Վարչապետի այցը Մինսկ. ՄՄ, ԵՏՄ, տրակտորներ, ատոմակայան ու $300 մլն վարկ

Վարչապետի այցը Մինսկ. ՄՄ, ԵՏՄ, տրակտորներ, ատոմակայան ու $300 մլն վարկ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչև նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ քննարկումների համար: Լուկաշենկոյի խոսքով՝ հենց ԱՊՀ-ի շրջանակում ձևավորված քաղաքական և տնտեսական համագործակցության հիման վրա է կազմավորվում Եվրասիական տնտեսական միությունը և միասնական տնտեսական տարածքը:

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև` Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:

Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Միխայիլ Մյասնիկովիչը գոհունակություն են հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից: Զրուցակիցները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ:

Վարչապետներ Աբրահամյանը և Մյասնիկովիչն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման և առհասարակ տարբեր ոլորտներում` ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացման հարցերի:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ և գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Ավելի ուշ Մինսկի Անկախության պալատում Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետև ընդլայնված կազմով նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման, տրանսպորտային անվտանգության ապահովման, զինված ուժերի տեղագրա-երկրաբաշխական, նավիգացիոն ապահովման և հումանիտար ականազերծման ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաև` որոշ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ:

Հավանության են արժանացել մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ազգային մարզաձևերի աջակցման ու զարգացման ծրագիրը` 2015-2017 թթ. միջոցառումների ծրագրով, հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության իրականացման, մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում դաբաղ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համալիր միջոցառումների ծրագրերը:

Ի գիտություն է ընդունվել ԱՊՀ մասնակից պետությունների` մինչև 2020 թ. ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի և 2012-2014 թթ. ծրագրի միջոցառումների համալիրի իրականացման ընթացքի, Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի, մշակութային համագործակցության խորհրդի գործունեության, ինչպես նաև ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թ. և 2013 թ. փաստաթղթային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:

Մինսկում կայացել է նաև Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումով ավարտվել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:

ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները, վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից:

«Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, և ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան: Պայմանավորվեցինք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա կայցելի մեր երկիր», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար վերցնել300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», - հավելել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մեդվեդևի հետ քննարկել են նաև առաջիկայում երկկողմ պաշտոնական փոխայցերի կազմակերպման հարցը: «Կցանկանայի ասել, որ մենք շփումներ ենք ունեցել դեռ իմ և պարոն Մեդվեդևի փոխվարչապետ եղած ժամանակ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները հնարավորություն կտան, որպեսզի մեր երկրների կառավարություններն արդյունավետ աշխատեն», - եզրափակել է Հայաստանի վարչապետը:

Երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---