Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում կատարվել է Ս. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը

Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում կատարվել է Ս. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը

PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում մարտի 20-ին, թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ, կատարվել է Ս. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը: Ինչպես հաղորդում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգից, Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ Արցախի թեմի և Զինված ուժերի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացել են և ապա սրբալույս մյուռոնով օծել տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվել են նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում:

Եկեղեցին կառուցվում է ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Մանուշակ Տիտանյանն է:

Արցախի թեմի առաջնորդը կարևորել է այն սերտ համագործակցությունը, որ դարերի ընթացքում դրսևորել են հայ հոգևորականն ու հայ զինվորականը, և որի հերթական վկայություններից է նաև Ս. Գևորգ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը: Սրբազանը նշել է, որ Արցախի թեմի հերթական եկեղեցին կարող է ծառայել ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլ նաև մոտակա զորամասերի զինվորյալ հայորդիների հոգևոր կարիքների բավարարմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---