Frankfurter Allgemeine Zeitung-ը «Վերֆելը և հայերը» թեմայով հավելված է պատրաստել 28-29-ի թողարկման համար

Frankfurter Allgemeine Zeitung-ը «Վերֆելը և հայերը» թեմայով հավելված է պատրաստել 28-29-ի թողարկման համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին և 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, կիրակի օրը` ապրիլի 22-ի կեսօրին, Վիեննայի 3-րդ թաղամասում գտնվող հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Պատարագը մատուցեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Պատարագից հետո վիեննահայությունը, հիմնականում հայկական երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ովքեր ներկայացնում էին Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայ ուսանողների միությունը, Սպորտային միությունը, Եկեղեցական խորհուրդի շուրջը համախմբված երիտասարդներ, համայնքի տարեց և հեղինակավոր անդամների ուղեկցությամբ սգո երթ կազմակերպեցին դեպի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի տաճար: Տաճարի հարակից հրապարակում սգո թափորի մասնակիցներն անցորդներին բաժանեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական նյութեր, պաստառներ, հնչեցրեցին հայրենասիրական երգեր:

Երեքշաբթի օրը` ապրիլի 24-ի առավոտյան, Վիեննայում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց սգո պատարագ` ի ոգեկոչում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի: Պատարագը մատուցեց Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Ներկա էին Ավստրիայի հասարակայնության, հայ համայնքային կազմակերպությունների, Մխիթարյան Միաբանության, ավստրիական և գերմանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ դեսպանության և Վիեննայում հավատարմագրված հայաստանյան առաքելությունների անձնակազմը:

Պատարագի ավարտին` միջօրեին, ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նույն օրը հիշատակի միջոցառումներին մասնակցող հայ, ավստրիացի և Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնում գտնվող Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին:

Ֆրանց Վերֆելի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Künstlerhauskino-յում տեղի ունեցավ գերմանացի կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի` 2010-ին նկարահանած «ԱՂԵՏ» /Ցեղասպանություն/ փաստագրական-վավերագրական ֆիլմի նախադիտում-պրեմիերան Ավստրիայում: Ֆիլմի ցուցադրության կազմակերպիչներն էին Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական վարչությունը և Վիեննայի Künstlerhauskino-ի տնօրինությունը: Պաշտոնական հովանավորն էր Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ցեղասպանության տարելիցի շրջանակներում կինոսրահում ներկա ավելի քան 300-հոգանոց հանդիսատեսի առաջ (ավստրիացի բարձրաստիճան հյուրեր, Վիեննայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայկական միությունների անդամներ) բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ազենբաուերը, որից հետո խոսք վերցրեց միջոցառումը վարող, Ավստրիայի առաջատար ORF հանրային հեռուստա-ռադիոալիքի լրագրող, հրապարակախոս, «Լրագրողներ առանց սահմանների» միության ավստրիական բաժանմունքի վարիչ Ռուբինա Մյոհրինգը, ով ներկայացրեց ֆիլմի ստեղծման նախապատմությունը: Այնուհետև Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ ունեցավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետևանքների հետևողական հաղթահարման, արդարության վերականգնման և Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման խնդիրներին:

Դեսպան Արման Կիրակոսյանը և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը հարցազրույց տվեցին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթին, ով «Վերֆելը և հայերը» թեմայով հավելված է պատրաստել իր ներկայացրած օրաթերթի ապրիլի 28-29-ին լույս ընծայվելիք թողարկման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---