Չեխիայի հայերը երթի են դուրս եկել «Թուրքիա. արյունոտ անցյալ, մեղավոր ներկա» կարգախոսով

Չեխիայի հայերը երթի են դուրս եկել «Թուրքիա. արյունոտ անցյալ, մեղավոր ներկա» կարգախոսով

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ: Այն սկսվել էր Հանրապետության հրապարակից, կենտրոնական փողոցներով ընթացել դեպի Հին Քաղաքի հրապարակ և ամփոփվել Սուրբ Յեղիայի եկեղեցու մոտ: Ցույցն անց է կացվել «Թուրքիա. արյունոտ անցյալ, մեղավոր ներկա», «Հայոց ցեղասպանություն. պատիժ և հատուցում», «Թուրքիայի ժխտողականությունը հեռանկար չունի» և այլ կարգախոսների ներքո:

Հանրահավաք-երթին մասնակցել են շուրջ 200 չեխահայեր և չեխ համակիրներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, այնուհետև Սուրբ Յեղիայի եկեղեցում սկսվել է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Չեխիայի Պառլամենտի սենատորներ, ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցներ, Պրահայում հավատարմագրված մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ անդամներ: Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցել է ժամերգություն և կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգը: Ելույթներ են ունեցել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և «Արմենիա քլաբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը, ընթերցվել են Պրահայի Արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի և Պառլամենտի սենատոր Յարոմիր Շտետինայի ուղերձները: Ձեռնարկի ավարտին Կոմիտասի և Եկմալյանի ստեղծագործություններով հանդես է եկել Պրահայի Կարլով համալսարանի երգչախումբը` դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ:

Ձեռնարկի ավարտից հետո դրա մասնակիցները տեղափոխվել են հարևանությամբ գտնվող Մարիամ և Հրայր Ղարիբյանների GH ցուցասրահը, ուր դեսպանի և հայր Բարսեղ Փիլավչյանի մասնակցությամբ կատարվել է չեխ անվանի նկարիչ Իրժի Նոսեկի հայաստանյան նկարների շարքի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացումը: Արարողությանը ներկա է եղել նկարչի այրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---