսադրույքները, կերկարացվեն վարկերի մարման ժամկետները, կարվի հնարավորը, որպեսզի գյուղացին կարողանա շարունակաբար օգտվել այդ ծառայությունից»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---