Համաշխարհային բանկն աղետների կառավարման ոլորտում պատրաստ է Հայաստանին 500 հազ. դոլար տրամադրել

Համաշխարհային բանկն աղետների կառավարման ոլորտում պատրաստ է Հայաստանին 500 հազ. դոլար տրամադրել

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 20-ին ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` ջրի, աղետների կառավարման և քաղաքաշինական հարցերով տարածաշրջանային տնօրեն Վաել Զակութի ղեկավարությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» նոր ծրագրի հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվեց, որ նոր ծրագիրն ապահովի նախորդի շարունակականությունը: Պատվիրակության ղեկավարը Հայաստանում իրականցվող ծրագիրը հաջողված համարեց` նշելով, որ հետաքրքրված են շարունակել գործընկերությունը` արձանագրված նվաճումները պահպանելու, ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով: Նա նաև հետաքրքիր համարեց Հայաստանի փորձը այլ երկրների համար: Արմեն Գևորգյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանը մտադիր չէ բավարարվել ձեռքբերումներով և վճռական է շարունակել ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքները:

Քննարկվեցին նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության զարգացման և կառավարման հայեցակարգի մշակմանը վերաբերող հարցեր:

Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ աղետների կառավարման ոլորտում ՀԲ-ն Հայաստանին պատրաստակամ է տրամադրել 500 հազ. դոլարի դրամաշնորհային միջոցներ, որոնց ծախսման ուղղությունները ցանկանում են քննարկել հայկական կողմի հետ: Փոխվարչապետն առաջնային համարեց աղետների դեմ պայքարը` առաջին հերթին դրանց կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում կքննարկվեն և կհստակեցվեն այն նպատակներն ու ուղղությունները, որոնց կհատկացվեն միջոցները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---