Հայաստանում ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ

Հայաստանում ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ

PanARMENIAN.Net - Հայաստանում ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Երևանում մեկնարկած «Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. իրականություն և հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովի ընթացքում:

«Սոցիալական ծառայողը պետք է կարողանա բացահայտել այդ ընտանիքին հուզող հիմնախնդիրները և առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք նրա համար օգտակիր կլինեն: Հասկանալի է, որ այս որակական փոփոխությունը կարիք ունի մանրակրկիտ քննարկման: Այդ առումով, սոցիալական ոլորտում միջազգային փորձի փոխանակումը մեզ համար ունի առարկայական նշանակություն»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պետության կողմից սոցիալական ծառայությունների մատուցումը, որովհետև ՀՀ-ում այսօր առկա 120 հազար սոցիալապես խոցելի ընտանիքներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

Տիգրան Սարգսյանը կարևորել է սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը և նշել, որ սոցիալական ծառայողների վերապատրաստման խնդիրները մոտակա տարիներին կառավարության համար լինելու է արդիական խնդիր: Կառավարության ղեկավարի կարծիքով` սոցիալական անհավասարություն ծնող պատճառները բազմազան են, սակայն առաջին հերթին դա պայմանավորված է որակյալ կրթության անհասանելիությամբ և աշխատատեղերի բացակայությամբ:

«Պետության առաջնային խնդիրն է սոցիալապես խոցելի խավերի համար որակյալ կրթությունը հասանելի դարձնելը և այդ ընտանիքների անդամներին վերապատրաստման ծրագրերով համապատասխան աշխատատեղերի առաջարկումը»,- ասել է վարչապետը:

Երևանի պետական և մանկավարժական համալսարանները ներկայում պատրաստում են սոցիալական ծառայողներ և, Տիգրան Սարգսյանի խոսքով, անհրաժեշտություն կա արդիականացնելու դասավանդումը` միաժամանակ հաշվի առնելով միջազգային փորձը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---