Խոսե Պիներան Հայաստանի կառավարության անդամներին ներկայացրել է Չիլիում կենսաթոշակային ռեֆորմի արդյունքները

Խոսե Պիներան Հայաստանի կառավարության անդամներին ներկայացրել է Չիլիում կենսաթոշակային ռեֆորմի արդյունքները

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին կառավարությունում հյուրընկալվել էր Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերան, ով Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով:

Խոսե Պինիերայի հետ ունեցած առանձնազրույցից հետո կառավարության ղեկավարը, ողջունելով հանդիպմանը մասնակցող շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին, նշել է. «Չիլիի կենսաթոշակային ռեֆորմի ճարտարապետներից մեկը` Խոսե Պինիերան, Հայաստանում է և կարող է մեզ հետ կիսվել այն փորձով, որ առկա է Չիլիում, կենսաթոշակային ռեֆորմի հիմնական գաղափարներով: Բնականաբար, նա անդրադառնալու է առաջին հերթին այն հարցերին, որոնք այսօր մտահոգում են նաև Հայաստանի Հանրապետության հանրությանը` կենսաթոշակային ռեֆորմի տրամաբանությունը, հավաքագրված միջոցների հուսալիությունը, դրանց եկամտաբերության ապահովման խնդիրները, որպեսզի քաղաքացիները երկարաժամկետ առումով վստահ լինեն, որ իրենց կուտակած փողերը չեն փոշիանա: Մի խոսքով` այն բոլոր հարցերը, որոնք մեզ մոտ խորհրդարանում բուռն քննարկման առարկա էին, բնականաբար, նաև Չիլիում են եղել բուռն քննարկումների առարկա: Բայց այսօր Չիլիի փորձը մեզ հնարավորություն է տալիս, մի կողմից, ավելի լավ հասկանալ, թե ինչ բարդությունների և դժվարությունների են հանդիպում այն մարդիկ, ովքեր այս ռեֆորմն իրականացնում են և Չիլիի փորձից ելնելով` հասկանանք` որոնք են այդ դժվարությունները հաղթահարելու լավագույն ուղիները»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Խոսե Պինիերան նշել է, որ թեպետ առաջին անգամ է Հայաստանում, բայց մշտապես հետաքրքրվել է Հայաստանի պատմությամբ: Նա հայտնել է, որ 2011թ. մայիսի 1-ին Չիլիում նշվել է կենսաթոշակային բարեփոխումների 30-ամյակը` խորհրդանշական համարելով այդ իրադարձությունն աշխատավորի օրը տոնելը: Ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումն ազդում է մյուս բոլոր բարեփոխումների վրա` Խոսե Պինիերան մանրամասներ է ներկայացրել 30 տարի առաջ Չիլիում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների, դրանց իրականացման ընթացքի և կուտակային համակարգին անցման առանձնահատկությունների վերաբերյալ: Որպես իր երկրում իրականացված կենսաթոշակային ռեֆորմի արդյունքներ` նա առանձնացրել է 30 տարվա կտրվածքով Չիլիի քաղաքացիների կուտակած միջոցների անվտանգության ապահովումը, համարժեք եկամտաբերության բարձր մակարդակը, ինչպես նաև Չիլիի կապիտալի շուկայի ընդլայնումը և տնտեսական աճի տեմպերի կրկնապատկումը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցները Չիլիից ժամանած հյուրին հարցեր են ուղղել կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում կուտակված գումարների երաշխիքների և ապահովության, ինչպես նաև հանրային իրազեկման և քաղաքացիների կրթության վերաբերյալ: Ի դեպ, հանդիպման մասնակիցների թվում էր նաև Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարը` իր տեղակալի հետ:

Ամփոփելով հանդիպումը` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել դրա ընթացքի վերաբերյալ և շնորհակալություն հայտնել Խոսե Պինիերային հետաքրքիր ելույթի համար:

Նշենք, որ Հայաստանում արդեն տրվել է կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը: 2011թ. հունվարի 1-ից գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին կամավորության սկզբունքով կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի: 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիրության սկզբունքով գործող կուտակային կենսաթոշակային համակարգը, որի մեջ կընդգրկվեն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:

Խոսե Պինիերան անհատական կապիտալիզացման վրա հիմնված Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիրն է: Նա զբաղեցրել է Չիլիի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի, այնուհետև հանքափորության նախարարի պաշտոնները: Պինիերան ունի Կենսաթոշակային բարեփոխման սեփական միջազգային կենտրոն և աշխարհում հայտնի է որպես Չիլիի անհատական կենսաթոշակային հաջողակ համակարգի ստեղծող, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---