«ԱրմենՏելը» մինչև 2011-ը կթվայնացնի բոլոր երևանյան ԱՀԿ-երը, Օրանժը մինչև տարեվերջ Հայաստանի բնակչության 95 տոկոսին կապահովի ինտերնետով

Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հունիսի 21-28-ի իրադարձությունների ամփոփում

Երևանի ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) թվայնացումը կավարտվի 2011-ի առաջին կեսին: Այդ մասին հունիսի 22-ին հայտնել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Մնացել են ընդամենը մի քանի չթվայնացված կայաններ` 61, 62, 47: Այդ ԱՀԿ թվանյացման միջոցներն արդեն ունենք, հիմա մենք գտնվում ենք թվայնացման աշխատանքների համար պայմանագրեր նախապատրաստելու փուլում»,- ասել է Կլիմկոն: Նա նաև նշել է, որ թվայնացումը երկրում գտնվում է բարձր մակարդակում, իսկ, օրինակ, Շիրակի մարզն ամբողջությամբ թվայնացված է: Ինչպես նշվում է Էլեկտրական կապի միջազգային միության 2009-ի զեկույցում, վերջին տարիներին «ԱրմենՏելը» շուրջ 200 մլն դոլար է ներդրել ողջ երկրում հեռախոսային կայանները նորոգելու համար: Կազմակերպության վերջին տվյալներով Երևանում թվայնացման մակարդակն արդեն կազմում է 90 տոկոս:

PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիան հայտարարեց իր գերարդիական 3G+ ցանցի հզորացման ծավալուն աշխատանքների մասին, որի շնորհիվ շեշտակիորեն բարձրացվել է բաժանորդներին մատուցվող ինտերնետ ծառայությունների որակը: Հունիսի 24-ին մամլո ասուլիսում Orange խմբի Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Օլաֆ Սուանտին ասաց, որ ցանցն այժմ նախապատրաստվում է ինտերնետի նոր հեղափոխության` նոր մոդեմների մեկնարկի համար, որոնք համատեղելի են մինչև 14.4 Մբ/վրկ առավելագույն արագություն ապահովող HSPA տեխնոլոգիաների հետ: Այդ նպատակով իրականացվող ցանցի վերազինումն իրականացվում է Orange-ի ամբողջ ծածկույթում` Հայաստանի բոլոր մարզերում: Այս նոր առաջարկը շուկայում կլինի արդեն այս ամռանը:

«Մենք հիացած ենք Հայաստանում Orange-ի արձանագրած առաջընթացով: Սա ոչ միայն մեր ընկերության, այլ նաև Հայաստանի առաջընթացն է, քանի որ շարժական ծառայությունների այն աննախադեպ բարձր որակի չափանիշները և նորարարությունը, որին ականատես եղանք այսօր այստեղ, ապահովում են Հայաստանի առաջատար դիրքերը ոչ միայն այս տարածաշրջանում, այլ անգամ, կարող եմ ասել, համաշխարհային մակարդակով: Օրանժ Արմենիան մեր խմբի համար նորարարությունների դարբնոց է, որի` անգամ այս կարճ ժամանակահատվածում կուտակած փորձը կարող է հաջողությամբ կիրառվել անգամ ավանդապես գերզարգացած շուկաներում», ասաց խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին:

Այս շաբաթ Օրանժ Արմենիան գործարկեց տվյալների ձայնային փոխանցման HD voice տեխնոլոգիան (բարձր հստակության ձայն) Հայաստանում: Ինչպես հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Եվրոպայի գծով Օրանժ խմբի գործադիր տնօրեն, Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին, Հայաստանն ապրանքանիշի ներկայության 42 երկրներից երկրորդն է (Մոլդովայից հետո), որտեղ գործարկվեց այդ տեխնոլոգիան: Հայաստանում տեխնոլոգիայի հաջող կիրառությունից հետո մենք ծրագրում ենք HD voice-ը գործարկել Բելգիայում, Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայի այլ երկրներում»,- ասել է Օլաֆ Սուանտին: Ընկերությունը ներկայացրեց նաև HD ձայնի հնարավորություն ունեցող Nokia 6720 Classic հեռախոսը, որն արդեն Հայաստանում է և 125 հազ. դրամ արժեքով վաճառքում է Orange-ի խանութներում: Հետագայում Օրանժ Արմենիան ծրագրում է վաճառքի հանել նաև HD Voice հնարավորություն ունեցող հեռախոսների այլ մոդելներ: Եթե ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD ձայնով հեռախոսազանգն իրականացվում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ մարդկային ձայնի և շրջապատող աշխարհի բոլոր նրբերանգները լսելի են դառնում: Ձայնի բարձր որակի ցուցադրման համար Օրանժ Արմենիան առաջին անգամ կազմակերպել էր Կոմիտասի«Լորիկ» և «Շողեր ջան» ստեղծագործությունների կարատումը Վահե Բրուտյանի կողմից թավջութակով:

Հայաստանի ուսումնական հաստատությունները Ինտերնետի միջոցով մուտք կստանան ռուսական գրադարանների ռեսուրսներին: Այդ մասին հունիսի 22-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ուսումնական տարվա սկզբին մենք Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններին մուտք կտրամադրենք Ռուսաստանի մի շարք լուրջ գրադարաններ: Աշխատանքն ավարտական փուլում է, ավարտվել են բանակցությունները բազմաթիվ ռուսական գիտական գրադարանների հետ»,- ասել է Իգոր Կլիմկոն: ՀՀ կրթական հաստատություններին հնարավորություն է ընձեռվում օգտվել Hi-Line ծառայությունից առանց միացման վճարի: ADSL մոդեմը նույնպես կտրամադրվի անվճար: Hi-Line Unlimited 256/64, 512/128 և 1024/256 անսահմանափակ սակագնային փաթեթների ամսավճարը համապատասխանաբար կազմում է 3900, 6000 և 7500 դրամ:

Ընկերությունը կրթական հաստատություններին առաջարկում է օգտվել արտոնյալ պայմաններից 12 ամիս և ավել ժամանակահատվածով: Պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում կրթական հաստատությունը կվճարի միայն մոդեմի արժեքը: Արտոնյալ և շուկայում գործող գների տարբերությունը, ինչպես նաև միացման վճարը ընկերության կողմից ետ չի գանձվի:

ՀՀ նախագահը մրցանակ է շնորհել Ինտել կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին «ՏՏ ոլորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար»: «Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին և գնահատում Ինտել կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ և միջոցներ», - ասել է նախագահը:

Քրեյգ Բարեթը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնման կազմակերպիչներին և ՀՀ նախագահին և նշել, որ ներկայացնում է հազարավոր մարդկանց, ովքեր տասնամյակների ընթացքում մեծ նպաստն են բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հարցում: Քրեյգ Բարեթի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաներն էապես ազդում են տնտեսական զարգացման, կրթության, առողջապական ոլորտների վրա:

Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: Մրցանակի հանձնման հովանավորներն են Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Մեդալը պատրաստված է ոսկուց և ադամանդակուռ է: Մեդալի ձևավորման հեղինակն է Վալերի Ռիկերդը, որն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---