«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները վիճել են գյուղացիների հետ. Կան տուժածներ

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները վիճել են գյուղացիների հետ. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ի երեկոյան «Թեղուտ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել վիճաբանություն` ՓԲԸ աշխատակիցների ու գյուղացիների միջև: Ականատեսները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Vallex-ի անվտանգության աշխատակիցները ոչ միայն խմած վիճակում ծեծկռտուք են սարքել Թեղուտում, այլև «օգնության» են կանչել Ալավերդուց կառատեիստների: 20 հոգին` ընդդեմ 6 հոգու: Արդյունքում երկու երիտասարդներ ստացել են վնասվածքներ, և ևս մեկը ծանր ոտքի կոտրվածքներով հիվանդանոցում է»:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Թեղուտ» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել:

«Կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս անցանկալի միջադեպ է տեղի ունեցել, որին ներգրավված են եղել «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ: Միջադեպը հրահրողները եղել են ոգելից խմիչքների ազդեցության տակ: Միջադեպի արդյունքում որոշ անձիք (այդ թվում՝ «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշված է «Վալլեքս» խմբի պաշտոնական կայքում:

Միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի տարածքային բաժնում նյութեր են նախապատրաստվում, ուստի մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով միջադեպի հանգամանքների պարզաբանումը ընկերության ներկայացուցիչները ձեռնպահ են մնում այդ կապակցությամբ մեկնաբանություններ անելուց ու գնահատականներ տալուց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---