2 մայիսի 2012 - 14:53 AMT
Ֆ. Չարչօղլյան. Հայաստանը պատրաստ է զարգացնել Քուվեյթի հետ միջխորհրդարանական հարաբերությունները

Ապրիլի 30-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ահմադ աբդ ալ-Ազիզ ալ-Սաադունն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական ոլորտում պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը նոր հիմքերի վրա կդնի երկու երկրների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների հետագա խորացումն ու իրատեսական արդյունքների արձանագրումը: Այս կապակցությամբ Քուվեյթում ՀՀ դեսպանը կարևորել է Ահմադ ալ-Սաադունի այցը Հայաստան, նշելով, որ այն նոր էջ կբացի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության պատմության մեջ:

Քուվեյթում ՀՀ դեսպանը լուսաբանել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, անդրադարձել մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր հերթին ողջունել է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը բանակցային ճանապարհով հասնելու հայկական կողմի ջանքերը` նշելով, որ Քուվեյթի Պետությունը մշտապես կողմ է եղել հարցի խաղաղ կարգավորմանը: