Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ միաբան սարկավագներ քահանայական օծում ստացան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ միաբան սարկավագներ քահանայական օծում ստացան

PanARMENIAN.Net - Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Ս. Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ քահանայական օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ միաբան սարկավագներ:

Սուրբ Պատարագին Արտակ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Ս. Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ:

Անդրադառնալով քահանայական կոչմանը` Արտակ Սրբազանը նշեց. «Իր գործնականությամբ քահանայությունը երկու ծայրեր ունի` մեկն Աստուծո, երկրորդը ժողովրդի: Առաջինը պարզ և հասարակ գործ չէ, երկրորդը` մարդկության ծառայելը ևս դյուրին չէ:

Այս երկուսը բարի մարդկանց առաքելություն է, որովհետև Աստված բարի է, ուրեմն իր անունով ծառայողները պետք է բարի լինեն»:

Իր հայրական պատգամի մեջ Նորին Սրբությունն ընդգծեց, որ յոթ սարկավագների հանձն առած հոգևոր սպասավորությունը պատասխանատու և պատվաբեր ծառայություն է: Վեհափառ Հայրապետը նշեց, որ ցանկանում է տեսնել եկեղեցականներ, ովքեր նվիրում ունեն և ծառայությունը չեն ընկալում որպես պաշտոն, այլ` կոչում և առաքելություն, այնպիսի սպասավորներ, ովքեր լինելով Աստծու խոսքի անդուլ քարոզիչներ, անմնացորդաբար կնվիրվեն իրենց ծառայությանն ու ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քառասնօրյա պատրաստության և աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---